Իրանահայութիւնը եւ «քաղաքացիական հռչակագիրը»…

36ed29ba3efd281ca96d718c1541a169_MԱզգային, կրօնական համայնքների ու փոքրամասնութիւնների մտահոգութեան, հետաքրքրութեան եւ շահագրգռութեան մշտական առարկայ է հանդիսացել երկրի Հիմնական օրէնքում (Սահմանադրական օրէնք) սեփական իրաւունքների յարգումն ու կենսագործումը եւ դրանց համարժէք՝ օրինաստեղծ դրոյթների կիրառումը՝ օրէնսդրական-կառավարական համակարգում:

Վերոգրեալ համայնքներն ու փոքրամասնութիւնները սեփականից բացի՝ նաեւ նախանձախնդիր են համընդհանուրի, այսինքն՝ ողջ հասարակայնութեան իրաւունքների արդարացի կենսագործունէութեանը՝ քաջ գիտակցելով, որ համընդհանուր հասարակական ու ազգային շահերի ապահովմամբ՝ երաշխաւորւելու է նաեւ մասնակիի, այն է՝ փոքրամասնութիւնների թէեւ առանձնայատուկ, բայց անժխտելի իրաւունքների յարգումն ու կիրառումը:

Թէեւ սոյն հաստատումները որպէս ծրագիր-գաղափար բանաձեււած-ամրագրւած են երկրի Սահմանադրական օրէնքներում, բայցեւայնպէս՝ դրանք կենսագործելու միջոցներն ու մեխանիզմները միշտ չէ, որ արդիւնաւորւել են ցանկալիի տեսքով կամ՝ այսպէս ասած՝ խօսքը գործի վերածելու ընթացակարգը աշխատել է թերի, ուստիեւ՝ անհրաժեշտաբար նոր միջոցներ-մեխանիզմների կիրառման խնդիր է առաջացել:

Նախագահ Ռոհանին դեռեւս իր նախընտրական ծրագրում է բարձրաձայնել նմանատիպ մեխանիզմի մասին, որը յայտնի է «Քաղաքացիական իրաւունքի հռչակագիր» (հայեցակարգ) անւամբ:

Սրանից շուրջ երկու շաբաթ առաջ եւս նոյն փոքրամասնութիւնների խորհրդարանական պատգամաւորների հետ տեսակցելիս՝ նախագահը մօտալուտ էր համարում տւեալ հայեցակարգի կազմութիւնն ու մշակումը, որն ինքնին ապացուցում էր սոյն հանգամանքի կարեւորութիւնը, մասնաւորապէս կրօնական համայնքների ու փոքրամասնութիւնների համար:

Ահաւասիկ, նախագահի խօսքը գործի է վերածւել եւ Իրանի հասարակայնութիւնը եւ քաղաքացիական բոլոր խաւերի ներկայացուցիչները իրենց տրամադրութեան տակ ունեն խնդրոյ առարկայ փաստաթուղթը, որը հետագայ փուլերում պէտք է կեանքի կոչւի ու կենսագործւի յօգուտ երկրում քաղաքացիական հասարակայնութեան արդարացի ձեւաւորման ու կայացման:

Ինչ վերաբերում է մեզ որպէս «փոքրամասնականներ», պէտք է ասել, որ վերոգրեալ նպատակակէտին հասնելու համար՝ մեր զոյգ պատգամաւորները իրանահայ հինաւուրց համայնքի ողջ խաւերի ու ժողովրդականութեան անունից թէ՛ նախագահական նախընտրական շրջանում, եւ թէ՛ վերջին հանդիպման ընթացքում վերահաստատեցին հայութեան պահանջներն ու իրաւունքների ի կատար ածումը՝ թէ՛ համերկրային-ազգային, եւ թէ՛ հասարակական-համայնքային մակարդակում:

Վերջում յատկանշելի է, որ մենք՝ որպէս լրատւամիջոց, արդէն իսկ «Քաղաքացիական իրաւունքի հռչակագրի» վերաբերեալ եւ նրանում առկայ ու մասնաւորապէս մեզ առնչակից դրոյթների մասին լուսաբանական եւ մեկնաբանական բաժին ենք յատկացնելու (յատկապէս «Ալիք»-ի պարսկերէն «յաւելւածում»), որտեղ մեր համայնքի իրաւաբանական մտաւորական ու փորձագիտական խաւերի ներկայացուցիչների տեսակէտ-առաջադրանքներով կը փորձենք նախ՝ պարզաբանում-յստակութիւններ մտցնել հռչակագրի համապատասխան կէտ-դրոյթների ուղղութեամբ ճշգրիտ պատկերացումներ կազմելու համար եւ ապա՝ որպէսզի մեր ընթերցողներն էլ անմասն չմնան իրենց վերապահւած քաղաքացիական իրաւունքների քննարկման-կենսագործման մէջ դերակատարութիւնից ու ներգրաււածութիւնից:

alikonline.ir

Տպել Տպել