Այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է մեկտեղվեն պետական, քաղաքական ու հասարակական շահերը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն Արցախի Հանրապետությունում իշխանության մաս է կազմում ևս երկու քաղաքական ուժերի՝ ՙԱզատ Հայրենիքի՚ և ՙԱրցախի Ժողովրդավարական կուսակցության՚ հետ միասին։ ՀՅԴ Արցախի կառույցն ամենատարբեր առիթներով հայտարարել է, որ Արցախում Դաշնակցությունն իշխանության մաս կազմելով՝ կրում է իշխանության մեջ գտնվելու պատասխանատվության իր չափը։

Անշուշտ, առաջին հերթին կրում է քաղաքական պատասխանատվություն։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գործունեության երկամյա շրջանի ավարտին կառույցի ղեկավար Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը ծավալվեց կուսակցության արտաքին քաղաքական ուղեգծի, Հայ Դատի հանձնախմբերի հայրենանվեր գործունեության, ինչպես նաև մեր հանրապետությունում առկա հիմնահարցերի շուրջ։

Հայ Դատի հանձնախմբերի՝ արտաքին ճակատում տարվող աշխատանքն արժևորելիս Դ. Իշխանյանը մատնանշում է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը։ Նման գրասենյակ Եվրոպայում ունենալու որոշումը՝ դաշնակցության կառույցային աշխատանքը կազմակերպելու տեսանկյունից դրական պտուղներ է տվել։ Հարկ է շեշտել Արցախի Հանրապետության նախագահի վերջերս Եվրոպա կատարած այցը, որի շրջանակներում տեղի ունեցած քաղաքական հանդիպումները, ձեռքբերված պայմանավորվածություններն ու արդյունավետ աշխատանքն անչափ կարևոր են՝ հեռանկարային համագործակցության առումով։ Եվրոպական գրասենյակի գործունեությունը բոլոր ուղղություններով ակնառու է։

Իր ծանրակշիռ դերակատարությունն ունի Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Անցյալ տարվա դեկտեմբերին ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Վաշինգտոն, այնտեղ կազմակերպված հանդիպումներն ու միջոցառումները Հայ Դատի գրասենյակի և Արցախի ներկայացուցչության նախապատրաստական աշխատանքի արդյունք էին։

Միջին Արևելքում կարևոր օղակ է Լիբանանի Հայ Դատի գրասենյակը։ Վերջինս՝ որպես ակտիվ գործող կառույց, իր ավանդն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համահայկական գործընթացներում։ Մոսկվայի գրասենյակը չնայած Հայ Դատի անունով չի գործում, այդուհանդերձ, նրա ազգանպաստ աշխատանքը նույնպես գնահատանքի է արժանի։

Աշխարհաքաղաքական մերօրյա իրողությունների համապատկերին, երբ նոր հնչողություն են ստանում մեր ազգային արժեքների պահպանման ու զարգացման, Արցախի պետականության ճանաչման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հետ կապված խնդիրները, հատուկ կարևորություն են ստանում Հայ հեղափոխական դաշնակցության դերը և նրա քաղաքական ներկա օրակարգը, ասաց Դ. Իշխանյանը։ Հարկ է ճշգրտել քայլերի ուղղությունները՝ ապավինելով սեփական ուժերին, արտաքին աշխարհում բարձրացնելով հայկական գործոնի նշանակությունը։

Ի՞նչ կարծիքի է ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարը նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին՚ օրինագծի շուրջ ծավալված քննարկումների մասին, ինչի արդյունքում ՀՅԴ խմբակցությունն օրինագծին կողմ քվեարկեց ՙԺառանգության՚ հետ միասին։ ՙԴաշնակցությունն այլ կերպ քվեարկել չէր կարող,- շեշտեց մեր զրուցակիցը։- Բայց արդյո՞ք այն պահն է, երբ կարելի է ճանաչման մասին օրինագիծը Հայաստանի խորհրդարանի օրակարգային հարց դարձնել։ Վերջին տարիներին կուսակցությունը, որպես ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման առաջին քայլ, առաջարկում էր երկու հայկական հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքում, որի ուղղությամբ Հայաստանի իշխանությունները նախաձեռնեցին որոշակի միջոցներ։ Նկատի ունեմ 2008թ. աշնանը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության այցն Արցախ և գործնական քննարկումները մեր խորհրդարանում։ Այդ գործընթացը, ցավոք, մնաց կիսատ։

Իմ համոզմամբ՝ այսօր չկան քաղաքական այն նախադրյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՀՀ Ազգային ժողովում այդ հարցի քննարկման համար՚։

Խոսելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մասին՝ կուսակցական գործիչը վկայակոչեց մի շարք ծրագրեր, որոնք արդեն իրագործման փուլում են։ Դրանց շարքում ընդգծվեց Լիբանանում ծնունդ առած մոդելը, որն իրագործվում է ՙԱրի՚ կազմակերպության միջոցով։ Սա այն միջուկն է, որի շուրջ կհամախմբվեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու արարող հայ գործարարներն՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից։ Մեր հայրենակիցներին իրար կողքի է կանգնեցրել անկախ պետականությունը զարգացնող Արցախում ներդրումներ կատարելու գաղափարը, ընդ որում նպատակը ոչ թե մեծ շահույթներ ստանալն է, այլ հայրենիքին օգտակար լինելու ձգտումը, մասնավորապես՝ վերաբնակեցվող շրջաններում բնակչության համար կյանքի նորմալ պայմանների ստեղծմանն օժանդակելը։

միտեի ներկայացուցիչը նշում է երկրի անվտանգությունը։ Ազգային անվտանգության ռազմավարությունը պահանջում է նպատակասլաց պայքար բնակչության արտագաղթի դեմ։ Գաղտնիք չէ, որ վտանգավոր երևույթն այսօր իր վրա է սևեռել հայ հանրության ուշադրությունը։

Պատասխանելով մեր հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Դաշնակցությունն այսօրվա մարտահրավերներին՝ գործազրկությանը, արտագաղթին, սոցիալական ծանր կացությանը դիմակայելու նպատակով, Դ. Իշխանյանն ասաց, որ իրավիճակը մտահոգիչ է։ Վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցն իշխանության տարբեր օղակների հետ այդ հարցի շուրջ քննարկումներ է ծավալել։ Նման պարագայում հրամայական է դառնում իրավիճակի հաղթահարմանը միտված քայլերի որոնումը։ Բոլոր դժվարությունները հնարավոր է հաղթահարել, եթե մեկտեղվեն պետական, քաղաքական ու հասարակական ուժերը։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ միջազգային հանրության շրջանում տարվող աշխատանքին՝ Դ. Իշխանյանը նշեց, որ 2011թ. կուսակցության վերջին ընդհանուր ժողովից հետո ընդունված բանաձևի կետերից մեկը ճանաչման գործընթացին նոր թափ և նոր լիցք հաղորդելն է։ Այս առումով նկատելի է վերջին 2-3 տարիներին Սփյուռքում կուսակցության համապատասխան կառույցների և մասնավորապես Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացված աշխատանքների արդյունքը։ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, նահանգի օրենսդիր մարմնի պատգամավորներից կազմված պատվիրակության այցն Արցախ՝ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ և հետագա համագործակցության շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններն ասվածի վկայությունն են։ Նույնը վերաբերում է ԱՄՆ չորս նահանգների կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ինչպես նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ փոխգործակցության խորացմանն ուղղված պայմանավորվածություններին։ Քաղաքական առումով հիշարժան իրադարձություն էր Կալիֆոռնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի միացյալ պատվիրակության այցը մեր հանրապետություն, որում անժխտելի է Ուրուգվայում գործող դաշնակցական կառույցների դերը։

ՙԱյդ ամենը, բնականաբար, վկայում է կուսակցության որդեգրած քաղաքական ուղեգծի մասին,-հավելեց դաշնակցական գործիչը,- և այդ ամենի մեջ կուզենայի հատուկ ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ Արցախի ղեկավարության հետ ՀՅԴ-ն աշխատում է փոխըմբռնման ու փոխվստահության մթնոլորտում՚։

ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդրի առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, որ Դաշնակցությունը՝ որպես ազգային ավանդական կուսակցություն, շարունակելու է հավատարիմ մնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում իր որդեգրած սկզբունքներին։ Արցախի Հանրապետությունն այդ բանակցություններում պետք է հանդես գա որպես լիիրավ բանակցային կողմ։ Եվ չնայած ակնհայտ են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի պատճառները, այդուհանդերձ, Դ. Իշխանյանի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները պետք է շարունակվեն մինչև հիմնախնդրի տրամաբանական հանգուցալուծումը։ Եվ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության հիմնախնդրի որևէ լուծում չի կարող պարտադրվել Արցախի իշխանություններին ու ժողովրդին։

Դաշնակցությունը գտնում է, որ բանակցային գործընթացում հայկական կողմը մշտապես պետք է արծարծի հակառակորդի կողմից օկուպացված տարածքների՝ Շահումյանի, Գետաշենի խնդիրը, դրանք պահելով բանակցությունների օրակարգում։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
aparaj.am

20/11/2013

Տպել Տպել