Պատգամավորները ՍԴ-ում միջնորդություն կներկայացնեն`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը կասեցնելու մասին

ԱրծվիկԱյսօր, դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով հինգերորդ գումարման խորհրդարանի չորրորդ նստաշրջանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առավելապես խոսեց «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» մասնաբաժնի վաճառքից, ասաց, որ այդ գործարքում բազմաթիվ լուրջ հարցեր դեռ անպատասխան են, եւ, որ կառավարությունը դեռ պիտի տա այն հարցերի պատասխանները, թե որտեղի՞ց է գոյացել այդ պարտքը, ինչո՞ւ պատգամավորներն ու հասարակությունը տեղյակ չէին այդ պարտքից, համարժե՞ք էր գործարքը, ի վերջո, հանրության համար արդյունքում գազը կէժանանա՞, թե՞ ոչ:

Անդրադառնալով 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում իրենք դիմումը կներկայացնեն Սահմանադրական դատարան, և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ ՍԴ-ում կունենանք, իր սպասելիքներով, արդյունավետ քննարկում։ ՀՅԴ պատգամավորն ասաց, որ իրենք ՍԴ ներկայացնելու են նաև միջնորդություն՝ օրենքի գործարկումը կասեցնելու վերաբերյալ:

Միջնորդության բավարարման դեպքում ՍԴ-ում այս հարցի շուրջ քննարկումները կարող են տեղափոխվել նաև հաջորդ տարի։ Դաշնակցական պատգամավորը կարծիք հայտնեց, որ կառավարությունը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելով Ազգային ժողով, ապացուցեց, որ ինքն էլ պատրաստ չէ այս համակարգի ներդրմանը ու համաձայնեց լրագրողների այն հարց-դիտարկումների հետ, որ միգուցե այդպիսով կառավարությունն ակնկալում է համակարգի կիրառման հետաձգում։

Անրադառնալով Դավութօղլուի` դեկտեմբերի 12-ին Հայաստան կատարելիք այցին, Արծվիկ Մինասյանը ասաց.
«Կասկածում եմ, որ առաջընթաց կլինի: Եթե հետևենք պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ապա Թուրքիան նախապայմանների լեզվով խոսելու ոճից հետնահանջ չի արձանագրել`սկսած ԼՂ հարցում իր ակտիվ դերակատարումով, վերջացրած Ցեղասպանության ժխտումով: Դաշնակցությունը գտնում է, որ պետք է օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի պարտադրվի Թուրքիային, որ առանց նախապայմանների համակարգը գործի ամբողջությամբ, այլ ոչ ձևական: Այցի մեջ կա քաղաքական ենթատեքստ` իբրև Թուրքիան պատրաստ է հարաբերվելու իր հարևանների հետ, բայց մենք տեսնում ենք, որ դեռ խոսում են նախապայմանների լեզվով»,- նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ պաշտոնական Երևանը գիտակցեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չէին համապատասխանում մեր երկրի ռազմավարական նպատակներին:

Ըստ նրա` եթե Հայաստանը հետ չքաշվի արձանագրություններից, Թուրքիան կարող է խաղալ դրա հետ: «Ցավոք, մենք նաև գաղափարական հենք չունենք, դա է պատճառը, որ մեկ ուղղվում ենք դեպի ԵՄ, մեկ էլ` դեպի Մաքսային միություն»,- ասաց պատգամավորը:

Թե ինչո՞ւ Հայաստանը ետ չի քաշվում այդ արձանագրություններից, Մինասյանը չգիտի, խորհուրդ տվեց հարցնել իշխանություններին:

Ինչ վերաբերում է Պուտինի այցին, ըստ Արծվիկ Մինասյանի, տնտեսական ու ռազմական անվտանգության առումով, մի շարք համաձայնագրերի խնդիր պետք է լուծեր, նաև պետք է ցույց տար տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Մինասյանը գնահատում Պուտինի այցի օրը ոստիկանության գործողությունները, և ինչո՞ւ Դաշնակցությունը չի մասնակցել բողոքի ակցիաներին:

«Յուրաքանչյուրի իրավունքն է մասնակցել բողոքի ակցիաներին: Իբրև Դաշնակցություն` չենք արել այդ ակցիաները` քաջ գիտակցելով, որ Պուտինի այցը կապվում է Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրերի հետ: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, եթե համեմատելու լինենք այլ երկրների ոստիկանության հետ, մեր ոստիկանությունը ավելի քաղաքակիրթ է գործել: Բայց դա չի նշանակում, որ բոլոր ոստիկաններն են համաչափ գործել: Ինձ անհասկանալի է փոքրաթիվ քաղաքացիների դիմաց մեծաթիվ ոստիկանների ներկայությունը` քաղաքացիական կարգուկանոնի պահպանման անվան տակ: Օրինակ` ՏՏ ոլորտի քաղաքացիները բարձր ինտելեկտուալ մարդիկ են, նրանցից որևէ ագրեսիվ պահվածք չի սպասվում, բայց ոստիկանները նրանցից շատ են հավաքվում բողոքի ակցիաների ժամանակ: Դա անհասկանալի է»,- ասաց Մինասյանը:

Տպել Տպել