Վատ չէր լինի, որ ԼՂ հարցով Հայաստան-Թուրքիա ճանապարհային քարտեզ լիներ

kiroԻ՞նչ կարելի է սպասել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի’ Հայաստան կայանալիք այցից, ոչինչ: Այսօր, դեկտեմբերի 11-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պարզաբանելով, որ այս այցն իրականում ոչ թե այց է Երեւան, այլ պարզապես Երեւանում կայանալիք ժողովին մասնակցություն:

Թուրքիան, ըստ Մանոյանի, բավական հաջող ձեւով, ինչ-որ տեղ նաեւ հայկական լրատվամիջոցների «մեղսակցությամբ» հաջողեցրեց տպավորություն ստեղծել, թե սա, կարծես, Երեւան պաշտոնական այց լինի, եւ ինչ-որ բան պետք է ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում:

«Թուրքիան այս ընթացքում իր կեցվածքը չի փոխել, սրանից առաջ էլ: Եթե անպայման հանդիպման անհրաժեշտություն լիներ, կար հնարավորություն, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում լիներ: Դա չի եղել»,- ասաց նա` նշելով, թե մենք նման ապատեղեկատվություն շարունակելու ենք տեսնել առնվազն մինչեւ 2015 թվականը: Որովետեւ Թուրքիան ուզում է տպավորություն ստեղծել, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի ու հայության հետ: Ըստ Մանոյանի` առնվազն Հայաստանի հետ,նման գործընթաց չկա, հայության հետ էլ նման գործընթաց չկա, բայց ոմանք կարող են ՀԿ-ների կողմից իրականացվող որոշ քայլեր մեկնաբանել որպես այդպիսիք:

Նա նշեց, նաեւ, որ թեեւ թուրքական մամուլում շատ են շրջանառվում արցախյան ազատագրված տարածքներին վերաբերող հարցերը, սակայն դրանց չի կարել լուրջ վերաբերվել հենց այն պատճառով, որ գրված են թուրքական մամուլում. դրանք ավելի շուտ սադրանք ու ապատեղեկատվություն են:

Թե Դավութօղլուն ո՞ւմ ձեռքը կսեղմի Հայաստանում, եւ ով կդիմավորի նրան, ըստ բանախոսի` ինչքանով տեղյակ է, երկկողմանի հանդիպումներ նախատեսված չեն Հայաստանի ներկայացուցիչների հետ, դրա համար ում ձեռքն ուզում է, թող սեղմի:

Հայկական մամուլում ինչ-որ ճանապարհային քարտեզի մասին լուրերի կապակցությամբ էլ նա նշեց, թե դա էլ «Առավոտի» հնարքն էր’ փորձել անել այն, ինչ թուրքերը փորձում են իրենց մամուլում անել, որը, սակայն, պաշտոնապես հերքվեց ՀՀ արտգործնախարարության կողմից: Նման ճանապարհային քարտեզը, շեշտեց Կիրո Մանոյանը, ամեն դեպքում վատ չէր լինի: «Այսինքն` որ Հայաստանը ասած լինի Թուրքիային’ նախ` Ցեղասպանությունը ճանաչի’ր, հարաբերությունները հաստատի’ր, շրջափակումը հանի’ր, վերջում էլ արի’, նստի’ր, տեսնենք` ինչ կարող ես անել Ղարաբաղի հարցում’ զսպելու համար Ադրբեջանին»,- պարզաբանեց նա:

«Հայաստանի դիվանագիտությունը պետք է հնարավորինս շատ` սկսած մեր հասարակությունից մինչեւ միջազգային համայնք, հիշեցնի, որ ոչ մի գործընթաց չկա, Թուրքիան սառեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացը» ,- կարծիքը հայտնեց Կիրո Մանոյանը: Թուրքիայի պահվածքն էլ, ըստ նրա, բավարար հիմք է, որպեսզի Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունների տակից ու մեկընդմիշտ ազատվի դրանցից եւ Թուրքիային որեւէ լծակ տալուց: Որովհետեւ Թուրքիան ինչ-որ տեղ այդ արձանագրությունների լծակն է օգտագործում, որպեսզի Հայաստանի առջեւ նախապայմաններ դնի:

«Իրականում` Թուրքիան այսօր ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, պարզապես ցանկություն ունի տպավորություն ստեղծելու, թե Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու ինչ-որ գործընթաց կա»,- ասաց Կիրո Մանոյանը:

Դրանից հետո, նշեց բանախոսը, կարելի է բանակցությունների սեղանին դնել նախագիծ, որտեղ իսկապես առանց նախապայմանների հարաբերություներ հաստատելու առաջարկ կլինի’ երեք պարբերությամբ: «Ասել, որ երկու պետությունները որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, երկու պետությունները որոշել են ցամաքային հաղորդակցությունը բացել ու սերտացնել այդ հաղորդակցության կապերը, եւ երկու պետությունները որոշել են իրենց միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել միջազգային իրավունքի համաձայն, խաղաղորեն, միջազգային պրակտիկայի հիմքերով»,- ներկայացրեց Կիրո Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հանդիպումը բանակցային գործընթացում փոխեց այն, որ նրանք երկու տարի էր չէին հանդիպում ու հանդիպեցին: Բայց թե դա գործնականում ինչ կփոխի, նշեց նա, այս առումով ակնկալիքները կարող են մեծանալ, թե ինչ-որ բան կփոխվի, քանի որ երկար չէին հանդիպում երկու նախագահները, ու նորից հանդիպեցին բայց կոնկրետ հիմք չկա ասելու, որ ինչ-որ բան կփոխվի:

«Դրա համար էլ մենք կարիք չունենք սահմանափակվելու բանակցային գործընթացով: Մենք ասել ենք, կրկնում ենք, որ պետք է զուգահեռաբար երկու ուղղությամբ աշխատենք’ գետնի վրա իրավիճակը ամրագրել-փոխել եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն ապահովել ‘ հնարավոր տարբեր աստիճաններով, մակարդակներով»,- ասաց Կիրո Մանոյանը’ հավելելով, թե միայն դա է, որ իրապես կարող է ստիպել Ադրբեջանին լրջանալ ու ավելի լրջորեն մոտենալ բանակցային գործընթացին:

Իսկ «գետնի վրա իրավիճակ ամրագրել-փոխել» ասելով էլ Կիրո Մանոյանը նկատի ունի ազատագրված տարածքներում ժողովրդագրական հարցերը լուծել, զարգանալ եւ այլն:

Ամփոփելով` Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի` Երևան ժամանելու օրը Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը բողոքի ակցիա կկազմակերպի:

Տպել Տպել