Շրջափակումը ռազմական գործողություն է

2CD7A98B-C10E-46C9-B262-09E53FBB1175_mw800Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը քննադատած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Միջազգային օրենքների համաձայն` շրջափակումը կարելի է ռազմական գործողություն համարել»:

Սոցինտերնի խորհրդաժողովին մասնակցելու համար անցյալ ամիս Թուրքիա ժամանած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն առաջին անգամ հարցազրույց տվեց` Թուրքիայում իր ունեցած հանդիպումների և Ժողովրդահանրապետական կուսակցության հյուրընկալությամբ Ստամբուլում կայացած խորհրդաժողովի վերաբերյալ:

«Թարաֆ» օրաթերթի հարցերին պատասխանած Կիրո Մանոյանն ասաց, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Թուրքիա-Հայաստան սահմանի բացման առումով անպատասխան և միակողմանի հայտարարություններ է անում:

Առաջին անգամ` 90 տարի անց

Դաշնակցություն կուսակցության` 90 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական պատվիրակությամբ Թուրքիայում տեղի ունեցած մի ժողովի մասնակցած լինելու փաստը շեշտած Մանոյանը հայտնեց. «Իրականում մի քանի տարի առաջ էլ Դաշնակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները Թուրքիա էին եկել` Սոցիալիստական երիտասարդական թևի տարածաշրջանային ժողովին մասնակցելու նպատակով: Այն ժամանակ Ժողովրդահանրապետական կուսակցությունը խնդիրներ ուներ Սոցինտերնի հետ, որի պատճառով չկարողացավ ժողովի հրավիրողը լինել»:

Սիրիայի հարցով քննադատություն

Մանոյանը նշելով, թե ժողովում քննարկվել է սիրիական ճգնաժամը, և որ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջել է Սոցինտերնի ենթակայության տակ Սիրիայի հարցով մի աշխատանքային խումբ ձևավորել, հավելեց. «Թե’ Քըլըչդարօղլուն, թե’ մենք քննադատեցինք Թուրքիան` Սիրիայի ճգնաժամում նրա ունեցած բացասական դերի կապակցությամբ: Արտասահմանից ծագող որոշ զինյալ և ծայրահեղական խմբեր Թուրքիայի միջով թափանցել են Սիրիա, և այդ վիճակը շարունակվում է: Տվյալ խմբերի մուտքը Սիրիա և առաջացած ճգնաժամը ստվեր գցեցին տեղացի բնակչության օրինական առարկության և բարեփոխումներ անելու պահանջների վրա: Սիրիական խնդրի լուծումը հնարավոր կլինի Սիրիայի բնակչության բոլոր շրջանակների համատեղ գոյատևումն ապահովելու և նրանց իրավունքները երաշխիքի տակ առնելու դեպքում»:

«Բարեկամական չէ»

Ժողովին որպես ՀՅԴ-ի ներկայացուցիչ մասնակցած Սոցինտեռնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը օրակարգ էր բերել նաև Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահվելու հարցը: Կիրո Մանոյանը «Թարաֆ»-ին հետևյալն ասաց սահմանի վերաբերյալ. «1993 թ. ի վեր Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ցամաքային շրջափակումը և 1991 թ. մինչ օրս Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մերժելը բացահայտ կերպով ցույց են տալիս, որ Թուրքիան բարեկամական քաղաքականություն չի վարում Հայաստանի ուղղությամբ: Միջազգային օրենքների համաձայն` շրջափակումը կարելի է անգամ ռազմական գործողություն համարել: Ահմեդ Դավութօղլուի` սահմանի առնչությամբ կատարած մեկնաբանություններն արտահայտում են միայն թուրքական կողմի շահերն ու ցանկությունները: Նրանք ձգտում են աշխարհի մոտ ձևացնել, թե իբր Հայաստանի հետ ինչ-որ գործընթաց է տարվում, մյուս կողմից էլ ցանկանում են սանձահարել Ադրբեջանին: Այնպես որ, եթե Ադրբեջանը շահերի հարցում չհամաձայնվի էլ Թուրքիայի հետ, վերջինս կարող է քայլ կատարել` Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Սակայն, մյուս կողմից լրիվ հակառակ կեցվածքով կարող է շարունակել աջակցել հակահայկական քաղաքականություն վարող Ադրբեջանին: Այն ժամանակ, երբ մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Թուրքիան հնարավոր է` ցանկանա քայլ կատարել: Պատահական չէր, որ Ահմեդ Դավութօղլուի` սահմանի մասին հայտարարություններն արվեցին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի` Անկարա այցից անմիջապես առաջ»:

«Կարելի է հաշտեցման մասին տեքստ մշակել»

Մանոյանը հայտնեց, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և շրջափակման վերացման ուղղությամբ ոչ մի առաջխաղացում չլինելու փաստը պայմանավորված է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումից և հետևյալը նշեց սույն հարցի վերաբերյալ. «Դաշնակցությունը, որպես քաղաքական կուսակցություն, պաշտպանում է այն տեսակետը, թե Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը 2009 թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից: Մեր կարծիքով, արձանագրությունների փոխարեն կարելի է մի տեսակ նախագծի տեսքով հաշտեցման մասին տեքստ ստորագրել: Նախագծի տեքստում կարող է արձանագրվել, թե երկու երկրները համաձայնվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ցամաքային ճանապարհով հաղորդակցություն ստեղծել, և երկու երկրների միջև եղած խնդիրները կարող են լուծվել` միջազգային օրենքների և պրակտիկայի համաձայն, խաղաղ միջոցներով»:

Հրանտ Գասպարյան

http://www.taraf.com.tr/haber/ambargo-bir-operasyon.htm

Թարգմանեց Մելինե Անումյանը

akunq.net

Տպել Տպել