Դեկտեմբերի 17-ին` երթ` դեպի ՍԴ շենք

ertՊարտադիր կենսաթոշակային համակարգին դեմ քաղաքացիները հերթական բողոքի ակցիային են պատրաստվում:

2013թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորների պահանջը Սահմանադրական դատարանից կլինի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելը, ինչպես նաև ՍԴ ներկայացվող դիմումը կպարունակի միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը:

Դեկտեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում է երթի:

«Երթի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում, որտեղից պատգամավորների հետ երթով կքայլենք դեպի Սահմանադրական դատարան: Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահանջատերը լինել մեր սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, քանզի ոչ ոք մեր փոխարեն դա չի կարող անել: Մեր բոլորի ներկայությունը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր: Բոլորով միասին պարտադրենք «Պարտադիրի» հեռացումը օրենքից: Եվ ուրեմն՝ կհանդիպենք դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30–ին, Ազատության հրապարակում: Միացեք և տարածեք: ԴԵՄ ԵՄ թիմ»,- ասված է հայտարարության մեջ:

ԱրծվիկԻնչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը, չի բացառվում, որ երթը վերաճի հանրահավաքի:

Նա հայտարարել է, որ ՍԴ դիմելու անհրաժեշտություն առաջացել է, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

Պատգամավորը նաև խոստացել է, որ ՍԴ կողմից ընդդիմադիրների դիմումը մերժելու դեպքում իրենք կրկին այդ հարցի առնչությամբ խորհրդարանի արտահերթ նիստ կգումարեն, ինչպես նաև կփորձեն հասնել համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը:

Մինասյանը հաղորդել է, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորական ստորագրության փոխարեն արդեն կա 32 ստորագրություն: Նշենք, որ 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հասարակական մեծ արձագանք է գտել Հայաստանում, քանի որ համընդհանուր սոցիալական ճգնաժամի պայմաններում քաղաքացիների վրա լրացուցիչ հարկային բեռ է դրվում:

Տպել Տպել