Դավութօղլուն փորձում է ցույց տալ, թե հայ-թուրքական գործընթաց կա

կիրԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հայաստանյան այցով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթաց կա. դեկտեմբերի 12-ին` Դավութօղլուի երևանյան այցի օրը, ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Եթե այդ նպատակով եկած չլիներ, ապա ճիգ չէր թափի հանդիպելու ՀՀ արտգործնախարարի, նախագահի կամ ում հետ պատահի: Նա ուղղակի ցանկանում է ցույց տալ, որ գործընթաց կա»,- ասաց Մանոյանը:

Հարցին, թե արդյոք հայկական կողմի կարծես թե սառը վերաբերմունքը Դավութօղլուի նկատմամբ կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, ՀՅԴ անդամը պատասխանեց, որ կեցվածքը կապված է ոչ թե 2015թ., այլ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չվավերացման հետ:

«Եթե Թուրքիան վավերացրած լիներ արձանագրությունները, ապա վերաբերմունքը լրիվ այլ կլիներ: Սրանով ուզում են ցույց տալ, որ դժգոհ են Թուրքիայի պահվածքից»,- ասաց Մանոյանը` միաժամանակ հավելելով, որ շատ վատ կլինի, եթե մինչ 2015թ. արձանագրությունները ոչ միայն վավերացված լինեն, այլ նույնիսկ շարունակեն գոյություն ունենալ:

Ըստ Մանոյանի` հայկական կողմը պետք է հետ վերցնի ստորագրությունները և սեղանին դնի առանց նախապայմանների փաստաթուղթ, որտեղ կնշվի դիվանագիտական հարաբերությունների և ցամաքային հաղորդակցության հաստատման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները միջազգային իրավունքին համապատասխանեցնելու մասին:

Դավութօղլուն Երևան է ժամանել դեկտեմբերի 12-ի առավոտյան` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին: Այն մեկնարկել է ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Դավութօղլուի այցի կապակցությամբ հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել :

civilnet.am

Տպել Տպել