
«Սաֆարով արտահանձնումն Ադրբեջանին բավականին ծանրակշիռ առիթ է, որպեսզի ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ձևաչափն ու բովանդակությունը փոխվի»,-Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակում ի՞նչ դրական փոփոխություններ կարել է ակնկալել, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը։
Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահողների մոտ պետք է պնդի, որ շարունակել բանակցային գործընթացը հնարավոր է միայն Ղարաբաղի մասնակցությամբ։ «Այն, ինչ արեցին ադրբեջանցիները, պարզ դարձրեց, որ բանակցություններին առանց Արցախի ուղղակի մասնակցության, այլևս գործընթացը չի կարող շարունակվել։ Բանակցային գործընթացի բովանդակության մեջ էլ պետք է վերանայում կատարել, քանի որ այլևս խոսքը չպետք է գնա միայն ազգերի ինքնորոշման սկզբունքի ճանաչման մասին։ Պետք է խոսք գնա կոնկրետ ազգի, իր արդեն իրականացված ինքնորոշման փաստի ճանաչման մասին։ Այս առումով՝ այո, բանակցությունների բովանդակությունը պետք է փոխվի»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը:
19.09.2012, Aysor.am







