Դավութօղլուն իր առջեւ դրված նպատակների մի մասը ձեռք բերեց, այսինքն` ստեղծվեց տպավորություն, դատելով համաշխարհային լրատվամիջոցների լուրերի վերնագրերից, թե իբր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ինչ-որ գործընթաց կա. Yerkir.am -ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի այցը Երեւան` ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Մինչդեռ իրականում, ըստ մեր զրուցակցի, նման գործընթաց չկա` դատելով ՀՀ ԱԳՆ հավաստիացումից, որ Հայաստանն առանց նախապայմանների է պատկերացնում այդ հարաբերությունների հաստատումը: Միաժամանակ, Դավութօղլուն շարունակում է խոսել նախապայմաններով, եւ այդ նախապայմանների մեջ մտնում է նույնիսկ վրաց-աբխազական հակամարտության հարցը:
«Այսինքն` այն, որ Թուրքիան Դավութօղլուի բերանով ասում է, թե ուզում է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները լուծված լինեն, որպեսզի կարելի լինի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: Ուղղակիորեն հղում կա թուրքական լրատվամիջոցներում, որ նա ասել է, թե նաեւ վրաց-աբխազական խնդիրը պետք է կարգավորվի, որ ընդհանրապես տարածաշրջանում խաղաղություն լինի, որպեսզի Հայաստանի հետ իրենք կարողանան հարաբերություն հաստատել»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ Դավութօղլուն թուրքական լրատվամիջոցներին նաեւ ասել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, սակայն, կլուծվեն հաճախակի քննարկումներով:
Սա, ըստ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի, առավել եւս ասում է այն մասին, որ Թուրքիայի համար արձանագրությունները ոչ մի արժեք չունեն. Այսինքն` թեեւ արդեն ուշացած, բայց եւս մեկ պատճառ, որ Հայաստանի կողմից այդ արձանագրությունները եւս դադարեն գոյություն ունենալուց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ստորագրությունները հետ կանչի արձանագրություններից:
«Որովհետեւ արձանագրությունների առկայությունն է, որ հնարավորություն է տալիս Թուրքիային, որպեսզի կարողանա նման բեմադրություններ ներկայացնել: Եվ ուրեմն` անհրաժեշտ է, որ արձանագրությունները դադարեն գոյություն ունենալուց»,- եզրափակեց Կիրո Մանոյանը:
Դավութօղլուն ընդամենն ասել է տեղահանություն, իսկ դրա մեջ ոչ մի նորություն չկա,- ասաց Կիրո Մանոյանը’ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի’ թուրքական կրատվամիջոցներով տարածված խոսքերին:
Ինչպես ներկայացրեց Կիրո Մանոյանը, դեռ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի այն ժամանակվա կառավարության որոշումը կար, որով հայերի Ցեղասպանությանը տեղահանություն էր ասվում:
«Դրա համար նա ոչ մի նոր բան չի ասել եւ շատ հետ է մնում այն ամենից, ինչ 1919-ին հենց Թուրքիայում տեղի ունեցած դատավարություններում է ասվել: Այսինքն, որ պետության կողմից հայ ազգաբնակչությանը բնաջնջելու ճիգ կար: Ինքը դրա մասին չի խոսում, այլ ընդհակառակը, փորձում է հավասարություն գտնել, տեսնել ինչ է կատարել հայերի հանդեպ պետությունը, եւ ինչ է կատարվել թուրքերին կամ իսլամականների հանդեպ, որը, սակայն, հայերի կողմից չի կատարվել: Ինքն այդ անհավասարության մեջ փորձում է հավասարություն մտցնել»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը:
Հիշեցնեդնք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների Դավութօղլին ասել էր’ «Բռնի տեղահանությունը չենք ընդունում, դա ուղղակի անմարդկային արարք է: Արդար հիշողությամբ կարող ենք կոտրել դիմադրող գիտակցությունը:
Արդար հիշողություն (Just memory) ենք ասում: Սրանով ուզում եմ ասել’ ինչ եղել է, դա հիշենք: Միայն այս դեպքում կհասկանաք, որ թուրք-հայկական հարաբերությունները գերմանա-հրեական հարաբերությունների նման անցյալ չունեն:
Յուրաքանչյուր փողոցում մի ընդհանուր կետ ունենք: Սա բացահայտելով’ այդ տեղահանությունը ես նույնպես բոլորովին սխալ արարք եմ գտնում: Իթթիհաթականների արարքը ճիշտ արարք չէր, անմարդկային էր»:
yerkir.am







