Արծվիկ Մինասյանը` ոսկե հուշամեդալակիր

ԱրծվիկԱյսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ֆրիտյոֆ Նանսենի անվան լսարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով: Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆելիքս Բախչինյանը հայտարարեց հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի որոշումը` Արծվիկ Մինասյանը պարգևատրվում է հասարակական-քաղաքական մարդասիրական սկզբունքների հաստատման, Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղութամբ ծավալած աշխատանքների համար:

Ֆելիքս Բախչինյանը նշեց, որ այսօր Նանսենի ոսկե հուշամեդալին է արժանանում մի հայորդի, ով իր ապրած կյանքով և իր գործունեությամբ Նանսենի գործի շարունակողն է Հայաստանում, որովհետև կարողանում է արդարացիորեն ոչ միայն Հայ Դատը պաշտպանել, այլ նաեւ դրսեւորել իր քաղաքացիական ոգին: «Արծվիկ Մինասյանը կարողանում է իր կիրթ, գրագետ աշխատանքով մի նոր քար դնել մեր նորանկախ պետության կայացման գործում»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պարգևը հաճելի է ու պարտավորեցնող: Այն պարտավորեցնում է լինել այնպիսին, ինչպիսին Նանսենն էր, ով, լինելով այլազգի, կարողացավ հայության դատը պաշտապանել: «Մենք եռակի, քառակի, տասնապատիկ ավելին պետք է անենք, որպեսզի ցույց տանք մեծ մարդասերի հայասիրությունը: Շատ կարեւոր է, որ պայքարը հիմնված չլինի թշնամանքի վրա, այլ լինի բացառապես հայրենասիրության, մարդասիրության եւ պետականության ամրապնդման սկզբունքներով: Յուրաքանչյուրիդ իմ հորդորն է` սիրեք մեր ժողովրդին, մեր երկիրն ու մեր պետությունը, ինչպես սեփական ծնողիդ։ Այդ ժամանակ մենք կկարողանանք իրականություն դարձնել Նանսենի երազածը»:

Տպել Տպել