Արտահերթ նիստ Ազգային Ժողովում. Դաշնակցությունը դեմ է քվեարկելու գազի համաձայնագրին

ֆրակցիաՀայաստանի Հանրապետության կառավարության առաջարկով Ազգային ժողովը դեկտեմբերի 20–ին հրավիրել էր արտահերթ նիստ։ Քննարկվում էր դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ առաջարկով՝ 4 նիստ անցկացնել մինչև ժամը 20:00-ն, յուրաքանչյուր նիստ՝ մեկուկես ժամ տևողությամբ, այն էլ՝ մի մասն՝ առանց ընդմիջման:

ԱԺ մեծամասնական պատգամավորները կողմ քվեարկեցին առաջարկին՝ չմոռանալով քվեարկել նաև բացակա ընկերների փոխարեն:

Վարման կարգով ելույթ ունենալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բարձրաձայնեց, որ իրենց ներկայացված որոշման նախագիծ չկա, ուստի անհասկանալի է՝ ինչն է ԱԺ-ն դնում քվեարկության։

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ քարտուղարությունն ասում է՝ կայքում օրակարգը տեղադրված է եղել, իսկ ինքն ընդամենը առաջարկում է առանց ընդմիջման աշխատել։ Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստում քննարկվելու է մի շարք օրենքներում՝ «Պետական տուրքի մասին», «Բյուջետային համակարգի մասին», փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը:

Օրենքի նախագծերը վերաբերում են Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացմանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մինչև իր հարցերը կուղղեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, խորհուրդ տվեց նախարարին հարցերը անպայման գրել, քանի որ դրանք շատ են:

Այսպես` ՀՅԴ պատգամավորը նյախարարին հարցրեց, թե ո՞վ է նախաձեռնել այս պայմանագիրը, ե՞րբ և ո՞ր ժամանակվանից է բանակցություն գնում: Պատգամավորը ցանկացավ իմանալ նաև, թե ՀՀ սահմանդարության ո՞ր կետի հիման վրա է Մովսիսյանի ղեկավարած նախարարությունը «ՀայՌուսգազարդի» գույքը վաճառել, ինչպես նաև` ինչո՞ւ է որոշվել ուղիղ վաճառք իրականացնել, ինչպե՞ս է որոշվել գինը և ի՞նչ է լինելու գույքի հետ:

Պատասխանելով հարցին, թե ՀՀ սահմանդարության ո՞ր կետի հիման վրա է Մովսիսյանի ղեկավարած նախարարությունը «ՀայՌուսգազարդի» գույքը վաճառել, Մովսիսյանն ասաց, որ գործել է կառավարության հանձնարարությամբ:

«Բանակցային գործընթացի հետ կապված` թղթերը կարող եմ Ձեզ տալ, ծանոթանաք: Շուկայական գինը շատ ավելի ցածր է, քան ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ վաճառքի համար կարող էր լինել մեկ այլ տարբերակ ևս, այն է` հայտարարել վաճառքի մասին և սպասել, թե երբ կգտնվի գնող:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ կառավարությունը չթաքցներ ԱԺ-ից այդ գործարքը և ներակայացներ քննարկման, ապա այդ ժամանակ էլ ընդդիմությունը չէր կարողանա մեկ տող անգամ փոխել, որովհետև մեծամասնությունը թույլ չէր տա, անգամ` աղաղակող հիմնավորումների դեպքում:

Պատգամավորը հարց է ուղղում. «Ո՞ւմ էր սա ձեռնտու»: Նրա կարծիքով` դա ձեռնտու էր «Գազպրոմ»-ին է եւ Հայաստանի իշխանություններին: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը «Գազպրոմ»-ի համար ստեղծել է աննախադեպ բիզնես միջավայր: «Ինչի՞ այդ գործարքի մասին չէիք ասում: Ասում է` բանակցում էինք: Ո՞վ է տեսել նման բանակցություն, որ ոչ թե բանակցությունների վերջում, այլ ընթացքում է գինը բարձրանում: Մենք դեմ ենք նման բանակցողներին, որ մեզ ուզում են միացնել այս ստորացնող բանակցություններին»,- ասաց պատգամավորը` քննադատելով իշխանությունների` ամեն ինչ հետին թվով իրականացնելու քաղաքականությունը, երբ արդեն «գնացքը գնացել է», և ոչինչ հնարավոր չէ փոխել:

«Իշխանությունը պահելու մոլուցքը, երբ ասում են` վատ տեղ է հասցնելու, հիմա տեսնում ենք դրա պտուղները: Սա իշխանությունները պահելու մոլուցք է: Բայց հիշեք` եթե դու ստորացնում ես քո ժողովրդին, ապա դրսում էլ քեզ են ստորացնելու: Բայց` ոչ, կառավարությունն ասում `ուժեղ եմ, հզոր եմ: Հզոր եք` գնացեք, դուրսը հզորություն արեք»,- ասաց պատգամավորը:

Իր հերթին, ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունենալով, Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ գազի համաձայնագիրը վնաս է Հայաստանի համար, քանի որ խոչընդոտելու է Հայաստանի զարգացմանը:

Նա նշեց, որ կառավարության կողմից այդպես էլ որևէ խելամիտ բացատրություն չտրվեց, թե ինչպես է կուտակվել երեք հարյուր միլիոն պարտքը, որովհետև դրա մասին որևէ տեղեկատվություն չկա միջազգային աուդիտորական հեղինակավոր կազմակերպությունների հաշվարկներում: Նաեւ խելամիտ պատասխան չտրվեց, թե ինչպես է որոշվել «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսի գինը: Պատգամավորի համոզմամբ` «Գազպրոմ»-ին տրվում են լիազորություններ, որոնք հնարավորություն չեն տալու, որ Հայաստանն իր շահերն առաջ մղի: Դդրա վառ ապացույցը արևային էներգիայի ոլորտն է, որի զարգացումը ձեռնտու չի լինելու «Գազպրոմ»-ին:

«Եկել, հիմա ասում եք, որ այլ տարբերակ չունեք: Լավ, տարբերակ չունեիք, գոնե այդ քսան տոկոսը նվեր չտայիք «Գազպրոմ»-ին, որ նման կախվածության մեջ չընկնեիք: «Գազպրոմը» այլ շահեր ունի այլ երկրներում, հիմա ի՞նչ` ենթարկվենք ու գործի՞ք դառնանք մի որևէ մասնավոր ընկերության»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ այսօր ՀՀ էներգետիկ համակարգը ամենաանպատասխանատու վերաբերմունքին է արժանանում, որովհետև, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, առանց ԱԺ համաձայնության, պետական գույքը հանվել է վաճառքի: «Բանակցեք նախագահի հետ, ՍԴ-ի հետ, քանի ուշ չէ, որ հետևանքները ի վնաս Հայաստանի չլինեն, հակառակ դեպքում` արդեն ուշ կլինի որևէ բան փոխել»,- ասաց պատգամավորը:

Ըստ Արծվիկ Մինասյանի` գազի համաձայնագիրը հակասում է Հայաստանի պետական շահերին, չի տալու որևէ շոշափելի արդյունք ՀՀ և ՌԴ տնտեսության ինտեգրման հարցում, այլ հակառակը` այդ համաձայնագրով նսեմացվում է Հայաստանի դերն ու նշանակությունը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու այդ համաձայնագրին: Իր կողմից նաեւ նշեց. «Գոյություն ունի Քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածը, հիշեք դրա մասին»:

Ավելի ուշ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը լինելու է երկուշաբթի օրը` ժամը 12:00-ին:

Տպել Տպել