Հրաչ Մուրադյանի հարազատները արդարացի են համարում Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը

ՀրաչՄուրադյանՊռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված Հրաչ Մուրադյանի հարազատները ճիշտ եւ արդարացի են համարում սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը, քանի որ ի սկզբանե վստահ են եղել, որ նա կապ չունի նախկին գյուղապետի սպանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը:

«Մենք իր մասով կասկածներ չենք ունեցել ի սկզբանե, ստացվում է, որ այսքան ժամանակ նախաքննության մարմինը թոզ է փչել մեր աչքին եւ չի բացահայտել սպանության մեղավորներին»,- ասաց նախկին գյուղապետի եղբորորդին: Նա նաեւ շեշտեց, որ Պետրոսյանների ընտանիքի հետ իրենց նորմալ հարաբերությունները շարունակվելու են, չի բացառվում, որ գնան նաեւ տեսության Արայիկ Պետրոսյանին: Հակոբ Մուրադյանը շեշտեց, որ իրենք որեւէ ակնկալիք չունեին,թե հորեղբոր սպանության գործը կբացահայտվի: Իսկ թե գոնե իրենց համար պարզ է, թե ով է կանգնած այդ ամենի ետեւում, նա նշեց, որ «գյուղում ում մասին խոսում են, հենց նա է»: Թե ում մասին են խոսում, չկոնկրետացրեց, բայց հավելեց, որ այդտեղ դեր ունի նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսան, ոչինչ չցանկացավ ասել՝ հավելելով, որ իր պատասխանից, միեւնույն է, ոչինչ չի փոխվում, իր ներաշխարհն է խառնվում իրար:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ միայն նշեց, որ Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը պետք է քննարկել երեկ դատախազության կողմից տարածած հայտարարության համատեքստում: Նա շեշտեց, որ ՀՅԴ-ն շարունակելու է պահանջել Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը եւ իրական մեղավորների պատժումը:

Տպել Տպել