Թուրքիայի զարգացող ծովուժը

ալիքԹուրքիայի ծովուժը սկսել է զարգանալ եւ հզօրանալ: Նոյեմբերի 4-ից, տաս օր շարունակ, Թուրքիայի ծովուժը Միջերկրական ծովում իրականացրեց ծովային ռազմափորձ՝ իր ծովային ռազմական հնարաւորութիւնները տարածաշրջանում ներկայացնելու համար: Ռազմափորձին մասնակցում էր ծովուժը, ցուցադրելով իր հնարաւորութեան ընդամէնը չնչին մասը, երեք մարտանաւ (Frigate), երկու փոքր միջուկային ռազմանաւ (corvette), չորս արագ յարձակողական նաւակ, երեք սուզանաւեր, երկու իւղատար (oilers), երկու պահակային նաւակ, մէկ նաւաձիգ (tugboat), մէկ ծովային հսկողութեան ռազմօդանաւ, հինգ ռազմական ուղաթիռ: Ծովային այս ռազմափորձին մասնակցում էր նաեւ ՆԱՏՕ-ին պատկանող մի ռազմանաւ, ինչպէս նաեւ մէկական ռազմանաւեր Գերմանիայից եւ Իսպանիայից: Թուրքիայի ծովուժը հիմնւել է 1081 թւականին: Արդիական իմաստով, որպէս բանակի մէկ բաժին, կարելի է ասել, որ Թուրքիայի ծովուժը ստեղծւել է 1920 թւականից, սակայն իր հնարաւորութեան ծաւալի եւ որակի իմաստով ներկայում, գտնւում է իր գագաթնակէտում (ըստ թուրք զինւորական փորձագէտների):

Իսկ որն է դրդապատճառը, որ Թուրքիայի իշխանութեանը մղել է զարգացնելու ծովուժը այս ժամանակահատւածում:

Առաջին՝ տարածաշրջանի պայթիւնավտանգ եւ ոչ-կայուն իրավիճակը, 2008-ի ռուս-վրացական պատերազմը, որով Թուրքիայի համար աւելի յստակեցւեց այն միտքը, որ պէտք է աւելի ուժեղացնի իր տիրակալութիւնը Դարդանէլ եւ Բոսֆոր նեղուցներում, Արաբական աշխարհի զարթօնքը, որը անկայուն դարձրեց Միջերկրական աւազանը եւ Սիրիայի տագնապը: Ինչպէս նաեւ աֆրիկեան երկրների անկայունութիւնը, որոնք գտնւում են Միջերկրականի հարաւային ափերում: Սրանց պէտք է աւելացնել նաեւ գազի եւ նաւթի ծովային պաշարների գործօնը, որոնք վէճի առարկայ են Կիպրոսի, Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ:

Երկրորդ ազդակըª որը պատճառ է դարձել, որ Թուրքիայի կառավարութիւնը աւելի հակւի իր ծովուժի վրայ ներդրումներ կատարելուն եւ այն զարգացնի, երկրի տնտեսական կարողութիւնն է: Ըստ համաշխարհային բանկի տւեալների, Թուրքիան համարւում է աշխարհի 18-րդ տնտեսութիւնը եւ մարդագլուխ եկամուտը վերջին տաս տարւայ ընթացքում, եռապատկւել է, հասնելով 10,000 դոլարի:

Երրորդ ազդակը՝ որի պատճառով Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ծովուժը, ՆԱՏՕ-ի անդամ լինելն է, եւ այն որ ինքը ՆԱՏՕ-ն փորձում է արդիականացնել իր պաշտպանողական կառոյցներն ու դրւածքները իսկ Թուրքիան փորձում է քայլ պահել ՆԱՏՕ-ի զարգացման ընթացքի հետ:
Բացի այն, որ Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ծովուժը, ընդհանրապէս ծրագրել է, ուժեղացնել նաւաշինութեան արդիւնաբերութեան ոլորտը, գերմանական նաւաշինութեան ընկերութիւնների համագործակցութեամբ: Այժմ Թուրքիայում արտադրւում են զանազան տեսակի ծովային նաւեր, ռազմանաւեր: Ծրագրւում է սուզանաւերի արտադրութիւն: Արտադրական ծաւալի եւ քանակի իմաստով այժմ Թուրքիան համարւում է նաւաշինութեան չորրորդ արտադրողը աշխարհումª Չինասատնից, Հարաւային Կորէայից եւ Ճապոնիայից յետոյ: Թուրքիան նաեւ ծրագրել է, իր ծովային արտադրանքները արտածել Միջին Արեւելքի հիւսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի եւ Հարաւային Ասիայի երկրներ:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել