Վահան Հովհաննիսյան. Որ ժողովուրդը կարողանա շունչ քաշել


ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանի ելույթը Աշտարակի հանրահավաքում:

Սիրելի ժողովուրդ,

Շնորհակալություն, որ եկել եք, գիտեմ ինչ խոչընդոտներ են ստեղծվել այսօրվա հանրահավաքի կազմակերպման համար, բայց այնուամենայնիվ դուք այստեղ եք, եւ ես շնորհակալ եմ: Արդեն անցել են այն ժամանակները, երբ հանրահավաքներում, բողոքի ցույցերում տարբեր թեմաներ էին շոշափվում, որովհետեւ այսօր հայ ժողովրդի դարդը մեկն է` օրենքի բացակայությունը: Օրենքը, լավ օրենքը կամ վատ օրենքը, ԱԺ կողմից ստեղծված օրենքը, կամ կառավարությունից բերված օրենքը ունեն մեկ առանձնահատկություն. նրանք աշխատում են միայն մի դեպքում, եթե բոլորի համար են: Նույնիսկ վատ օրենքը կարող է օգտակար լինել, եթե բոլորի համար է: Եթե այստեղ կանգնած գյուղացին, քաղաքի բնակիչը, մեծահարուստը, աղքատը, պետական պաշտոնյան, ուսուցիչը, վարորդը, բժիշկը, ԱԺ պատգամավորը եւ բոլորը այդ օրենքը հարգեն: Հայաստանում այդպես չէ, եւ սա է հիմնական մեր պրոբլեմը:
Եվ մենք արդեն հարց չենք դնում կուղղվի, կփոխի իր քաղաքականությունը, եթե կփոխի` կփոխի: Մեր նպատակը արդեն պարզ է: Մարդ, որը մի անգամ կարողացել է զբաղեցնելով Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր պաշտոններից մեկը` մարզպետի պոստը, իր քաղաքացիների նկատմամբ չի կարողացել օրենքը պաշտպանել, գործել է անօրինական կերպով, նա այլեւս այդ պաշտոնում աշխատել չի կարող: Դա վերաբերվում է բոլորին` ԺԷԿ-ի պետից մինչեւ մինիստր , ԱԺ նախագահ եւ ՀՀ նախագահ: Մինչեւ մեր երկրում չհաստատվի արդարություն, եւ օրենքը բոլորի համար հավասար չդառնա, էն պրոբլեմները, որոնց մասին խոսում էին իմ ընկերները չեն լուծվի:

Փորձենք մարզի կտրվածքով խոսել այս ամենի մասին: Ինչքանով է մարզում ապրող գյուղացին պաշտպանված պետության կողմից, էլ չեմ ասում պաշտպանված պետությունից, դա առանձին պրոբլեմ է: Եթե առաջ վատ, լավ նա ինչ-որ ձեւով կարող էր սերմ ձեռք բերել, նորմալ պարարտանյութ, ոչ թե այն թույնը, որ սելիտրայի անվան տակ բերում ու փչացնում են մեր հողերը: Եթե նա կարողանում էր նորմալ վարկ ստանալ, կարողանում էր ի վերջո իրացնել իր բերքը, ապա հիմա բոլոր այդ հնարավորություններից զրկվել է: Բոլոր այստեղ կանգնածները փորձել են բանկից վարկ վերցնել. Գիտենք եւ տոկոսը, եւ պայմանները, եւ դաժանությունը, եւ անհնարինությունը: Հնարավո՞ր է դարձնում դա գյուղացու աշխատանքը: Ո’չ: Հողերի վիճակը գնալով վատթարանում է: Աղակալում է անորակ, վատ պարարտանյութի պատճառով: Մարզպետը մի բան արե՞ց, որ ձեզ օգնի: Ո’չ: Գյուղատնտեսության նախարարությունը մի բան արե՞ց որ ձեզ օգնի: Ո’չ: Փոքր երկրում, երբ հանկարծ տեղի է ունենում եղանակային ինչ-որ իրավիճակ, օրինակ` աննորմալ շոգ, ինչպես այս տարի, անձրեւներ կամ կարկուտ մեր գյուղացին պաշտպանված է, թե` ոչ: Բա ի՞նչ անի: Ստիպված է արտագաղթել:

Մենք պետք է օր առաջ փոխենք այս իրավիճակը, որ ժողովուրդը կարողանա շունչ քաշել:

Հիմա ես ձեզ հիշեցնեմ այն բոլոր օրինագծերը, որ ԱԺ ՀՅԴ ֆրակցիան առաջարկում է, բոլորը վերաբերում են հենց այս հարցերին: Երեւի դուք տեսնում եք հեռուստատեսությամբ, թե ինչ բանավեճերի, ինչ դժվարությունների գնով ենք փորձում այս հարցերին լուծում տալ, բայց դեռեւս այդ հնարավորությունը չունենք: Ես ձեզ պարզ օրինակ բերեմ: Անցած տարի մենք հաստատում էինք հանրապետության բյուջեն: Դաշնակցության ֆրակցիան 4 կարեւոր առաջարկ է արել Արագածոտն մարզի վերաբերյալ: Դրանք են` Արագածոտնի մարզ Արտաշավան համայնքի մսուր-մանկապարտեզի հիմնանորոգում: Դա պետք է արժենար ընդամենը 42 մլն դրամ: Մենք առաջարկել էին Արագածոտնի մարզում շատ կարեւոր Թալին-Կարմրաշեն-Ոսկեթաս- Զորավասար-Գառնահովիտ ճանանապարհի հիմնանորոգում: Առաջարկել էինք Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի ներհամայնքային ճանապարհի եւ նույն համայնքի Գեւորգ Չավուշի անվան դպրոցի նորոգում: Շատ առաջարկներ արել էինք նաեւ ուրիշ մարզերում: Այս մարզում արել էինք այս 4 առաջարկը: 4-ն էլ մերժեցին: 4-ն էլ կառավարությունը չընդունեց: Ինչու: Որովհետեւ մենք այլեւս ընդդիմություն էինք: Հավանաբար էստեղի մարզպետն ասել է, պետք չի, որ դաշնակցականների վարկը բարձրանա եւ ուրեմն այդ բոլոր մարդիկ, որ պիտի օգտվեին այս ջրատարներից, ճանապարհներից, դպրոցից ու մսուրից, զրկվեցին դրանից միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով: Հասկանում եք, ինչ հարված են հասցրել մարզին սա մերժելով: Սա է մարզում վարվող քաղաքականությունը եւ ցավով պետք է ասեմ, սա է նաեւ մեր հանրապետությունում վարվող քաղաքականությունը: Մենք կփոխենք այդ քաղաքականությունը, փոխելով այդ քաղաքականությունը վարողներին:

Տպել Տպել