ՀՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ


«Իշխանափոխության հասունացման գործընթացը պետք է սկսվի մարզերից, որ ամեն հայ քաղաքացի հասկանա Դաշնակցության ծրագրի էությունը, խորությունը եւ աջակցի նրան, որպեսզի կարողանանք ձեւավորել իրական ազգային իշխանություն»,- ելույթ ունենալով հանրահավաքում` ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅ Դաշնակցության հանրահավաքն Աշտարակ քաղաքում սկսցվեց ճիշտ հայտարարված ժամին:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին` Ա.Ռուստամյանը կոչ արեց չնայած դժվարություններին չլքել հայրենիքը, այլ համախմբվելով` մեր խնդիրները լուծել մեր երկրում:

Ա.Ռուստամյանը հիշեցրեց նաեւ, որ այս բոլոր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին Դաշնակցությունը խոսել է միշտ` նաեւ կոալիցիայի մաս կազմելու տարիներին:

Հանրահավաքին ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ով հիշեցրեց մարզին վերաբերվող բոլոր առաջարկները, որոնք անցյալ տարի ներկայացրել է Դաշնակցությունը: Անցյալ տարի, հանրապետության բյուջեն հաստատելու ընթացքում Դաշնակցության ֆրակցիան 4 կարեւոր առաջարկ է արել Արագածոտնի մարզի վերաբերյալ, եւ որոնք մերժվել են զուտ քաղաքական դրդապատճառներով: Դրանք են` Արագածոտնի մարզ Արտաշավան համայնքի մսուր-մանկապարտեզի հիմնանորոգումը, որն, ըստ բանախոսի, կարժենար ընդամենը 42 մլն դրամ: Արագածոտնի մարզում կարեւոր նշանակություն ունեցող Թալին-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զորավասար-Գառնահովիտ ճանանապարհի հիմնանորոգումը, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի ներհամայնքային ճանապարհի եւ նույն համայնքի Գեւորգ Չավուշի անվան դպրոցի վերանորոգումը: «Այս մարզում արել էինք այս 4 առաջարկը:

4-ն էլ մերժեցին: 4-ն էլ կառավարությունը չընդունեց: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք այլեւս ընդդիմություն էինք: Եվ ուրեմն այդ բոլոր մարդիկ, որ պիտի օգտվեին այս ջրատարներից, ճանապարհներից, դպրոցից ու մսուրից, զրկվեցին դրանից միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով»: Ըստ Հովհաննիսյանի` սա է ոչ միայն Արագածոտնի մարզում, այլեւ մեր հանրապետությունում վարվող քաղաքականությունը,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը: Հանրահավաքին ելույթ ունեցած ՀՅԴ մարզային կառույցի ներկայացուցիչները խոսեցին Արագածոտնի մարզպետի կողմից կատարվող անօրինականությունների մասին, ով մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո քաղաքական հայացքների անհամապատասխանության դեպքում մարդկանց ազատում է աշխատանքից:

Հանրահավաքի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ, ինչը հարթվեց հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից (նկար 3):

Հայաստանի սոցյալ-տնտեսական վիճակի մասին իր խոսքում խոսեց նաև ԱԺ Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ժամանակն է համախմբվել եւ մեր երկրում հաստատել արդարություն, որը հնարավոր է օրենքի իշխանության դեպքում: Պետք է թույլ չտանք քաղաքացու հետ վարվել ինչպես ցանկանան: Պետք է երկրում հաստատենք ժողովրդի իշխանություն, հայ մարդու իշխանություն»:

Հանրահավաքը լուսաբանում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նաեւ… ոստիկանության աշխատակիցները, եւ քաղաքացիական հագուստով այլ ծառայողներ: Սակայն ի տարբերություն լրագրողների, նրանք նկարում էին հանրահավաքի մասնակիցներին (նկար 4):

Տպել Տպել