Մեր հայրենիքի ժողովրդագրական համապատկերը մեր առաջնային խնդիրն է

ShahanKandaharian-Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանի դիտարկմամբ՝ Սփյուռքը պիտի գիտակցի, որ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայը պիտի շնչի, արարի և ստեղծագործի ՀՀ-ի հզորացումը գերնպատակ ունենալով:

Ամփոփելով 2013-ը՝ նա նշեց, որ տարին դրական և բացասական առումներով բեկումնային շրջադարձեր չունեցավ, բայց եղան վճռորոշ պահեր, որոնք կարող են ընդհանրապես հայկական աշխարհի վրա ճակատագրական հետևանքներ ունենալ։

«Երևանը ճիգ չխնայեց «և՛…և՛»-ի կամ «թե՛…թե՛»-ի արտաքին քաղաքականությունը բազմավեկտորային առումով իրականացնելու։ Այս տեսությունը լիարժեք չաշխատեց։ Այստեղ համոզված եմ, որ իրոք կար անվտանգության խնդիրները նկատի առնելու մոտեցում, և դա հասկանալի է։ Ռուսական գործոնի տարածաշրջանում վերակայացման միտումները հանգեցրին նրան, որ Երևանը չկարողանա նախաստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը։ Իհարկե, Վիլնյուսում ամեն ինչ չի վերջանում, և համատեղ հայտարարությունը դուռ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձևաչափեր ճշտելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Արևելյան գործընկերության ծրագրի ոչ արդյունավետ աշխատանք իրականացվեց տարածաշրջանում, և հայկական կողմը կարող էր ավելի հստակ ձևակերպումներով պատասխանատվությունը բարդել Անկարայի ուսերին։ Եվրոպային չհաջողվեց պարտադրել Անկարային, որ ՀՀ-ի հետ իր սահմանը բացի։

Շահան Գանդահարյանը համոզված է, որ քաղաքական իրադրություններն անպայման ԵՄ հետ համագործակցության նոր ձևաչափեր կստեղծեն։ Հայ-թուրքական հարաբերությունները, նրա խոսքով, ևս որևէ հիմնական տեղաշարժ չգրանցեցին, հակառակ Դավութօղլուի Երևան ժամանելու և հակառակ դեկլարատիվ բնույթի իմիտացիոն հայտարարություններին և գործողություններին՝ Անկարան շարունակում է կիրառել նախապայմանային քաղաքականություն և Բաքվի հաշվարկն անել ամեն մի դեկլարատիվ բնույթի հայտարարության ընթացքում։

Շահան Գանդահարյանի խոսքով՝ Արցախյան հակամարտության ուղղությամբ երկարատև ընդմիջումից հետո միջնախագահական ձևաչափով կայացած հանդիպումը Վիեննայում բանակցային գործընթացի վերաշարունակման հաստատումը կատարեց, այսուհանդերձ Բաքվի ռազմական բյուջեի ուռճացումը, հայատյացությունը, հրադադարի անվերջ խախտումներն ու ռազմատենչ հայտարարությունները շարունակվեցին նույն թափով։

«Հայկական դիվանագիտության և առհասարակ սփյուռքյան լոբբիստական խմբերի աշխատանքը հայկական և ադրբեջանական կողմերը միջազգային ընտանիքի կողմից հավասար պատասխանատվության տակ դնելու մոտեցումի դեմ քարոզչաքաղաքական աշխատանքներ ծավալելու անհրաժեշտ թափ չհավաքեց և արդյունքի չհանգեց։ Առ այսօր միջազգային ընտանիքը կողմերին հավասար ուղերձներ և կոչեր է փոխանցում կարգավորման խաղաղ եղանակը որդեգրելու առումով։ Երևանը իր տարբեր գերատեսչություններով և հատկապես Սփյուռքի նախարարության միջոցներով գնահատականի արժանի գործ կատարեց սիրիահայ մեր հայրենակիցներին հայրենիքում համապատասխան կենցաղային դյուրություններ ընձեռելու համար։ Խնդիրը ընդհանրապես Միջինարևելյան երկրներում ապրող հայությանը սպառնացող ընդհանուր վտանգն է և հեռանկարի մթագնումը»,- ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է շտապ կարգով ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ և կազմակերպ հայ համայնքների նկատմամբ հայեցակարգի մշակում։

Նա նշեց, որ Միջինարևելյան երկրների մեր համայնքներից նախատեսելի արտահոսքը դեպի հայրենիք հնարավորությունների քննարկումն իբրև հրամայական ինքին զգալի է դառնում։ Իսկ հայրենիքում կենցաղային խնդիրների լուծումներ ապահովելու համար ինչպես Հայաստան պետության, այնպես էլ սփյուռքահայ կառույցների համատեղ աշխատանքն է հարկավոր։

Մեր հայրենիքի ժողովրդագրական համապատկերը մեր առաջնային խնդիրն է։ Այստեղ ևս ՀՀ պետություն և սփյուռքյան կազմակերպություններ միասին պիտի քննարկեն խնդիրները և աշխատեն միասին լուծումներ ապահովել։ Ըստ նրա՝ համալիր ծրագրեր են պետք։ Ահազանգ հնչեցնելն ու հոռետես հայտարարություններ կատարելը որևէ ձևով խնդրին լուծում չեն բերի. կառուցողականությունը այստեղ շատ էական է, և գործնական մասնակցությունը Սփյուռքի ավելի քան անհրաժեշտ է։ Սփյուռքը պիտի գիտակցի, որ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայը պիտի շնչի, արարի և ստեղծագործի ՀՀ-ի հզորացումը գերնպատակ ունենալով։

ՀՀ-ի խնդիրները, նրա խոսքով, լինի դա ներքին, թե արտաքին, ՀՀ-ում, թե արտասահմանում ապրող հայը պիտի համարի իր սեփականը և ճիգ ու ջանք չխնայի ինչ-որ կերպ ՀՀ-ի առջև ծառացող խնդիրների լուծման համար։

«Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով մաղթում եմ ՀՀ-ի հզորացում, ժողովրդավարացում, անամպ ու խաղաղ երկինք մեր հայրենիքի վերև։ Տարեփակի ներհայաստանյան իրադարձությունների վերլուծում կատարողները ընդհանրապես իբրև հիմնական բացթողում խոսում էին ընդդիմության չմիավորման, ուժերի ջլատման, համախոհության բացակայության, միացյալ գործողություններ չկարողանալ ձեռնարկելու և առհասարակ ընդդիմադիր դաշտի փոշիացման մասին: Ազգային ժողովի վերջին նիստին և թե Ազգային ժողովի շենքի առջև չկայացած միավորումին հակառակ ուղղությամբ մտածելու նախադրյալները պարզեց դիպաշարին հետևողների մոտ: Տարեփակին ընդդիմությունը միավորվելու նախադրյալներ է ցույց տալիս հասարակությանը։ Կարծում եմ՝ ընդդիմության կայացումն ու քաղաքացիական առողջ շարժումի ձևավորումը բխում են հենց պետականության շահերից»,- եզրափակեց Շահան Գանդահարյանը։

1in.am

3/01/2014

Տպել Տպել