Այս տարվա արդյունքները լավ սկիզբ էին. Արթուր Աղաբեկյանը՝ ԼՂՀ պետական վիճակախաղի մասին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գոհ է պետական վիճակախաղի տոմսերի վաճառքից և դեկտեմբերի 28-ին կազմակերպված խաղարկության արդյունքներից:

Նա հույս ունի, որ արդեն այս տարվա մայիսին կթողարկվեն ավելի մեծ խմբաքանակով վիճակախաղի տոմսեր, և տարեվերջին կկազմակերպվի արդեն մեկ միլիոն տպաքանակ ունեցող վիճակախաղ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ հնարավորություններով իրագործել ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը:

Նշենք, որ այս տարի ծրագիրը պիլոտային էր, տպագրվել է 300 հազար վիճակախաղի տոմս, որից մինչ խաղարկությունը իրացվել էր 261 հազար 505-ը, իսկ մնացած տոմսերը մինչև խաղարկությունը մարվել էին:

Ըստ Աղաբեկյանի՝ վիճակախաղը հետապնդում է երկու ռազմավարական նպատակ:

Առաջինը՝ ապահովել աշխատատեղեր և տոմսերի վաճառքից առաջացած գումարը նպատակաուղղել գրավյալ տարածքների վերաբնակեցմանը:

«Պետք է ասեմ, որ երկու նպատակն էլ իրականություն է դարձել: 345 շահումներից 300-ը արցախյան զարդանախշերով գորգեր են, որոնք այս պահին արտադրվում են Շուշիում և Ստեփանակերտում՝ «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ-ում, որտեղ արդեն աշխատում են 140-ից ավելի կին: Եվ երկրորդը՝ տոմսերի վաճառքից առաջացած գումարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է վերաբնակեցմանը: Մենք նպատակ ունենք վիճակախաղի տոմսերի տպաքանակը մեծացնելով՝ 3 տարվա ընթացքում կառուցել 100-ից ավելի առանձնատուն, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի 14-15 միլիոն դրամ: Մարտ ամսից կսկսվի 50 առանձնատան շինարարություն»:

Նշենք, որ տոմսերի վաճառքից կուտակվել է ավելի քան 522 միլիոն դրամ գումար: Տոմսերն իրացվում էին «Հայմամուլի», «Արցախփոստ»-ի կրպակներում, սակայն Աղաբեկյանի խոսքով՝ տոմսերի գերակշիռ մասն իրենք իրացրել են, իր ձևակերպմամբ, ոչ ավանդական եղանակով:

«Այո, մենք ինչ-որ տեղ տոմսերն իրացրել ենք ոչ ավանդական եղանակով: Այդ ճանապարհով մեր բարեկամները, պետական պաշտոնյաները իրենց աջակցությունն են ցուցաբերել և օգնել տոմսերի իրացման գործում:

Պետք է նշեմ, որ այդ գործում մեծ աջակցություն են ցուցաբերել պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, արտակարգ իրավիճակների նախարարը, ԵՊՀ ռեկտորը, Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ Բյուրոյի առանձին ընկերներ և շատ ուրիշներ, որոնց անունները հիմա չեմ հիշում: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի այս գործում մեզ աջակցելու համար ես կտամ ոչ թե 2-3 կամ 10 անուններ, այլ 50, 60 և 100 անուններ:

Մեր նպատակն է շրջանառության մեջ դնել տարեկան 1 միլիոն տոմս: Այս տարվա արդյունքները լավ սկիզբ էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Աղաբեկյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե տոմսերը ստիպողաբար են բաժանվել, շատ գործարարներ հրաժարվել են մասնակցել այդ տոմսերի իրացմանը, Աղաբեկյանը դրանք անվանեց Հայաստանում հորինված բամբասանքներ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի ցանկացած գործարար, ցանկացած պաշտոնյա պատրաստ է Արցախի համար ամեն ինչ անելու: Մնում է հավատան մեր ծրագրին»:

Վիճակախաղի օրը խաղարկվել է 345 մրցանակ, որից 300-ը, ինչպես նշեցինք, եղել են արցախյան գորգեր, 1 բնակարան՝ Ստեփանակերտում, 1 ավտոմեքենա և 5 ուղեգիր՝ դեպի Արցախ:

Արցախի փոխվարչապետի խոսքով՝ վիճակախաղի նոր տոմսերն այս տարի ևս շրջանառության մեջ կդրվեն մայիսի 9-ին:

1in.am

Տպել Տպել