Ֆրանսահայ կազմակերպությունները Շվեյցարիայից պահանջել են բողոքարկել ՄԻԵԴ որոշումը

ccafՀայոց ցեղասպանության թուրքական ժխտողական գործունեության դեմ պայքարը 2014-ին նոր ուժով է մեկնարկել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմումագիր է հղել Շվեյցարիայի կառավարաությանը` խնդրելով վերանայման պահանջ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բողոքարկել ծայրահեղ ազգայնական Դողու Փերինչեքի հայցը բավարարելու դատավճիռը:

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդում է ԱՄՆ-ի «Ասպարեզ» պարբերականը:

«2013 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատմության մեջ կհիշվի որպես բացարձակ խայտառակություն, այդ իրավասու մարմինը, որ երբեք այսքան քիչ չի արժանի եղել իր անվանը, որոշել է բավարարել Հայոց ցեղասպանության եռանդուն և հաստատակամ ժխտող Դողու Փերինչեքի հայցը` դատապարտելով Շվեյցարիային խոսքի ազատության խախտման մեջ… Այս խնդրագրով մենք կոչ ենք անում շվեյցարական իշխանություններին բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումը, այդ կերպ բանավեճ և արդար դատավարություն ապահովելով մեր եվրոպական ինքնությանն առնչվող այս կարևոր և արդիական խնդրի շուրջ, և հնարավորություն տալով, որ մյուս երկրների, այդ թվում` Ֆրանիսայի ձայնը լսելի դառնա»,- մասնավորապես ասվում է դիմումագրում:

Ավելին, բողոքարկումը հնարավարություն կտա հայկական կողմին Թուրքիայի հետ հավասարապես ներկայացված լինել դատարանում, ինչը գոնե կապահովի մինիմալ արադարադատություն` ի տարբերություն նախկին դատավարությունների:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ին բավարարեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցը: Շվեյցարիայում կայացած մի շարք ժողովների ժամանակ Փենիչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», որի համար 2008 թվականին շվեյցարական դատարանը նրան դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով:

«Այդ հայտարարությունները, որ վիրավորում են (ցեղասպանության) զոհերի հիշատակը և զրպարտում նրանց սերունդներին, դատապարտվել են շվեյցարական դատարանի կողմից` հակազդելով ժխտողական քարոզչությանը»,- ասվում է դիմումագրում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը նշել էր, որ որոշման վերաբերյալ Շվեյցարիան նույնպես ունի մեղքի իր բաժինը: ‹‹Շվեյցարացի դատավորները հարկ եղած համոզվածությամբ չպաշտպանեցին իրենց դիրքորոշումը, քանի որ հինգ տարի առաջ և այսօր թուրք-շվեյցարական հարաբերությունները նույնը չեն: Երկու երկրների միջև «սիրաբանություն» է սկսվել, երկու պետությունների միջեւ հսկայական գումարների հասնող գործարքներ են կնքվում: Մենք համոզված ենք. եթե Շվեյցարիան ավելի լավ պայքարեր եվրոպական դատարանում, հաղթանակը շվեյցարական կողմինն էր լինելու»,- ասել էր Հրաչ Վարժապետյանը:

Եվրոդատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել էր նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել էր Եվրոպական կոնվենցիայի` խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: Վճռի հրապարակումից հետո Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը խստորեն դատապարտեց այն:

armenpress.am

Տպել Տպել