Հունվարի 18-ի հանրահավաքին նվիրված քննարկում` ԱԺ-ում

ՀՅԴ խմբակցությունԱյսօր Ազգային ժողովում, ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր հստակեցնել վաղվա հանրահավաքի կազմակերպչական մասը:

Այդ քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ վաղը` հունվարի 18-ին, ժամը 14:00-ին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ` մասնակցելու հավաք-երթի, որի նպատակներն են`

1. եւս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,

2. ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,

3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև` հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով` Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները ԱԺ-ում քննարկումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ձեռնպահ մնացին քննարկման վերաբերյալ մանրամասներ հայտնելուց` խորհուրդ տալով սպասել վաղվան եւ ամեն ինչ տեսնել:

yerkir.am

Տպել Տպել