Վաղվա հանրահավաքը` սոցիալական ու քաղաքական ուժեղ գործոն

ԱրծվիկՔննարկման ընթացքում ճշգրտվել են թե կազմակերպչական հարցերը, թե նաև ովքեր են ելույթ ունենալու: Ճշտվել է հայտարարության հիմնական ուղեգիծը :

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով ԱԺ-ում այսօր կայացած քննարկման արդյունքների մասին:

Ինչպես ավելի վաղ նշել էր Yerkir.am-ը, այսօր ԱԺ-ում համատեղ քննարկում են անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը և «Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ, որի նպատակն էր քննարկել վաղվա հանրահավաքի կազմակերպչական և բովանդակային բաղադրիչները: Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանրահավաքին մասնակցելու առումով քաղաքական ուժերը որևէ հատուկ հրահանգ չեն հնչեցրել իրենց համակիրներին: Հնչեցվել է կոչ` մասնակցել հանրահավաքին, անկախ կուսակցական պատկանելիությունից:

Պատգամավորի կարծիքով` հանրահավաքից ակնկալիքները մեծ են, թե մարդաշատության, թե ազդեցիկության առումով: «Հաշվի առնելով հասարակության վերջին ժամանակներում դժգոհության տարբեր պատճառները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ հանրության լայն համախմբվածությունը, սպասում եմ, որ այն մարդաշատ կլինի»,-ասաց պատգամավորը: Ինչ վերաբերում է այն հարցին` քաղաքապետարանի կողմից արդյոք՞ արտոնագրված է հանրահավաքը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այս հանրահավաքը հրատապ հանրահավաքների շարքից է, որովհետև երբ որոշվել էր, որ պետք է հանրահավաք անցկացվի, օրենքով նախատեսված 7 օրյա ժամկետից ավելի կարճ ժամանակ են ունեցել, ահա ինչու շտապ հանրահավքի շրջանակներում է տեղեկացվել, ինչը համարվում է օրենքով նախատեսված կարգով պատշաճ տեղեկացում:

«Կարծում եմ, որ հանրահավաքի արտոնագրված լինելու հետ կապված խնդիրներ չեն լինի, և ոստիկանությունը տեղեկացված է ամբողջությամբ: Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա տեխնիկական մի շարք հարցեր կարող են առաջանալ, նախաձեռնող խումբն աշխատում է նաև այդ ուղղությամբ, որպեսզի տեխնիկական դժվարություններ չառաջանան»,-ասաց Մինասյանը:

Այն հարցին` կարո՞ղ է այդ հանրահավաքը դառնալ քաղաքական ու սոցիալական գործոն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ: Դա ոչ միայն գործոն է, այլ` ազդակ` ուղղված թե իշխանություններին, թե հանրությանը, որ միայն պայքարի միջոցով է հնարավոր արձանագրել առաջընթաց: Հակառակ դեպքում, տանը նստելով, պատերի տակ դժգոհելով, աշխատասենյակներում քննադատելով իշխանությանը, դա հարցի լուծում չի ապահովելու»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ 4 քաղաքական ուժերը վաղը լինելու են Ազատության հրապարակում` սպասարկելով քաղաքացիական հասարակության պահանջը, այն է` կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը:

yerkir.am

Տպել Տպել