Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի. հավաք – երթ Ազատության հրապարակում

թերթԱյսօր, հունվարի 18-ին, Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը:

Երթին մասնակցում էին նաև Ազգային ժողովի չորս խմբակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը:

Հավաք-երթի մասնակիցները պահանջում էին Սահմանադրական դատարանին հունվարի 25-ի նիստին կասեցնել և հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքը:

Հավաքի մասնակիցները վանկարկում էին «կասեցում», «հաղթանակ», «մենք ենք տերը մեր երկրի», «Սերժիկ, հեռացի’ր»: Պարզել էին «Ո’չ գրպանահատությանը», «Ո’չ պարտադիրին», «Դուրս եկեք մեր գրպանից», «Ո’չ իշխանական տզրուկներին», «Ո’չ հոգևոր անբարտավանությանը» գրություններով պաստառներ:

երթՀավաքը բազմամարդ էր: Ներկա էին նաեւ 1974-ից ավելի վաղ ծնված մարդիկ, որոնց վրա նոր օրենքը չի տարածվում:

Հավաքին մասնակցում էին նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նախկին ուսանողները` «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» գրությամբ պաստառներով:

Հավաք-երթի նպատակն էր`

1. Իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,

2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին հայ ժողովրդի համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,

3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը»:

Հավաքին ելույթներով հանդես եկան Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւ շարժման երիտասարդ կազմակերպիչները:

Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, թե ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ գազի, էլեկտրաէներգիայի սակագնին է թանկացել պարտադրվում է նաև «այս արատավոր կենսաթոշակային համակարգը»։

«Մենք ձեզ հետ միասին պետք է ասենք՝ ոչ։ Պետք է կարողանանք վճռական պայքար մղել: ՍԴ դիմումի կարևոր պայմաններից է, թե արդյո՞ք այս օրենքը, որ ներկայացվել է ներկա և ապագա սերունդների համար, համապատասխանում է հայ ժողովրդի կամքին»,-ասաց նա: Պատգամավորը տեղում ի լուր ՍԴ-ի հասարակությանը հարցրեց, թե կարո՞ղ են այս օրենքին ասել՝ ոչ, ինչին հավաքվածները դրական պատասխան տվեցին:

«Պատրա՞ստ ենք մինչև վերջ պայքարելու», «կարո՞ղ ենք մեր կամքը պարտադրել այս իշխանություններին» պատգամավորի հարցերը կրկին դրական պատասխան ստացան:

«Ուրեմն մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն պետք է լսի ձեր ձայնը, վճռական կոչը,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը,- մենք վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 28-ին, անկախ նրանից`ինչ որոշում ՍԴ-ն կկայացնի, մենք մեր պայքարն իրավունք չունենք թուլացնելու մինչև վերջ և բուն դատաքննության ժամանակ ցույց կտանք, որ հաղթեց հայ ժողովրդի կամքը։ Հաղթանակ՝ մեր ապագա և ներկա սերունդների համար»:

Հանրահավաքից հետո մեկնարկեց «Դեմ եմ» կարգախոսով երթը քաղաքի կենտրոնական փողոցներով։

Երթի մասնակիցները բոլորին կոչ էին անում միանալ երիտասարդության առաջնորդությամբ սկսված պայքարին՝ ընդդեմ հակասահմանադրական օրենքի կիրառման։

Տպել Տպել