Աշոտյանի՝ «հայրենատիրության եւ պահանջատիրությանը» մոտեցումը ժամանակավրեպ է

fbՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին՝ Հայաստանի Հանրապետության անունը փոխելու վերաբերյալ։

Սահմանադրական բարեփոխումները շրջանակում նա առաջարկել էր քննարկել նաեւ մեր պետության վերանվանման հարցը՝ պատմական արդարության վերականգնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:աշոտն

«Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմնադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:

Կիրո Մանոյանը գրում է. «Արմեն Աշոտյանից առաջ, 1990թ. օգոստոսին, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում քննարկվում էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի բովանդակությունը, այն ժամանակ պատգամավոր Սեյրան Բաղդասարյանն այդ հարցը բարձրացրեց` նույն հիմնավորումով։ Այն ժամանակվա ԳԽ մեծամասնությունը մերժեց այդ առաջարկը. արդյունքում՝ ունենք 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը հիմքն է հանդիսանում ՀՀ Սահմանադրության. ՀՀ Սահմանադրությունը կարելի է բարեփոխել, Անկախության մասին հռչակագիրը՝ ոչ։

Անկախության մասին հռչակագիրն ասում է. «[…] գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, […] զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, […] 1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան»: Այսպիսով, անկախ պետականության հաստատան գործընթացի սկիզբը հռչակած Հայաստանի Հանրապետությունը հանձն է առել “համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում» «իր պատասխանատվությունը»։ Հետեւաբար, պրն Աշոտյանի առաջարկը կարող է ենթադրել ու մեկնաբանվել, որպես այդ պատասխանատվությունից՝ Հայաստանի Հանրապետության խուսափում։

Եթե պրն Աշոտյանի նպատակը «ատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» հարցերն են, ապա մինչեւ Սահմանադրական բարեփոխումները, դա կարելի է դրսեւորել Հայաստան-Թուրքիա արձանագրություններից ՀՀ կողմից ստորագրությունները հետ կանչելով, Հայաստան-Թուրքիա սահմանի մասին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը հռչակելով որպես ՀՀ-Թուրքիա իրավական սահման. այդ վճռի իրագործումը դարձնելով պետական նպատակ, եւ այլն։

Իսկ սահմանադրական բարեփոխումներում, կարելի է Սահմանադրության ներածական պարբերությունում կատարել հետեւյալ հավելումը (թավով գրված). «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, իբրեւ իրավաժառանգորդը 1918 մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության՝ վերականգնելու համար 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռով ճշտված իր տարածքային ամբողջականությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Պետության անվանափոխությամբ «պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» կեցվածք դրսեվորելու մոտեցումը ժամանակավրեպ է. հատկապես՝ երբ առկա է նաեւ պատմական Արեւելյան Հայաստանին մաս կազմած Արցախի անկախ Հանրապետությունը։ Նմանապես ժամանակավրեպ է «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպելը։

Այս ամբողջի մասին ավելի ծավալուն՝ շուտով։

yerkirmedia.am

Տպել Տպել