Հրանտ Մարգարյան. Հաղթելու ենք միասին


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Բեյրութում՝ ՀՅԴ 117-ամյակի միջոցառմանը:

Հարգելի ներկաներ եւ սիրելի ընկերներ,

Չեմ եկել տոնակատարության մասնակցելու, եկել եմ պարտքի գիտակցությամբ մի շրջան, որի նկատմամբ ամբողջ հայությունը եւ մասնավորաբար Սփյուռքը հարգանք ունի, պարտք ունի եւ սրտի դողով հետեւում է ձեր մտահոգություններին, ձեր անորոշությանը եւ հակառակ առկա առօրյա դժվարություններին` չի կարող անտեսել, չկարեւորել ձեր ցուցաբերած համահայկական կեցվածքները` ի խնդիր Հայ Դատի, երկրում ինքնուրույն կենսունակ քաղաքական ներկայության, ի խնդիր Լիբանանում թուրքական ուժերի ներկայության դեմ ձեր արի ու արթուն դերակատարության։

Հարգանքով ու մեծ ակնկալիքներով, գեթ` բարոյապես, ձեզ հետ կիսում ենք ձեր երկրի ու գաղութի դժվարությունները եւ հույս ունենք` վերջնական խաղաղությունն ու կայունությունը կվերադառնա անկախ ու ամբողջական Լիբանան, եւ դուք կշարունակեք ձեր միասնական կեցվածքով կենսունակ ներկայություն լինել երկրի քաղաքական, տնտեսական կյանքում եւ ձեր կարելին չեք խնայի ներքին համերաշխության մթնոլորտի ստեղծման գործում։

Եվ վերջապես, առիթը օգտագործելով` կոչ ունեմ ուղղելու շրջանի ազգային եւ քաղաքական ղեկավարությանը` ծրագրված ու հետեւողական աշխատանքով վերաորակավորել ազգային, հասարակական կյանքը մեր այս կարեւոր շրջանում։ Դուք ունեք մեծ ներուժ, օրինակելի ավանդություններ, եւ մեծ են մեր ժողովրդի ակնկալիքները այս շրջանից։

Դաշնակցության 117-ամյակ… Քանի ամյակներ ենք նշել եւ չենք հոգնում նշելուց, չենք հոգնում նշելուց, որովհետեւ բան ունենք ասելու, գործ ունենք կատարած, հաշիվ ունենք տալու։ Այն օրը, երբ ավելորդ կհամարենք այս օրվա նշումը, կնշանակի` սովորական ենք դարձել, ձանձրալի ու անբան։
Ի հեճուկս Դաշնակցությանը չսիրողների` կրկին եկել ենք, բաց ճակատով ենք եկել մեր ժողովրդի մոտ, ներկայացել ենք մեր ժողովրդին, ու ի սկզբանե տարակուսանքի մեջ ենք. խոսենք արածի,՞ թե՞ անելիքի մասին։ Հաշիվը արածի մասին են ներկայացնում, բայց ամեն մի հաշվետվության մեջ կա ինքնաբավարարվածության նշան։ Մենք չունենք այդ զգացումը։ Մեր անելիքը առջեւում է։

Կարեւորության աստիճանները նկատի չունենալով` նշենք անցած տարվա ընթացքում մի քանի ձեռքբերումների մասին եւ անցնենք առաջ.

-ԱՄՆ-ին չհաջողվեց Հայաստանի Հանրապետությունում դեսպան նշանակել այն անձին, որը մերժել էր Ցեղասպանության փաստը։
-ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից ճանաչվեց Հայոց Ցեղասպանությունը` հաստատելով 106-րդ հոդվածը։
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաժողովրդական հանրաքվեի միջոցով հաջողվեց ԼՂՀ փաստացի սահմանները ամրագրել Սահմանադրության մեջ։
-Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովը հաստատեց օրենք երկքաղաքացիության մասին։
-Եվրոպայում` Եվրախորհրդարանի շենքում, գումարվեց եվրոպահայության երկրորդ խորհրդաժողովը։
-Ջավախքում կազմակերպվեց ժողովրդային ստորագրահավաք, որին մասնակցում էին նաեւ տարածաշրջանի հայ պետական այրեր։ Բարձրացվեցին Ջավախքի պահանջները, ինքնավարության մեր հարցը։

-Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին հաջողեցինք ավելի մեծ ներկայություն ապահովել։

-Կազմակերպվեց ՀՅԴ-ՌԱԿ համաժողովը` իբրեւ ապացույց ներազգային առողջ համագործակցության։

-Բրյուսելում` Եվրախորհրդարանի առջեւ, կազմակերպվեց եվրոպահայության բողոքի ցույցը Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցության դեմ։

Գիտակցաբար չեմ անդրադառնում մի շարք կարեւոր միջկուսակցական հանդիպումներին, միջազգային կազմակերպությունների մեջ մեր ներկայությանն ու անելիքներին, պետական կարելիություններ դեպի Հայաստան ուղղորդող մեր ճիգերին, երիտասարդական-ուսանողական միությունների մակարդակում կատարված աշխատանքներին, Վաշինգտոնի կենտրոնում Հայ Դատի սեփական գրասենյակի ստեղծմանը, Ջավախքում Երիտասարդական կենտրոնների կառուցմանը եւ բազում հիշվող ու չհրապարակվող աշխատանքներին։

Պետք է խնայեմ ձեր ժամանակը, սակայն բացառության կարգով պետք է անդրադառնամ մեր կազմակերպության մեկ կարեւոր որոշմանը։
ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններին առաջադրում է ընկեր Վահան Հովհաննեսյանի թեկնածությունը։

Ճշմարիտ են ասել` քաղաքականությունը հնարավորը կարելի դարձնելու արվեստն է, թեպետ մենք մեր պատմության ընթացքին հաճախ պարտավորվել ենք կարելի դարձնել նաեւ անկարելին, կամ ուրիշների կողմից անկարելի թվացող անկարելին։ Սակայն անկարելին կարելի դարձնելու մեր վճռականության մեջ խուսափել ենք հնարավորի ձախողման արկածախնդրությունից։ Դաշնակցությունը որոշել է հաջողեցնել, կարելի դարձնել անկարելի թվացող մի նպատակ` ընտրությունների միջոցով ստանձնել երկրի նախագահությունը։

Մեր կողմից հնարավոր այդ նպատակն ինչո՞ւ է անկարելի համարվում ուրիշների կողմից։ Հրապարակի, մամուլի եւ զանազան վայրերում հնչած կարծիքներն է, որ կփորձեմ ամփոփել այժմ եւ միաժամանակ կփորձեմ հստակեցնել հարցերը։
Թե ինչո՞ւ են անկարելի համարում մեր հաղթանակը, ինչո՞ւ են կասկածամտորեն վերաբերվում մեր պայքարի իրական նպատակներին.

1. Թուլամորթները ամենազոր են համարում իշխանություններին, որոնց դեմ, իբրեւ, «խաղ չկա»։

-Անշուշտ, ամենազորի հարց գոյություն չունի, առկա է միահեծանության վտանգ, եւ այդ վտանգը բացառելու համար ամենաիրական երաշխիքն է մեր հաղթանակը: Ամենազորության մասին չափազանցված վերագրումները իշխանություններին ավելի շատ հետեւանք է անկազմակերպվածության, անզորության, թող թույլ տրվի ասելու` նաեւ վախկոտության ու թուլամորթության։

Չպետք է մոռանալ. ամենազորը ժողովուրդն է եւ արդարության համար պայքարող կազմակերպված եւ զոհաբերության պատրաստ հավաքականությունները։ Իհարկե, այլ խոսք է, որ ինչպես նախկինները, այսօր էլ կան մարդիկ, ովքեր ավելորդ ինքնավստահությունից ելնելով են հանգում այն սին համոզումին, թե իրենց դեմ խաղ չկա։

Քաղաքական-պետական կյանքում քաղաքական ուժեր, դեմքեր հաճախ նաեւ կործանվում են, երբեմն` նաեւ վերջնականապես, ինքնասիրահարվածության, չափազանց ինքնավստահության պատճառով։ Անցյալը սպառված է, ներկան ինքնասպառման վտանգի է ենթակա։ Անցյալը սպառնում է ցնցում, հեղաշրջում, որը ոչ մի լավ բան իր հետ չի բերելու, գալիս է անցյալը` կրկնվելու, ազգայինը կործանելու։ Ներկան համառում է իր միահեծան տիրապետությունը ստեղծելու։ Եվ այս իրողությունը ամենահիմնական պատճառն է մեր հրապարակ գալու համար։ Մենք հայտ ենք ներկայացնում երկրի պետական կարգը, քաղաքական դաշտը կարգավորելու, հավասարակշռելու համար, մենք հայտ ենք ներկայացնում մեր կյանքը ավելի քաղաքակիրթ դարձնելու, զարգացման համար իրավահավասար, արդար փոխհարաբերություններ եւ իրական կարելիություններ ստեղծելու համար։

2. Կասկածամիտները ենթադրում են, թե Դաշնակցությունը ավելի քան 10 տարի իշխանությունների հետ լինելով` այսօր չի կարող, չի համարձակվի, անհարմար կզգա սեփական թեկնածուով ասպարեզ գալ, եւ այդ առումով ներկայիս հայտը ժամանակավոր է եւ հետին նպատակ է հետապնդում։

-Շատերն այդպես էլ չհասկացան Դաշնակցությանը եւ իրենց արշինով փորձեցին չափել նաեւ մեզ, սակայն մեկ ավելորդ անգամ էլ փորձենք բացատրել. Դաշնակցությունը համագործակցել է իշխանությունների հետ հստակ նպատակներ հետապնդելով եւ բացահայտ սկզբունքների հիման վրա։ Իշխանությունը մեզ չի հրամցվել, իբրեւ կաշառք չի ներկայացվել, համագործակցության ամբողջ ընթացքում չենք նույնացել իշխանությունների հետ, չենք դադարել մեր կողմից հայտարարված արժեքների, նպատակների, տեսակետների համար պայքարելուց, չենք խուսափել բարձրաձայնել այն ամենի մասին, ինչին հետ համաձայն չենք եղել, տարբերվել ենք իշխանություններից։

Մենք բացահայտ ենք գործել, մենք ո´չ իշխանություններին, ո´չ մեր գործընկերներին եւ ո´չ էլ մեր ժողովրդին ենք փորձել նվազագույն չափով այլ կերպ ներկայացնել իրականությունը։ Այն, ինչի համար մենք եղանք իշխանությունների հետ, անարդյունք չէր, եւ դրա համար ոչ միայն ափսոսելու բան չունենք, այլեւ հակառակը։ Մենք ոչ մեկին պարտական չենք եւ համարձակության խնդիր չունենք, անհարմար զգալու պատճառ չունենք։ Այո, մենք իշխանությունների հետ համագործակցության իսկ ժամանակ եղել ենք թե´ իշխանություններին եւ ոչ միայն նրանց, նաեւ ընդդիմություններին իրական այլընտրանք, որովհետեւ անցյալի ու ներկայի իշխանությունների, իշխանության ու ընդդիմության ճակատում գտնված ուժերը շատ բաներում են իրարից տարբերվում, սակայն տնտեսական, սոցիալական հարցերում, ուր մեր ժողովրդի հիմնական դժգոհությունների պատճառներն են առկա, նրանք նույնն են։ Այս հարցերում մենք ենք իրենց իրական այլընտրանքը։

3. Հոռետեսները կանխագուշակում են. 10 երկար տարիներ իշխանությունների հետ լինելով եւ այսօր սեփական թեկնածուով ասպարեզ դուրս գալով` Դաշնակցությունը ենթարկվելու է թե´ իշխանությունների եւ թե´ ընդդիմության հարվածներին։ Այլ խոսքով` ըստ նրանց, ո´չ իշխանություն, ո´չ ընդդիմություն Դաշնակցության որդեգրած քաղաքական ուղին դատապարտված է ձախողման։

-Այսօր իշխանությունը բեւեռացած է Սերժ Սարգսյանի առանցքի շուրջ, իսկ ընդդիմադիր բեւեռը` Լեւոն Տեր Պետրոսյանի։ Երկուսն էլ, իրենց ձախող քարոզչական աշխատանքով, մեկը մյուսին հզորացնելով են զբաղված։ Ամենայն համոզումով ու հպարտությամբ հայտարարում ենք` մենք այս իշխանության հետ նույնը չենք եւ առավել`այս տեսակ ընդդիմության նման չենք ու հետը չենք, չենք կարող լինել։ Մենք պատճառաբանված ու հիմնավորված այլընտրանք ենք այս իշխանություններին ու այս ընդդիմությանը։ Փաստը մնում է փաստ. իշխանությունները հանդուրժում են մեզ, ընդդիմությունը հասկանում է մեզ։ Մենք այս իրավունքը վաստակել ենք։ Այդպես էլ չլիներ` ողբերգություն չէր լինի։

4. Ի սկզբանե հոգով պարտվածները կարծում են` իշխանությունները ունեն կարողություն ու ցանկություն` ընտրությունները կեղծելու, հետեւաբար` անիմաստ է ընտրությունների միջոցով հարցեր լուծել։

-Անշուշտ, հաստատման առաջին բաժինը ճիշտ է, սակայն սխալ է հետեւությունը։ Անկեղծ լինելու համար պետք է հաստատենք, որ յուրաքանչյուր ընտրություն նախորդից ավելի լավ ընտրություններ են, եւ այդ համեմատական լավը արձանագրվում է մեր եւ ուրիշների մասնակցությամբ, պայքարով։ Չի կարելի պատկերացնել, որ կարելի է սպասել մինչեւ այն օրը, երբ լավ ընտրություններ կունենանք եւ հետո մասնակցենք ընտրությունների։
Որքան մենք լավ կազմակերպվենք, որքանով կուսակցությունները ունենան գիտակից, անկաշառ, քաջ անդամներ, այդչափով էլ կպարտավորեցնեն իշխանություններին` լավ ընտրություններ կազմակերպելու։

5. Չարագուշակները մտորում են` նախկին իշխանությունների վերադարձի եւ դրա իբրեւ հետեւանք` երկրի քաղաքական կուրսի մեջ փոփոխության վտանգն այնքան մտահոգիչ է, որ Դաշնակցությունը վերջապես այդ վտանգը բացառելու համար ընդհանուր ճակատ կազմելու անհրաժեշտության դիմաց կզիջի իր շանսը։
-Բավական է անընդհատ պարտավորվենք վատի ու վատագույնի միջեւ ընտրություն կատարել։ Մենք ձեւավորում ենք լավի, դրականի հզոր կողմը եւ մեր ժողովրդին ընձեռում ենք հնարավորություն ու կարելիություն` լավն ու դրականը ընտրելու։

Անցած 17 տարիներին մեր գլխավոր ձեռքբերումը անկախությունն է եղել ու Ազատ Արցախը։ Այն, ինչ այսօր կենսական անհրաժեշտություն է ու համաժողովրդական պահանջ` արդարությունն է, սոցիալական արդարությունն է, ժողովրդավարությունն է ու ազատ մրցակցությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, իշխանության ու օրենքի անաչառությունն է ու ժողովրդական բոլոր շերտերի պաշտպանվածությունը։ Պետական համակարգը, իշխանությունները` անցյալի ու ներկայի տեսքով, ոչ թե մեկը մյուսին փոխարինելու հարց ունեն, այլ պետք ունեն փոփոխությունների, որակավորման, մաքրման։ Ով որ համառի, ականջալուր չդառնա համաժողովրդային այս պահանջին` լրջորեն ռիսկի է ենթարկում կարծեցյալ իշխանությունն ու իշխանության հարատեւությունը։

Ընդդեմի հասկացողությամբ շարժում ձեւավորելու նպատակ չենք հետապնդում, ոչ էլ աչքակապությամբ ենք ուզում զբաղվել, իրերը կոչելու ենք իրենց անունով։
Անցյալի եւ ներկայի միջեւ, անշուշտ, կան էական տարբերություններ, սակայն նրանք ապացուցել են, որ ի վիճակի չեն արդարություն հաստատել, ի վիճակի չեն անաչառ լինել, ժողովրդավարությունը նրանց համար միայն արտաքին աշխարհի ճնշումներից ազատվելու պարտադրված համակարգ է։ Մենաշնորհը, անարդարությունը այն ճյուղն է, որի վրա նստած են իրենք եւ չեն կտրելու։ Նրանք հավատացած են` հարստությունն է ուժի աղբյուրը, ոչ թե արդարությունը, վախն է ժողովուրդներին ղեկավարելի դարձնում, ոչ թե օրինականությունը, արդարությունն ու անաչառությունը` ղեկավարման արվեստը։

Մարդ-քաղաքացին նրանց համար գնահատվում է գոռոզության, անխղճության աստիճանով, թիկնապահների թվով, բանկային հաշվով, ինքնաշարժի մոդելով։ Արվեստն ու մշակույթը նրանց համար ծիտիկների թռվռոց է կամ երջանկահիշատակ «Մարիանայի» հերոսուհու մեծարում։ Գիտությունը` ամեն գնով ավարտական փաստաթղթի ձեռքբերման փաստ։ Մենք, նրանց համեմատությամբ, տարբեր աշխարհներում ենք ապրում, ավելի ճիշտ` աշխարհն այլ կերպ ենք ընկալում։

Մենք այլընտրանք ենք։ Մենք այլընտրանք ենք ոչ միայն մեր տնտեսական քաղաքականությամբ, սոցիալական համոզումներով, նաեւ` բարոյական արժեքների ընկալումներով։

6. Թերահավատները կանխատեսում են` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դեռ քաղաքականորեն ամբողջությամբ կազմակերպված չէ եւ հեռու է գիտակցաբար ընտրություն կատարելու հնարավորությունից։ Նման միջավայրում ավելի շատ դերակատար են ընտրակաշառքը եւ ամբոխավարությունը։
-Առանց ավելորդ հավակնությունների` մենք համեմատական առումով ամենակազմակերպված քաղաքական ուժն ենք, թեպետ այս առումով դեռ խնդիրներ եւ բարձունքներ ունենք լուծելու եւ նվաճելու, իսկ մեր մասնակցությունը ցանկացած ընտրությունների էականորեն նպաստում է ժողովրդի քաղաքականացմանը եւ մեր կազմակերպության առավել հզորացմանն ու ժողովրդականության ամրապնդմանը։ Մենք ընտրապայքարի ենք ելնում քաղաքական, գաղափարական աշխատանք ծավալելով։ Այլ ելք չկա ընտրակաշառքների եւ ամբոխավարության դեմն առնելու. միայն քաղաքականապես հասուն եւ բարոյական արժեքներով ապրող հասարակությունն է, որ կուլ չի գնա ընտրակաշառքների ժամանակավոր գայթակղություններին ու ամբոխավարությանը։

7. Տատանվողները հետեւություն են անում. Դաշնակցության ժողովրդականությունը` ռեյթինգը, միշտ էլ ավելի մեծ է եղել, քան իր ղեկավարներից որեւէ մեկի` առանձնաբար ունեցած ժողովրդականությունը, եւ այդ ժողովրդականությունը բավարար չէ հաղթանակ ապահովելու համար։
-Այս հաստատումի մեջ մեզ համար` Դաշնակցության համար, կա դրական գնահատական, սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ տպավորությունը հետեւանք է ավելի շատ այն իրողության, որ հրապարակում միշտ կան նախագահի հավերժական թեկնածուներ, որոնք իրենց` հաճախ չունեցած ռեյթինգը ձեւավորել են տասնյակ տարիների եւ մի քանի նախագահական ընտրությունների ընթացքում, իսկ մեր Վահանը հազիվ մի քանի շաբաթվա նախագահի թեկնածու է եւ արդեն իսկ վաստակել է մրցակցության ու հաղթելու իրական, մեկնարկային հնարավորություն։

Վահան Հովհաննեսյանն արժանի թեկնածու է։ Նայեք ձեր շուրջը, տեսե´ք, թե ով` ով է, եւ գնահատե´ք մարդկանց։ Վահանը չար չէ, այլ բարի, բացասական կերպար չէ, այլ դրական ու պայծառ, վախկոտ ու լպրծուն չէ, այլ` քաջ ու կայուն, գլուխգովան ու պարծենկոտ չէ, այլ` համեստ ու խոհեմ։ Վահանը անցել է երկար ճանապարհ, Ղարաբաղի պայքարի բովով է անցել. Ղարաբաղում չէր ապրում, եւ պայքարը չէր, որ գտել էր նրան, այլ գիտակցաբար ինքն էր փնտրել պայքարը` Ղարաբաղը։ Ղարաբաղի պայքարը նրա համար նպատակ էր, ոչ թե քաղաքական կարիերայի միջոց, նա Ղարաբաղը չի հիշել Ազգային ժողովի աթոռին տիրանալուց հետո։ Նա քաղաքական պայքարի ինքնուրույն ուղի է անցել, նա բոլոր ժամանակների իշխանությունների մեջ ու կողքին չի եղել, ժամանակին նրանց համար լծակ չի եղել, նրանց գովքը չի հյուսել, այլ սեփական կեցվածքով ու պայքարով է նվաճել իր ձեռք բերածը։ Հալածվել է բայց չի կոտրվել, հաջողել է` ինքը իրեն պարտադրել։

Դաշնակցությունը գիտակցաբար է ճամփա ելել նախագահական ընտրապայքարի, եւ մեր քաղաքականությունը, մեր տակտիկան բաց է ու պարզ։ Եվ որովհետեւ բաց է ու պարզ, ոմանց մեջ առաջացնում է կասկածամտություն, խաղ է թվում մեր արածը, հետին նպատակներ են վերագրվում մեզ, բայց որովհետեւ բաց է ու պարզ, նաեւ մաքուր է, համարձակ ու հաղթելու ներուժով օժտված։

Արդարեւ, դժվար է մեր ուղին, որին դեմ ենք դնում մեր հավաքական, դաշնակցականներիս հավաքական կամքը։ Մենք չունենք որեւէ պետության թիկունքը, չունենք ընտրակաշառքի համար փողեր, չունենք ահաբեկելու լծակներ, չունենք էժան խոսքի, ամբոխավարության, աներեսության լուքսություններ։ Մենք ճամփա ենք ելել` հույսը դնելով մեր տրամաբանական խոսքի, մեր ճշմարտության, կենսագրության, տքնաջան աշխատանքի եւ մեր սիրելի ժողովրդի գիտակցության վրա։ Մերն է հաղթանակը, որովհետեւ մերն է ճշմարտությունը, բարոյականությունն ու կամքը։

Մենք լրջորեն խորհրդակցություններ ենք սկսել մի քանի ազգային ուժերի հետ, որպեսզի առավել հզորությամբ մասնակցենք նախագահական ընտրություններին։ Մենք տոգորված ենք վճռականությամբ ու բարյացակամությամբ, հույս ունենք` հանուն մեր հայրենիքի եւ ժողովրդի բարօրության երկարացրած ձեռքը անպատասխան չի մնա, եւ մեր օրինակը ավելի մեծ խթան կդառնա բոլորի համար` այս ընտրություններով փոխելու մեր կյանքը, քաղաքական կայունության պայմաններում ապահովելու փոփոխություններ։

Իշխանության տենչը չէ, որ պատճառ է դարձել համագործակցության ձեռք մեկնելուն։ Մեզ համար իշխանությունը ինքնանպատակ չէ, մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր բաժանելու են մեր պատկերացումները ու բարոյական հասկացողությունները։

Իշխանությունը մեզ համար մեր շրջապատի հարստացման միջոց չէ, իշխանությունը մեզ համար ազգի պոտենցիալ հնարավորությունների կազմակերպման ու նպատակային ուղղվածություն տալու միջոց է։ Իշխանությունը մեզ համար միջոց է ազգի անվտանգությունն ու հարատեւությունը ապահովելու համար։ Իշխանությունը մեզ համար միջոց է ժողովրդի բոլոր շերտերի զարգացման կարելիությունն ստեղծելու համար։ Ժողովրդի բոլոր շերտերի նկատմամբ հոգատարության դրսեւորման դեպքում միայն հնարավոր է ազգի համախմբումը մեր հետապնդած նպատակների շուրջ։

Մենք ոչ թե իշխելու, այլ ղեկավարման նպատակ ենք հետապնդում, իսկ ղեկավարելու համար պետք է ժողովրդին քո կողքին ունենաս։ Բարօրության եւ արդարության մթնոլորտում է հնարավոր հասնել ստեղծագործող մարդու եւ հասարակության մակարդակի։

Մենք այլընտրանք ենք, եւ այս համոզումը մեր իշխանատեչությունն ու մեծամտությունը արդարացնող հնարք չէ, նրանց էությունն է մեր տեսակը արժեւորել եւ անխուսափելի անհրաժեշտություն դարձրել։

Մենք գիտակից ենք մեզ վիճակված առաքելության, մենք գիտակից ենք ժողովրդի ակնկալիքներին եւ ահա հրապարակ ենք իջնում եւ մեր հերթին ակնկալում ու կոչ ուղղում մեր ժողովրդի բոլոր շերտերին, բոլոր բոլորին` անհատ առ անհատ.

Համախմբվե´ք Դաշնակցության շուրջ, Դաշնակցության նախագահի թեկնածուի շուրջ։ Մենք հաղթելու ենք միասին։

Հայ մտավորականություն, քաղաքականացած, մտածող հասարակություն, դուք, որ կյանքում կարող եք արժեւորել ընդհանուրի շահն ու բարոյական արժեքները, դուք, ում վիճակված է լուծումներ գտնել ընդհանուրի համար, մեր դռները բաց են ձեր առաջ, միացե´ք մեզ եւ ձեր մտքի հզորությամբ ու աշխատանքով առավել հզորացրեք մեր երթը։

Հայ աշխատավոր ու գյուղացի, միացի´ր մեր երթին, քեզ հարազատ կուսակցությանը, քո իրավունքների, քո վաստակի պաշտպան կազմակերպությանը։ Մենք չենք կարող քեզ ընտրակաշառքներ տալ, սակայն մենք քո մնայուն շահերի պաշտպանն ենք, մենք մեր հայրենիքի ամբողջական ազատագրմանը զուգահեռ` ձգտում ենք նաեւ մեր ժողովրդի ամբողջական ազատագրմանը։ Չի կարող որեւէ ժողովուրդ ազատ լինել, եթե դեռ առկա է տնտեսական շահագործումը։ Ուրեմն` առա´ջ դեպի ընդհանուր ազատագրում։

Հայ ձեռներեց, արհեստավոր զարգացումն ու առաջընթացը հնարավոր է միայն արդարության, օրինականության մթնոլորտում, միացե´ք մեզ, որպեսզի իրականություն դառնա մեր բոլորի երազած հայրենիքը։

Հայ երիտասարդություն, ուսանողություն, մենք ձեր կազմակերպությունն ենք. երիտասարդության գլխավոր հատկանիշը համարձակությունն է ու անկեղծությունը։ Միացե´ք մեզ, եւ մեր հաղթանակը անխուսափելի կլինի։

Բոլոր-բոլորդ միացե´ք մեզ, հետ չմնաք, մեր երթից դուրս չմնա´ք, մենք գնում ենք հաղթելու։

Բեյրութ
19 դեկտեմբերի, 2007թ.

Տպել Տպել