Մենք անզիջում կլինենք մեր ազգային շահերի պաշտպանության գործում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարություն

ARF_Logo-colored2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը իր անարդար վճռով արդարացրել է մարդու դեմ ոճրագործության իրականացման հերքումը: Փաստորեն անմեղսունակ է ճանաչվել մի հանցագործ, որը հերքում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունը, դա անվանելով ՙմիջազգային սուտ՚, իսկ դրա վտանգը կրկնապատկում է այն հանգամանքը, որ այս կեցվածքը միտում ունի դառնալ նախադեպ և առիթ ստեղծել նոր ոճրագործությունների ընդդեմ բոլորիս` համայն մարդկության:

Արցախը դիմակայել է Թուրքիայի կողմից սկսված և Ադրբեջանի միջոցով շարունակվող ցեղասպանությանը: Ադրբեջանը դեռևս 1920-ական թվականներին պետականորեն ծրագրված ցեղասպանություն է իրականացրել ոչ միայն Արցախում, հատկապես Կուր գետի արևելյան հատվածում, այլ նաև Նախիջևանում: Վկան ամայացված բնակավայրերն ու ոչնչացված հարյուրավոր հայկական խաչքարերն են:

Մեր խորին համոզմամբ Ադրբեջանին այս սանձարձակությունների մղողը ժամանակին Թուրքիայի կատարած ցեղասպանության չդատապարտելն է, հատուցում չպահանջելը և վերջին հաշվով միջազգային հանրության կողմից այդ անմարդկային և վայրագ քաղաքականության շարունակության փաստացի հովանավորումը: Մեր ժողովրդի համառ և վճռական պայքարի շնորհիվ մեր հայրերի, ընկերների, զավակների արյան գնով մենք կանխեցինք ցեղասպանության նոր ալիքը և կերտեցինք մեր Ազատ ու Անկախ երկիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Մեր համոզմամբ Եվրոպական դատարանի այս որոշումը նախ և առաջ հարցականի տակ է առնում Շվեյցարիայի արդարամիտ օրենսդրությունը, որը քրեորեն պատժելի արարք է համարում մարդկության դեմ ոճիրները, ներառյալ Հայող Ցեղասպանության ժխտումը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վճռի անփոփոխ մնալը մեծ հարված է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործին, այդ թվում Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային ճիգերին:

Բարձր ատյանների հակամարդկային որոշումները ծնում են նոր ոճրագործություններ: Դրա վկայությունն է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմի ագրեսիվ քայլերը, որոնց հետևանքով նորից թափվեց անմեղ արյուն:
Մենք անզիջում կլինենք մեր ազգային շահերի պաշտպանության գործում:

ՀՅԴ Արցախի Կենտոնական Կոմիտե
27.01.2014

Տպել Տպել