Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում

artur1Արցախի ազգային վիճակախաղից ստացված 240 միլիոն դրամը կհատկացվի Իշխանաձոր համայնքի վերածնունդին եւ հայրենադարձության գաղափարի կյանքի կոչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցնեն համայնքի 37 առանձնատան շինարարական աշխատանքները: Փոխվարչապետի փոխանցմամբ` նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ փետրվարի կեսերից կսկսվի առանձնատների շինարարությունը:

Արթուր Աղաբեկյանի խոսքերով` Իշխանաձոր համայնքն ունի բոլոր ռեսուրսները բնակիչ ընդունելու եւ ապահովելու նրանց բարեկեցությունը: «Իշխանաձոր համայնքում այսօր 240 բնակիչ կա, գործում է գյուղապետարան եւ դպրոց: Գյուղն ապահովված է խմելու ջրով եւ ունի հսկայական տարածքներ բնակարանաշինության համար: Մեր առաջնային նպատակն Իշխանաձոր համայնքում բնակիչների թիվը 1000-ի հասցնելն է»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ Իշխանաձորի վերաբնակեցումը սերտ կապված է մեկ այլ` Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի հետ:

Փոխվարչապետի գնահատմամբ` իրենց առջեւ հավակնոտ եւ պատասխանատու նպատակ են դրել, սակայն վստահ են, որ արդյունքը դրական է լինելու: «Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի իրագործումը նոր աշխատատեղեր կբացի: Կառավարությունը նպատակ է դրել 10 հազար հա հող պատրաստել հողագործության համար: Մեկ հա-ի համար ներդարված գումարը 400,000 դրամ է: Լավ ենք հասկանում, որ այսօր հողօգտագործողն ի վիճակի չէ իր գրպանից այդ գումարը ներդնել եւ էռոզիայի ենթարկված հողը վերամշակել ու հողագործությամբ զբաղվել: Հետեւաբար, պետական ռեսուրսները ներդրվում են ակնկալիքով, որ հողօգտագործողը մեկ հա-ից կստանա մի քանի միլիոն շահույթ եւ հնարավորություն կունենա 10 տարվա ընթացքում վճարելու պետական ներդրումն ու դառնալու հողի սեփականատեր»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ 2013-ին շահագործման է հանձնվել 400 հա հողատարածք, 2014-ին հողօգտագործողներին կտրամադրվի 1000 հա հողատարածք:

Տարածքի վերաբնակեցման նպատակով արդեն կառուցվել է 40 մետր հոսանքալար, 48 կմ ջրատար եւ արտեզյան հինգ ջրհորներ: Փոխվարչապետն արդեն հանդիպել է Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչների հետ, խորհուրդ տվել մասնակցել հայրենադարձության ծրագրին:

Արթուր Աղաբեկյանի ներկայացմամբ` շուտով Արաքսի ափին կգործի նաեւ տոմատի գործարանը, որին անհրաժեշտ է լինելու 1000 տոննա լոլիկ: Սա նույնպես կնպաստի հողագործության զարգացմանը, քանի որ գյուղացին վստահ կլինի, որ իր ապրանքը կմեթրվի: Որպեսզի Իշխանաձորի բնակչի համար հեշտ լինի Արաքսի ափին հողագործությամբ զբաղվել, շուտով կառավարությունը կապահովի նաեւ ավտոբուսային երթուղին եւ 20 րոպեի ընթացքում գյուղացին կկարողանա Իշխանաձորից հասնել Արաքսի ափ:

ԼՂՀ փոխվարչապետի խոսքերով, կառավարության առաջնային նպատակը ոչ միայն հայրենադարձության ապահովումն է, այլեւ այն, որ հայրենադարձն իր սոցիալական մակարդակով չզիջի Ստեփանակերտում կամ Երեւանում ապրող բնակչին:

«Հայրենադարձը պետք է վաստակի այնքան, որ կարողանա արժանապատիվ ապրել: Մենք` բոլորս պատասխանատու ենք այդ այդ ծրագրի իրականացման համար, 260 հազար 505 հայրենակիցներ, ովքեր գնել են վիճակախաղի տոմս, կոլեկտիվ պատասխանատվություն են կրելու Իշխանաձորի զարգացման համար»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ այս տարի շրջանառության մեջ կդրվի 400 հազար վիճակախաղի տոմս. գերնպատակը վիճակախաղի քանակը մեկ միլիոնի հասցնելն է:

«Պետական բյուջեն սահմանափակ է եւ վերաբնակեցման համար տարեկան 120-130 միլիոն դրամ է նախատեսում: 2014-ին այդ գումարը 380 միլիոն դրամ է եւ, լավագույն դեպքում, տարեկան այդ գումարը գուցե ավելանա եւս 100 միլիոն դրամով: Արդյո՞ք դա այն գումարն է, որ մենք կարողանանք այդ կարեւոր ռազմավարական խնդիրը լուծել: Ո’չ: Հայրենիքը կոնկրետ են սիրում եւ միայն զգացականի վրա հնարավոր չէ երկիր կառուցել. երկիր պետք է կառուցել փաստացի եւ իրականացնել երազանքն ու Արցախի բնակչությունը հասցնել գոնե 300 հազարի (ԼՂՀ բնակչությունն արդեն մոտենում է 150 հազարի- խմբ.): Սա կարող ենք անել միասին, համընդհանուր ջանքերով եւ միասնական մտածելակերպով»,- ասաց փոխվարչապետը` հավելելով, որ Արցախում բնակվել ցանկացողները միշտ ավելի շատ են, քան թույլ է տալիս հնարավորությունը:

Արցախում շրջանառության մեջ դրված 300 հազար վիճակախաղի տոմսից իրացվեց 260 հազար 505-ը: 345 հոգի շահեց Արցախյան գորգ: Նոր վիճակահանության սկիզբը կազդարարվի մայիսի 9-ին, իսկ վիճակահանությունը կլինի դեկտեմբերի 28-ին: Օրը խորհրդանշական է` 1991թ. դեկտեմբերի 28-ին ԼՂՀ անկախ հանրապետությունն առաջին անգամ ընտրեց Գերագույն խորհուրդ:

Հասմիկ Հարությունյան

armenpress.am

Տպել Տպել