Հրանտ Մարգարյան. Եթե միասնական նպատակ ունենք եւ աշխատելու կամք, անպայման հաղթելու ենք:


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը խորհրդաժողովի բացմանը:

Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,
Վեհափառ հայրապետներ,
Սիրելի ժողովուրդ,

Հայոց անկախ պետականության 15-ամյակն է եւ հայ ժողովրդի այս հերթական համախմբումը: Շնորհավորելով ու ողջունելով ամենքին` նախ ուզում եմ հաստատել` մենք այլեւս գոյատեւման խնդիր չունենք: Մենք ունենք զարգացման խնդիր: Մենք չունենք ազգային ուժի ձեւավորման հարց, այլ` ազգային ուժի հզորացման: 15-ամյա Հայոց Անկախ Պետականությամբ մենք արդեն նոր մակարդակի վրա ենք: Գուցե` ավելի լարված, հաստատ` ավելի բարդ: Բայց` որակապես նոր մակարդակի:

Հայրենիք-Սփյուռք համաժողովը նախեւառաջ հայ ժողովրդի համախմբում է` ինքնըստինքյան արժեքավոր ու իմաստալից: Ցանկացած այսօրինակ միջոցառում ոգեւորող է: Բայց այն պետք է լինի նաեւ արդյունավետ:

Հայրենիք-Սփյուռք համախմբումը ուխտի վերանորոգում է, հանձնառությունների ստանձում: Համախմբում է ազգի գլխավոր օրակարգերի, վիրավոր հարցերի շուրջ:

Հայ ժողովրդի գլխավոր օրակարգը, անշուշտ, հայկական պետականությունն է: Հայոց ազատ ու անկախ պետականությունը պետք է լինի ազգային, որ մի օր դառնա նաեւ միացյալ: Պետք է լինի ազգային, որ կարողանա կյանք տալ միացյալ հայության իրողությանը, ներգործոն ուժի վերածի հայ ժողովրդի աշխարհացրիվ կարողականությունը:

Այդ ուղու վրա, վերջապես, պետք է անել առաջին քայլը` ընդունել երկքաղաքացիության օրենքը: Այդ քայլով մեր պարտքն ենք մատուցելու հայրենիքից զրկված մեր ժողովրդին եւ, միաժամանակ, հզորացնելու ենք մեր երկիրն ու հայրենաբնակ ժողովուրդը: Վանենք կասկածամտությունն ու չպատճառաբանված վախվորածությունը եւ ընդունենք երկքաղաքացիության օրենքը:

Հայոց անկախ պետականությունը պարտավոր է եւ ի վիճակի է իր ժողովրդի համար ստեղծել ազատ ու բարօր կյանք` բազմակողմանի զարգացման կարելիություններ ընձեռելով բոլորին:

Հակառակ նվաճումներին ու առաջընթացին, մեր կյանքը հեռու է այդպիսին լինելուց: Երկրում ամենօրյա անարդարություններ կան, հասարակական բեւեռացում ու աղքատություն, կոռուպցիա, ճնշող է բարոյահոգեբանական մթնոլորտը:

Տնտեսական նկատելի աճը չի հասնում դեռեւս ամենքին: Մայրաքաղաքն ու մարզերը անհամաչափ են զարգանում:

Ամենակարեւորը` անկատար է քաղաքական համակարգը: Հասարակ մարդը իրեն տեր ու պատասխանատու չի զգում:

Սա մենք պարտավոր ենք հաղթահարել` առաջիկա ընտրություններում իշխանության բերելով ուժերի, որոնք ունեն ժողովրդի իրական վստահության քվեն, ընդունակ են վճռական ու նպատակային գործունեության եւ կարող են քայլ պահել աշխարհին համընթաց:

Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պետություն, որը հոգատար է իր ժողովրդի բոլոր շերտերի նկատմամբ, որը երաշխավորն է արդար, խտրականությունից զերծ հասարակարգի: Հայաստանը ի վիճակի է եւ պետք է դառնա բովանդակ հայության համար ապրելու երազելի երկիրը:

Մեր պատմությամբ, մեր այսօրվա ներուժով, ապագայի մեր հանձնառությամբ` ուղղակի ամոթ է կարճ ժամանակահատվածում այս չանելը:

Վերջին տարիներին գյուղի եւ գյուղացիության նկատմամբ պետության ուշադրության տրամաբանական շարունակությունն է սահմանամերձ գյուղերի վերականգնման համահայկական այս նախաձեռնությունը: Առօրյա խնդիրները լուծելուց զատ, այն նաեւ ռազմավարական` Երկրի պաշտպանվածության նպատակ է հետապնդում: Անենք այս կոնկրետ գործը:

Մեր համախմբվածությունը առիթ է մեկ անգամ եւս վերանորոգելու Արցախի ազատագրության պայքարը վերջնական ավարտի հասցնելու մեր ազգային ուխտը: Արցախը մերն է: Հաջողած այս պայքարում չպետք է ցուցաբերել հոգնածություն եւ նահանջ: Պետք է ծավալել համընդհանուր քաղաքական-քարոզչական արշավ, պետք է դաս առնել վերջին շրջանի բանակցությունների ընթացքից եւ համոզվել, որ տարածքների զիջումը մեզ համար ելք չի կարող լինել: Վճռականություն մեզ` հայրենիքը, նրա ազատագրված բեկորները ընդմիշտ պաշտպանելու:

Այսօր, այս համախմբվածության մեջ, Ջավախքը պետք է տեսնի իրեն զորակցելու փաստը: «Խոհեմության», զգուշավորության որեւէ նկատառում չի կարող անտեսել մեր ժողովրդի կարեւոր հատվածի լինելիության հարցը: Ինքնավար Ջավախքը ներգործոն դերակատարություն է ստանձնելու Վրաստանի քաղաքական կայունության պահպանման, տնտեսական հզորացման, դաշնակցային Վրաստանի ամբողջականության ու զարգացման գործում, միաժամանակ, ավելի է սերտացնելու Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններն ու բարեկամությունը:

Հայ Դատի ասպարեզում անհրաժեշտ է շարունակել պայքարը: Պայքար, որ համահայկական է եւ չի կարելի համարել հայ ժողովրդի միայն մեկ հատվածինը: Այն պայքար է նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, նրա միջազգային հեղինակության ու ազդեցության համար: Այն պայքար է Սփյուռքի գոյությանը իմաստ, կազմակերպվածությանը` բովանդակույթուն եւ ուղղություն տալու համար: Հայ Դատի պայքարը հայրենիքի ազատագրության ու հայ ժողովրդի արժանապատվության պայքարն է: Հզորացնել պայքարը, խտացնել շարքերը, չտրվել միջազգային խարդավանքներին եւ շարունակել երթը դեպի հաղթանակ:

Սփյուքի կազմակերպվածությունն ու ուժը հայ ժողովրդի ամբողջական ուժի կարեւոր բաղկացուցիչ մասն է: Կազմակերպվածություն, որը պետք է լինի ազգային-միասնական, իր մեջ ընդգրկելով հայ ժողովրդի կենսունակ բոլոր հատվածները` համահայկական օրակարգի լուծմանն իր խնդիր ներգործոն դերակատարությամբ:

Այս երկիր մեր երիտասարդությանն է: Նրանք են գնահատելու մեր արածն ու չարածը: Ուրեմն` ստեղծենք բոլոր հնարավորությունները, որ կարելի դառնա երիտասարդության ինքնակազմակերպումը այս օրակարգերի շուրջ, ազգային արժեքային հիմքի վրա:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ավելի քան երեսուն երկրներում իր կազմակերպական կառույցներով, ձեռք է երկարում բոլորին` նշված ուղիներով միասնաբար առաջ ընթանալու:

Այսօր մենք միասին ենք: 15 տարեկան մեր անկախ հայրենիքում: Եթե միասին ենք, եթե միասնական նպատակ ունենք եւ աշխատելու կամք, անպայման հաղթելու ենք:

Տպել Տպել