Շինծու գործարք, որը նախատեսում է 8-10 տարի ազատազրկում

ԱրծվիկԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր դիտարկումները «Որոտան» կասկադի վաճառքի հետ կապված: Նա նշեց, որ «Մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով՝ պետական մարմինները կարող են մասնավերցվել միայն օրենքով նախատեսված կարգով կամ միջագային պայմանագրերով: Սակայն այն տարբերակը, որն ընտրել է կառավարությունը, ըստ պատգամավորի, որևէ տրամաբանական աղերս չունի մասնավորեցման մասին օրենքի հետ: «Տվյալ դեպքում խոսքը գնում է բիզնեսի՝ մասնավորին վաճառելու մասին, և էստեղ մենք պնդում ենք, որ շկաֆային մոտեցում ցուցաբերելը տեղին չէ: Մենք չենք պահանջում, որ ամեն շկաֆ կամ կահույք վաճառելը պետք է բերեք ԱԺ-ի հաստատմանը, բայց այս գործարքը պետք է բերվեր ԱԺ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ կառավարությունը չկիռարելով մասնավորցման ընթացակարգը, նախ վնաս է պատճառել պետական բյուջեին և այն համայնքներին, որոնք հավելյալ եկամուտներ պետք է ունենային այս վաճառքից: «Սա շինծու գործարք է, երբ իրականացնում ես քողարկված գործարք իրական գործարքը թաքցնելու համար»,- ասաց պատգամավորը: Նա նաև նշեց, որ վաճառքի գումարի 30 միլիոն դոլարը կգնա պետական բյուջե, բայց 150 միլիոնը գնալու է այն մասնավոր ընկերությանը, որը գործել է փակ ռեժիմով, անթափանցիկ ձևով:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Որոտան կասկադի վաճառքը այս պահին իրավական տեսակետից վիճահարույց է ու քանի դեռ չի ներկայացվել գաղտնի գործարքի վերաբերյալ բոլոր հանգամանքները, իշխանությունները և կառավարությունը չեն կարող պնդել թե դա եղել է իրավական հիմքերի վրա: «Փորձ է արվում այն հիմնավորել տնտեսական հիմքերով, բայց կացնային մեթոդով կտրել են գույքը ու տվել X անձի, այդ անձն էլ չունի համապատասխան լիցենզիա ու անհրաժեշտ ունակություններ: Իսկ այսօր եկել ու խոսում են արդյունավետ տնտեսական գործարքի մասին»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա, գործարքը շոշափում է Քրեական օրենսգիրքը՝ «Վնասարարության մասին» հոդվածը, որը նախատեսնում է 8-10 տարի ազատազրկում: Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղից զարմացավ, թե դա իրեն է վերաբերում, ինչին Արծվիկ Մօնասյանը պատասխանեց. «Ոչ ոչ, պարոն Նազարյան, դա Ձեզ չի վերաբերում, Դուք այս ամենի մեջ չկաք»:

Տպել Տպել