Բողոքի ակցիա՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

երթԱյսօր, Փետրվարի 6-ին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց Կառավարության 3–րդ շենքի դիմաց՝ «Նվաճիր իրավունքդ» խորագրով։ Մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ։ P1410314

Ակցիայի մասնակիցները բարձրախոսով Կրթության եւ գիտության նախարարին կոչ արեցին ուսուցիչների աշխատավարձերից ստիպողաբար չգանձել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով նախատեսված 5% գումարը, քանի դեռ ուժի մեջ է Սահմանադրական դատարանի որոշումը, որով ժամանակավորապես քաղաքացիները ազատվում են վճարումը չկատարելու դեպքում նախատեսված տուգանքներից։

«Մի լռեք, բարձրաձայնեք, եթե ձեզ պարտադրում են վճարել այդ գումարը»,- կրթական ոլորտի աշխատողներին բարձրախոսով դիմում էին ակցիայի մասնակիցները։

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանն իր ելույթում ասաց, որ Կառավարությունը ոչինչ չի անում ժողովրդի համար, մինչդեռ առաջինը Կառավարությունը պետք է կատարեր Սահմանադրական դատարանի որոշումը՝ կասեցնի պարտադիր պահումերը, իսկ կենսաթոշակների ֆոնդեր չընտրած քաղաքացիներին ազատի պատասխանատվությունից։

Իրավունքների նվաճման երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ֆինանսների նախարարություն, որտեղ սուլեցին, վանկարկեցին «ամոթ» ապա շարժվեցին դեպի կառավարություն, որտեղից քայլելու էին դեպի Կենտրոնական բանկ, ապա՝ քաղաքապետարան և ՊԵԿ:

«Այսօր պետական այրերը զբաղված են ոչ թե պետականաշինությամբ, այլ թալանով։ Ամեն ինչ, անում են, որ նպաստեն արտագաղթին։ Բայց մենք չենք արտագաղթելու։ Մենք ենք մեր երկրի տերը»,- կառավարության մոտ հայտարարեցին երթի մասնակիցները։

Ցուցարարներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ: Ակցիայի մասնակիցները զարկում են թմբուկներ, վանկարկում են «ամոթ»՝ հիշեցնելով, որ գործատուները, ովքեր պահումներ են կատարում իրենց աշխատողների աշխատավարձերից, չեն հարգում Սահմանադրական դատարանի որոշումը։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և պետական հիմնարկներում աշխատող քաղաքացիներին չստիպել, որպեսզի իրենց աշխատավարձից հատկացումներ անեն պարտադիր կուտակային ֆոնդերին։

«Դեմ եմ» խմբի` իրավունքի նվաճման երթի մասնակիցները քաղաքապետարանի մոտ ավարտեցին երթը` կրկին բոլորին կոչ անելով միանալ, ինքնակազմակերպվել և պայքարել հակասահմանադրական օրենքի դեմ:

Ավարտին՝ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապես Գերասիմ Վարդանյանը կոչ արեց միանալ իրենց հաջորդ ակցիաներին, որոնք կանցկացվեն մարզերում:

Հաջորդ ակցիան կանցկացվի փետրվարի 8-ին, Վանաձորում:

Տպել Տպել