Հայաստանում վիճակը պայթունավտանգ է

ԱրմենԱյսօր, ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ ինչ-որ մի ձևաչափով պատրաստ է նստել եւ քննարկել գազային պայմանագրերի ուսումնասիրման հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ դեռ պարզ չէ, թե` ինչ է նշանակում` նստել, քննարկել. «Մենք այդքան առաջարկներ արեցինք նստել-քննարկելու վերաբերյալ` դեռ ավելի վաղ, բայց բոլորը մերժվեցին: Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի, ես չգիտեմ, մենք պատրաստ ենք ամեն նման քննարկումների, խնդիր չունենք, ավելի լավ է քայլ կատարվի, քան հարցը փակուղի մտնի: Ժողովրդի համար կարևոր հարց է գազի հետ կապված հարցը: Եթե քաղաքական կամք դրսևորեն, մենք պատրաստ ենք: Բայց եթե պիտի արվի քարոզչական նպատակով, իմաստ չունի, հերթական հիասթափությունը կառաջացնի»:

Ռուստամյանի դիտարկմամբ` երբ իշխանությունը ոչ իշխանական ուժերի ցանկացած առաջարկություն մերժում է, մարդիկ ավելի ու ավելի են հասկանում` ինչն ինչոց է. «Մարդիկ տեսնում են, որ եթե ցանկացած հարց մերժվում է, անգամ` ամենաանմեղ հարցը, բնական հարց է առաջանում` եթե նվազագույն խնդիրների լուծման առաջարկները պետք է մերժվեն իշխանության կողմից, ուրեմն մեկ հարց է մնում օրակարգում՝ իշխանություններին փոխելը: Այո, սա մարտավարություն է, որ խնդիրները դառնում են գերակա, որ խնդիրները կուտակվում են: Այս ամենը, կուտակվելով ու հասունանալով, տալու է իր արդյունքները հասարակության մեջ: Ոչ իշխանական քաղաքական չորս ուժերն իրենց օրակարգից չեն հրաժարվելու: Կա իշխանափոխության նպատակ, բայց ինչպե՞ս գնալ դրան, ի՞նչ բովանդակությամբ, ինչպե՞ս անել, որ նոր եկող իշխանությունները նույն սխալները չկրկնեն, դա դեռ քննարկման փուլում է: Այնպիսի համակարգ պետք է ձևավորվի, որ ժողովրդավարական ավանդույթներն արմատներ գցեն: Այնպես որ` չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը աշխատում են իրար հետ գտնել համաձայնության եզրեր: Դեռ կան տարաձայնություններ, բայց եթե չենք հասել մեծ համաձայնության, գոնե պետք է առանձին հարցեր գտնել ու միասին շարժվել առաջ, դա արդյունավետ ճանապարհ է: Կփորձենք այդպես առաջ շարժվել»:

Իշխանությունները, ըստ Ռուստամյանի, ոչ իշխանական ուժերին պառակտելու քարոզչություն են իրականացնում, իշխանությունները ջանք չեն խնայում` այդ միասնությունը պառակտելու համար, որովհետև դա նրանց ձեռնտու է, ձեռնտու չէ ընդդիմության ու հասարակության միավորում կոնկրետ հարցի շուրջ. «Դա պետք է հասկանանք ու համառորեն առաջ գնանք: Մի օր նպատակները կիրականանան, որովհետև այսպես շարունակվել չի կարող»:

Հարցին` արդյո՞ք սպասվում է թեժ գարուն Հայաստանի քաղաքական կյանքում, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանել է, որ Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ թեժությունը սեզոնային բնույթ չունի. այս ձմեռն էլ պակաս թեժ չէր, և կլիմայական պայմանների հետ պետք չէ այն կապել, հարցերն այնքան են թեժանում, որ ցանկացած պահի կարող են պայթյուն առաջացնել. «Մենք այդ թեժ պրոցեսի մեջ ենք, պարզապես իշխանությանը ձեռնտու չէ, որ իրավիճակը տեսնեն: Ասում են՝ ի՞նչ է եղել որ, ամեն ինչ բնականոն հունով է գնում, պարզապես որոշ քաղաքական ուժեր կան, որ բզբզում են, ամեն ինչ սև ակնոցներով են դիտում, փորձում են հրահրել և այլն»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին միանալ–չմիանալուն՝ ՀՅԴ–ն որոշում կկայացնի օրակարգին ծանոթանալուց հետո. «Նախ պետք է տեսնել՝ ինչ է տեղի ունենալու, ինչ խնդիրներ է դնում, մենք օրինակ՝ տվել ենք: էնպես չի, որ մեր մեջ փակվում ենք, բայց պետք հասկանանք՝ ինչ են ուզում անել և ամենակարևորը՝ մենք ինքներս մեր հայտարարություններով իրար չհակասենք: Առնվազն գոնե առաջվա փորձը նկատի ունենանք, որ չի կարող ասենք՝ խմբակցության տեսակետը տարբերվել օրինակի համար՝ կուսակցության տեսակետից»:

Տպել Տպել