ՀՅԴ խմբակցությունը Նաիրիտ գործարանի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը համարելու է որպես հրատապ և ընդգրկելու է ԱԺ հաջորդ քառօրյայի օրակարգ:
Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում խորհրդարանը Նաիրիտի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մեկ տարով հետաձգելու որոշում կայացեց:
«Քանի որ կառավարության ներկայացուցիչները պետք է տեղեկատվություն փոխանցեին, բայց գտնվում էին գործուղման մեջ, չէին կարող հասցնել, ձևական կողմը պահելու համար հետաձգում տեղի ունեցավ: Անգամ եթե ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը, որպես գլխադասային, դեմ քվեարկի նախագիծն ԱԺ քառօրյայի օրակարգ ներառելու հարցին, մենք այն ներառելու ենք որպես հրատապ հարց և քննարկելու ենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նաիրիտ գործարանի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ՀՅԴ տևական ժամանակ է բարձրացնում է, չնայած վտանգ կա, որ խորհրդրանական մեծամասնությունը կարող է դեմ քվեարկելով նախագծին՝ տապալել նախաձեռնությունը:
«Հանձնաժողովը պետք է անդրադառնա Նաիրիտի գործունեության բոլոր ասպեկտներին՝ սկսած պարտավորությունների ստանձնումից, այդ թվում՝ վարկերի ստացումը, պարտավորությունների չկատարելը կամ թերի կատարելը, գործարանի ապագայի վերաբերյալ զարգացումները, այդ թվում՝ հնարավոր ծրագրերը, ինչպես նաև Նաիրտի աշխատակիցների հետ կապված պարտավորությունների կատարման վիճակը և դրա լուծման ուղիները»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այն անձինք, ովքեր մեղավոր են Նաիրիտ գործարանը նման վիճակի հասցնելու համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Պատգամավորը նշում է, որ եթե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ստեղծվի այն ձևաչափով, որով առաջարկում է ստեղծել ՀՅԴ-ն, հնավոր է ապահովել այս խնդիրների լուծումը:
«Իսկ եթե չստեղծվի կամ այն ձևաչափը չեղավ, որը մենք ենք պատկերացնում, մասնավորապես, ոչ իշխանական ուժերի տեսակարար կշռի ավելի մեծ ներկայություն չեղավ, արդյունք չի ունենա»,- նշեց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հանձնաժողովն իրավունք կունենա նաև հարցումներ անելու իրավապահ մարմիններին, հաղորդում տալ ու պարզաբանումներ պահանջել:
Նա հիշեցնում է, որ երբ երկու տարի առաջ կառավարությանը գրավոր հարցումներ են ուղղել, պատասխան են ստացել, որ Նաիրիտն արդեն իսկ հսկայածավալ արտադրանքի թողարկում պետք է իրականացներ:
Դա, ըստ Մինասյանի, ենթադրում էր նաև բազմաթիվ աշխատատեղերի ստեղծում:
«Բայց դա չի իրականացվել, կարծում ենք, որ պատճառը որոշակի բյուրոկրատական և կոռուպցիոն սկանդալներն են եղել: Իսկ դրա մանրամասներն արդեն կքննարկվեն հանձնաժողովի շրջանակներում»,- Մինասյանը:
Պատգամավորն ասում է, որ Նաիրիտի հարցում բնականոն և անժամկետ գործունեության քաղաքականություն պետք է վարվեր, մինչդեռ կիրառվել են կարճաժամկետ որոշումներ, կուտակվել է հսկայածավալ պարտք, մեծածավալ չիրացված արտադրանք, միաժամանակ ստեղծվել են տարբեր դուստր ձեռնարկություններ:
«Կա գործարք, որ Նաիրիտը ձեռք է բերում մահուդի գործարանի բաժնետոմսերը 9 մլն դոլարով, բայց շատ կարճ ժամանակ անց վաճառում է 900 հազար դոլարով՝ 10 անգամ ավելի էժան: Սրանք հարցեր են, որոնք պետք է ուսումնասիրության առարկա դառնան, որ հասկանանք, թե ինչո՞ւ են կանխամտածված նման գործողություններ եղել: Իսկ եթե կանխամտածված չեն, ակամայից կատարված գործողություններ են, ապա պետք է պարզել, թե ինչ տնտեսական հիմնավորումներ են ունեցել, որ կարողանանք ճշմարտությունը ջրի երես հանել»,- ասում է Արծվիկ Մինասյանը:
Միաժամանակ, ՀՅԴ պատգամավորը նշում է, որ միշտ էլ հնարավորություն կա Նաիրիտ գործարանի համար առողջացման ծրագիր կյանքի կոչել ու ներդրողներ գտնել, քանի որ դա այն գործարանն է, որն ունի տնտեսական մեծ պոտենցիալ:
«Անգամ այսօրվա վիճակը թույլ է տալիս լուրջ ակնկալիքներ ունենալ Նաիրտի հետագա գործունեության հետ կապված, պարզապես անհրաժեշտ է, որպեսզի համալիր ուսումնասիրություն իրականացվի»,- ասաց նա:
Մինասյանը նաև նշում է, որ դեռ պետք է պարզել վարկի դիմաց գործարանի գրամավադրման գործընթացի մանրամանսերը:
Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ իսկապես արադարացված է գործարանը գրավի առարկա դարձնելը, միջոցներ կիրառելը և գործունեություն ծավալելը: Բայց, նրա խոսքով, այդ շղթան պետք է գործի շատ հստակ, անխափան և ֆինանսական դրական արդյունքի ցուցանիշի դեպքում: Եթե այդ շղթայում որևէ բան խաթարվեց, ամբողջ շղթան է փլուզվում:
Հիշեցնենք, որ Նաիրիտի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է օֆշորում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը, որը 2006 թվականին ԱՊՀ Միջպետական բանկից վարկ էր վերցրել՝ գրավադրելով գործարանը:
Արտադրության վերազինման համար վերցված վարկն այդպես էլ իր նպատակին չէր ծառայել, գործարանի ղեկավարությունը չի կարողացել մարել վարկը: Մոսկվայի արբիտրաժային դատարանն այս տարվա հունվարի 22-ին բավարարել էր Միջպետական բանկի հայցն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի, որով պահանջվում է գործարանից բռնագանձել 107.95 մլն դոլար:
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
lragir.am







