Արցախցի երիտասարդները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ստիպել են լսել իրենց պահնաջը

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գծում տեղի ունեցած ընդհարումների եւ դրա շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ համարժեք գնահատակի հետ կապված ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ “Արամ Մանուկյան” ուսանողական միությունների նախաձեռնությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին նամակ են հղել Արցախի մի շարք քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւեր եւ այլ երիտասարդական ու հասարակական կազմկերպություններ:

Նամակը հանձնելու համար այսօր՝ փետրվարի 7-ի առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ 10:00 ավելի քան 20 երիտասարդներ պաստառներով Արտգործնախարարության շենքի դիմաց սպասել են դեսպան Անջեյ Կասպշիկին, ով պետք է ներկայանար Արտգործնախարարություն, որտեղից եւ շարժվեր դեպի ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գիծ՝ նախօրոք պայմանավորված եւ պլանավորված սահմանային դիտարկում անցկացնելու համար:

Մինչ երիտասարդները սպասում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, Արտգործնախարարության շենքին մոտեցած ծառայողական ավտոմեքենան, որի մեջ չէր Անջեյ Կասպշիկը, շտապ հեռացել է շենքի տարածքից, որից հետո նա այլեւս Արտգործնախարարության շենք չի ժամանել:

Սակայն այսքանով չսահմանափակվելով` երիտասարդները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին դիմավորել են Ստեփանակերտի իր գրասենյակի մուտքում, եւ ստիպել լսել իրենց պահնաջն ու հանձնել նամակը:

Երիտասարդներն Անջեյ Կասպշիկի հետ խոսել են վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ընդհարումների մասին, եւ նշել, որ դրանք Ադրբեջանի կողմից հրահրման եւ սադրիչ գործողությունների արդյունք են: Երիտասարդները դեսպանին ներկայացրել են իրենց անհանգստությունը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դրսեւորած ոչ համարժեք գնահատականի հետ, որի արդյունքում Ադրբեջանը շարունակում է նման պահվածքը: Նրանք պահանջել են, որ սահմանային գծում տեղի ունեցող որեւէ միջադեպ ենթարկվի անկախ հետաքննության եւ պատասխանատու կողմը կրի համախատասխան պատիժ:

Արցախցի երիտասարդներն անհանգստություն են հայտնել, որ սահմանային գծում իրավիճակի լարումը եւ անմեղ երիտասարդների սպանությունները կշարունակվեն, եթե միջնորդ կողմը շարունակի պահպանել իր անհամարժեք պահվածքը:

“Մենք կանենք հնարավորինս ավելին՝ սահմանային միջադեպերի կանխման համար”,-երիտասարդների բազմաթիվ հարցերին հնարավորինս կարճ պատասխանել է Անջեյ Կասպշիկը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկն ընդունելով Արցախի երիտասարդների եւ երիտասարդական կազմակերպությունների նամակն` ուղղված իրեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, խոստացել է այն անպայման հասցնել հասցեատերերին:

aparaj.am

Տպել Տպել