Սկանդալ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում

ԱղվանՍտրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը սկանդալային ավարտ է ունեցել: Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնություն կայացնել եզրափակիչ հայտարարության շուրջ:

Առաջին դեպքն է, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվում է առանց հայտարարության: Մեր խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում շտապեց մեղադրել եվրոպացիներին՝ փաստաթղթում անընդունելի ձեւակերպումներ ներառելու համար, սակայն պարզվում է, որ հայտարարություն չստորագրելու մեջ ուրույն դերակատարում է ունեցել հենց Ֆարմանյանը:

Պատվիրակության անդամները խոստանում են վերադառնալուն պես մամուլի ասուլիսով հանդես գալ, իսկ մինչ այդ՝ «Երկիրն այսօրը» հեռախոսակապ է հաստատել Ստրասբուրգում գտնվող մեր խորհրդարանական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանի հետ:

14-ամյա միջխորհրդարանական համագործակցությունն առաջին անգամ տապալվել է: Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է կատարվածին՝ նշելով, թե Փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող մասում Եվրոպացի գործընկերները փորձել են ներառել հայկական կողմի համար լիովին անընդունելի ձեւակերպումներ: Ըստ էության, այս ամենի պատճառը Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումն է:

«Առավել մտահոգիչ է հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որեւէ կերպ չնպաստող, եթե ոչ՝ ուղղակիորեն վնասող, մոտեցումների կիրառումը»,- գրել է նա:

Հայաստան-Եվրամիություն խորհրդասրանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ հատկապես այս փուլում, երբ մեր կառավարությունը անհրաժեշտ է համարում եվրամիության ուղղությամբ աշխատանքները առավելագույնս շարունակելու անհրաժեշտությունը՝ այն մասով, որ չի խանգարի Մաքսային միությանն անդամակցությանը, նման հայտարարությունը պետք է ընդունվեր: Հակառակ Սամվել Ֆարմանյանի պնդումների, Աղվան Վարդանյանը նշում է, թե հայտարարությունը հնարավոր էր ընդունել:

«Իմ առաջին տպավորությամբ, մեր հանձնաժողովի ղեկավարը դերակատարում ունեցավ չստորգրման մեջ: Ինչ-որ տեղ նրա միանձնյա դիրքորոշման պատճառով այս ամենը տեղի ունեցավ»,- ասաց Վարդանյանը:

Աղվան Վարդանյանն անընդունելի է համարում Ղարաբաղյան հարցի հետեւում թաքնվելով՝ սկզբունքային ձեւանալը: Նրա խոսքերով, մենք կարող էինք համաձայնության գալ փաստաթղթի շուրջ եւ ընդունել, մանավանդ որ հայկական կողմի առաջարկով կատարվել էին փոփոխություններ եւ կային ստորագրելու բոլոր հիմքերը: Ղարաբաղի վերաբերյալ երեք դրույթ է եղել, որոնցից մեկն էր խնդրահարույց եւ հնարավոր էր չեզոքացնել: Աղվան Վարդանյանը փաստում է, որ սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից արդեն 5 ամիս անցել, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների բացարձակ մեծամասնությունն, այդ թվում եւ նրանք, որոնք մշտապես Հայաստանի դիրքորոշումը կիսում էին, ամբողջությամբ տեղյակ չեն, թե ի՞նչ եւ ինչո՞ւ է կատարվել:

«Անակնկալը, ցնցումը մինչեւ այսօր շարունակվում է, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գերատեսչությունը գոնե բացատրական հիմնավորման լուրջ աշխատանք այս ընթացքում չի կատարել»,- ասաց Վարդանյանը։

Հայկական պատվիրակությունը Ստրասբուրգից կվերադառնա փոտրվարի 8-ին եւ մամուլի ասուլիսում կտա լրացուցիչ պարզաբանումներ:

yerkirmedia.am

Տպել Տպել