Հրեշին սպանողը հրեշ չդառնա՝ սա է գաղափարը

«Հրապարակ»- ի հարցազրույցը ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

Արմեն1Խորհրդարանական չորս ուժերը` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», պարբերաբար համախմբվում են այս կամ այն խնդրի շուրջ եւ լուծումներ պահանջում: Այդ պահանջներն ուղեկցվում են խրոխտ ելույթներով ու իշխանության հովանու տակ գործող Սահմանադրական դատարան դիմելու փորձերով: Մինչդեռ առանձին պատգամավորներ կոչ են անում սկսել հենց բուն՝ իշխանափոխության պահանջից, սակայն այս հարցում ոչ իշխանական ուժերը միասնական տեսակետ ու հստակ ծրագիր չունեն:

-Պարոն Ռուստամյան, գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը ՀՀԿ-ն տապալեց: Առայժմ դեռ արդյունքներ չկան կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում: Նշված խնդիրները կառավարության քաղաքականության հետեւանք են, ինչո՞ւ չորս ուժերը չեն համախմբվում կառավարության հրաժարականի պահանջի շուրջ:

– Դաշնակցությունը երկու անգամ այս կառավարությանն անվստահություն հայտնել է: Այսինքն, վստահություն հայտնելու խնդիրը մեզ համար լուծված է, մենք դա արել ենք մինչեւ այս հարցերի բարձրացումը: Մենք մեր անվստահությունը հստակ գնահատականներով, ձեւակերպումներով հիմնավորել ենք երկու անգամ՝ նախորդ Ազգային ժողովի գումարման ժամանակ: Դրանից հետո մենք չենք ընդունել այս նոր կառավարության ծրագիրը, դեմ ենք քվեարկել, նորից նույնը կրկնելով` ասելով, որ այն չի փոխվել: Այս կառավարությունը շատ լուրջ սխալներ է կատարել: Այսինքն, մենք դա արել ենք, այն ուժերը, որոնք նոր են ուզում անել, նրա՛նց այդ հարցը տվեք:

– Խոսքը ներկայիս խորհրդարանական դաշինքի մասին է` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգության» գործունեության պայքարի թիրախն ընդլայնվելո՞ւ է:

– Կոնկրետ քայլեր համաձայնեցնելն է մեր հիմնական խնդիրը, դաշտն ընդլայնելու հարց մենք չենք դնում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա ավելի շատ ձեւ է դառնում, քան բովանդակություն եւ ավելի շատ խանգարում է միավորման պրոցեսին, քան թե օգնում հարցեր լուծելուն: Մենք ավելի շատ ուզում ենք հարցերը լուծելով առաջ գնալ: Եվ տեսնում ենք, որ կոնկրետ համաձայնությունները ձեռք են բերվում կոնկրետ խնդիրների վերաբերյալ, սա ավելի ճիշտ ճանապարհ է, իսկ լայն օրակարգ բերելը չեմ կարծում, որ նպատակահարմար է տակտիկապես:

– Խորհրդարանում, թեկուզ առանձին հարցերի շուրջ, փաստորեն, միավորվում են իրենց հետեւից լուրջ զանգված տանող ուժեր, ինչո՞ւ այդ համախմբվածությունը չի զգաստացնում ՀՀԿ-ին:

– Որովհետեւ իրատեսության պակաս կա, իշխանությունն ինքնագոհ վիճակում է, դա բնորոշ է իրականությունից կտրված ցանկացած վարչախմբի: Իրենք համարում են, որ այն, ինչ որ ուրիշների հետ պատահել է, իրենց հետ չի կարող պատահել: Որ իրենց հիմքերն ամուր լինեին, երկրի վիճակն էսքան խարխուլ չէր լինի:

– Պարոն Ռուստամյան, չորս ուժերի կոնկրետ հարցերի շուրջ համախմբվածությունը շատերն անարդյունավետ են համարում, քանի որ յուրաքանչյուր ֆրակցիայի քաղաքական օրակարգի հիմնական պահանջները տարբեր են: Մեկը միայն վարչապետի հրաժարականն է պահանջում, մյուսը` իշխանության, երրորդը` կառավարության, եւ այլն: Ձեզ այդ ձեւաչափը արդյունավե՞տ է թվում:

– Մեր արածի իմաստն էլ այն է, որ գտնենք ընդհանրությունները, ոչ թե խոսենք մեզ պառակտող հնարավոր գործոնների մասին, եւ դրա համար ես միշտ արհամարհում եմ բոլոր էն տեսակի ընթացքները, որոնք կարող են միասնությունը խափանել: Ես դրանք համարում եմ վտանգավոր ընդհանրապես Հայաստանում ինչ-որ խնդիր լուծելու առումով: Դրա համար պետք է խոսել ավելի շատ միավորող հանգամանքներից, ոչ թե՝ տարանջատող: Տարանջատողներն էլ առավել եւս, որ շատ են, այդ 4 ուժերի մեջ այնքան տարանջատող բաներ կան: Բայց պետք է գնահատենք, որ տարանջատողները, լինելով հանդերձ, մենք կարողանում ենք համաձայնել կոնկրետ հարցեր լուծելու առումով: Ես սա ավելի բարձր եմ գնահատում եւ չեմ ուզում անդրադառնալ մեզ պառակտող հանգամանքներին: Դա վնասակար է: Իհարկե, կան գաղափարական տարաձայնություններ, դրանից երբեք չենք հրաժարվել, եւ առայժմ դրանք շատ ավելին են, քան թե համաձայնությունների դաշտը: Դա էլ է փաստ, բայց լուծումը մեկն է` այդ տարակարծությունները պետք է մի կողմ դրվեն, չկարեւորվեն հատվածական շահերը, որպեսզի հնարավոր լինի միասնական քայլ անել: Հիմա մենք դա անում ենք եւ այս տրամաբանությունը պետք է պաշտպանենք:

– Ոչ իշխանական ուժերի դաշինքի ընդհանրությունը երբեւէ կամ առաջիկայում կարո՞ղ է լինել այս իշխանության հրաժարականի պահանջը:

– Քննարկումները ցույց կտան, հիմա ես չեմ կարող դրա մասին խոսել, որովհետեւ, էլի եմ ասում, առաջ գնալ չեմ ուզում ավելի, քանի որ էսօր մի բանի հասել ենք: Եթե սկսենք առաջ գնալ, կարող է նաեւ փլուզենք այն, ինչ այսօր կա: Չեմ ուզում հոնքը սարքելու տեղը աչքը հանեմ: Դրա համար, եթե ունենք հնարավորություն փոքր քայլ անելու, դա փայփայենք եւ գուրգուրենք: Իշխանափոխության խնդիրը մեր օրակարգում էլ կա, մյուսներին էլ կա: Դրան հասնելու ձեւերի մոտեցումների տարբերություն կա, քանի դեռ դա չի լուծվել, դրա մասին խոսելն իմաստ չունի, բայց, որպես նպատակ, բոլորն էլ ունեն:

– Դաշնակցության մոտեցումը ո՞րն է:

– Ամբողջական իշխանափոխությունը, որը ոչ միայն հեռացում է ենթադրում, այլ նաեւ համակարգի փոփոխություն, այնպես, որ նոր եկողները նույնը չդառնան, հրեշին սպանողը հրեշ չդառնա. սա է գաղափարը: Անհրաժեշտ ու բավարար պայմանների ամբողջությունն է, որ միահեծան իշխանություն չձեւավորվի: Փոփոխության պատրանք չենք ուզում առաջանա, եթե դա է պետք, որը կարող է ավելի արագ տեղի ունենալ, դա մեզ համար բացարձակ անիմաստ ընթացք է, դա ոչ մի արդյունք չի տալիս, իշխանության եկողն օգտվում է նույն իշխանության բարիքներից, իսկ ամբողջական իշխանափոխության իմաստը ժողովրդին իշխանության բերելն է, որ ինքը համակարգով փոխի այնպես, որ որեւէ մեկի մտքով չանցնի չարաշահի իր իշխանությունը:

– Մի կողմից, ՀՅԴ-ն ընդդիմադիր կեցվածքով փորձում է պայքարել կառավարության, իշխանության քաղաքականության հետեւանքով ծագած խնդիրների դեմ, մյուս կողմից, ձեր կուսակցության կարկառուն ներկայացուցիչը նշանակվում է դեսպան, որը նույն իշխանության հրամանով, կամքով է լինում: Ինչպե՞ս կարող է նման բան լինել:

– Մենք դա բացատրել ենք, դա նշանակում է, որ իշխանության մեջ է բան փոխվել: Եթե ինչ-որ փոփոխություն ենք ուզում իրականացնել, չենք կարծում, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները դեմ են, այնտեղ էլ կան ողջամիտներ, հիմա էլ կան, միշտ էլ այդպես է: Պարզապես իրենք ինչ-որ պատճառներով լռում են, բայց իրենց սրտով չէ հաստատ դա: Ցանկացած փոփոխություն, ուզում եք անունը դրեք հեղափոխություն, միշտ տեղի է ունենում իշխանության բեւեռից այդ փոփոխությանն օժանդակելու միջոցով: Մենք իշխանության մեջ էլ ենք տեսնում ողջամիտ մտածող մարդիկ:

– Ովքե՞ր են, օրինակ:

– Իրե՞նց մասին եք մտածում, թե՞ Ձեր հարցազրույցի… Ես ավելի շատ նրանց մասին եմ մտածում, որ նրանց վտանգի տակ չդնեմ` անուններ տալով:

– Քաղաքական դաշտը ճահճացած է, իշխանությունները փոփոխություններ չեն իրականացնում, ընդդիմությունը խորհրդարանում խրոխտ ելույթներ է ունենում՝ քննադատում, բայց գործնական, առարկայական քայլեր չեն անում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը: Այս իրավիճակը մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի: Ի վերջո՝ հասարակությունն ավելի շատ հույսեր է կապում ընդդիմության հետ:

– Էլի երեւի ժամանակ է պետք, որպեսզի հասարակությունը հասկանա ընդդիմության եւ իշխանության հնարավորությունները: Բոլորին թվում է, որ եթե ընդդիմությունն ինչ-որ բան է ասում, վաղն էլ պետք է տեսնեն արդյունքները, իրականությունն այդպես չի, քանի որ ղեկը հանձնված է իշխանությանը: Ինչը նշանակում է, որ պրոցեսները ղեկավարում եւ իրականացնում է իշխանությունը: Ընդդիմությունը չի կարող իր ակտիվությամբ փոխարինել իշխանությանը, քանի դեռ ինքը չի եկել իշխանության, հնարավոր չի: Դա կարող է տեղի ունենալ մի պարագայում, երբ վաղն ընդդիմությունը գա իշխանության: Սա է ամբողջ աբսուրդը, եւ ընդդիմությունից հուսահատվելը հենց այդ պրիմիտիվ պատկերացումով է պայմանավորված:

– Հաջորդ նախագահական ընտրություններին պատրաստվելու քննարկումներ կա՞ն կուսակցությունում, սեփական թեկնածուով մասնակցելու նպատակ ունե՞ք:

– Մենք բոլոր ընտրություններին էլ պատրաստվում ենք, բայց նախ ուզում ենք, որ ընտրությունն ընտրություն լինի, հակառակ պարագայում՝ դա կլինի խաբկանք, թե ընտրության ենք մասնակցում: Քվեատուփերի մեջ հայտնված քվեաթերթիկների քանակը, եթե չի համապատասխանում տվյալ ուժի համակրանքին, դա չի կարող ընտրություն համարվել, բայց, ամեն դեպքում, աշխատում ենք մեր ժողովրդին բերել այդ գիտակցության, որ միասին դառնանք մեկ ճակատ, հասկանանք, թե ինչ ենք ուզում, եւ խնդիրները ձեւակերպելով՝ առաջ գնանք:

– Եթե Քոչարյանը որոշի մասնակցել ընտրություններին, Դուք ձե՞ր թեկնածուն կառաջադրեք, թե՞ նրան կսատարեք:

– Մենք միշտ ունեցել ենք մեր մոտեցումները, եթե մեկը մոտիկ է եղել, մենք համագործակցել ենք, եթե ոչ` ոչ: Քոչարյանին 10 տարի պաշտպանել ենք, բայց ամեն անգամ շատ հստակ խնդիրների արձանագրում է եղել, պահանջներ: Դրականն արձանագրել ենք, բայց նաեւ գրել, թե ինչ պետք է անել: Թե հետագայում ինչ տեղի կունենա, չեմ ուզում կանխատեսումներ անել, հստակ շարժվելու ենք մեր նախանշած ծրագրով: Ունենք նախանշած 7 կետեր, որոնցից բխող գործողություններով էլ տեսնում ենք ամբողջական իշխանափոխության մեր տեսլականի իրականացումը: Ով էդտեղ մեր հետ կլինի՝ կողջունենք, չեն լինի` իրենք իրենց ճանապարհով, մենք` մեր: Թե Քոչարյանը որտեղ կհայտնվի, ինչ դերակատարում կունենա, դա բացարձակապես իր գործն է: Մենք դրանով չենք պայմանավորում մեր հետագա անելիքները:

– Քոչարյանի վերջին ակտիվացումն ընդդեմ Տիգրան Սարգսյանի ինչո՞վ էր պայմանավորված:

– Չգիտես ինչի, մեզ մոտ անընդհատ աննորմալ են համարում նորմալ բաները: Խնդիրը հետեւյալն է, որ նախկին բոլոր պաշտոնյաները, որոնք փորձառություն ունեն, մանավանդ նախագահները, չպետք է լռեն, նրանք պետք է միշտ ակտիվ լինեն, ու դա պետք է լինի բնական պրակտիկա, դա օգուտ է ժողովրդին, չպիտի համակերպվեն, երբ տեսնում են, որ ինչ-որ բան այն չէ: Սա նաեւ առաջին նախագահի մասին եմ ասել, ում հետ ունենք գաղափարական, քաղաքական տարաձայնություններ:

– Բայց Քոչարյան-Սերժ Սարգսյան պրակտիկայում նման բան չէր գրանցվել, անսպասելի էր:

– Առաջին նախագահն էլ 10 տարի լռեց, հետո խոսեց, անսպասելի էր: Քոչարյանն ավելի շուտ խոսեց: Մարդը տեսակետ ունի, արտահայտում է, ինչո՞ւ չպիտի արտահայտի: Նա պատասխանում էր վարչապետի գնահատականներին, եթե վարչապետն անընդհատ այն թեզն է առաջ տանում, որ խնդիրները պայմանավորված են նաեւ ստացված ժառանգությամբ, բա պիտի պատասխանի, նորմալ է:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

hraparak.am

Տպել Տպել