Փետրվարի 16-ին, Բեռլինի Սուրբ Լուիզե եկեղեցում տեղի ունեցած պատարագի ընթացքում Հալլեի Սուրբ Հարության հայկական եկեղեցու հոգևոր հովիվ հայր Գնել Գաբրիելյանը հոգեհանգստի արարողություն կատարեց Սումգայիթի, Բաքվի և Գանձակի ջարդերի անմեղ հայ զոհերի, ինչպես նաև քնի մեջ ադրբեջանցի բարբարոսի ձեռքով նենգաբար կացնահարված երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։
Արարողությանը ներկա էր Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը դեսպանության մի շարք աշխատակիցների հետ միասին։ Գերմանացի հյուրերի համար պատարագի և հոգեհանգստի արարողության ողջ ընթացքը զուգահերաբար թարգմանվում էր գերմաներենով։ Եկեղեցական արարողության ավարտից հետո Բերլինի հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվեցին Հայ Եկեղեցական և Մշակութային Միության ակումբում։
Դեսպան Վահան Հովհաննիսյանը հավաքվածների արջև հանդես եկավ ողջույնի խոսքով, հատկապես կարևորելով կազմակերպված հայության համախմբումը Հայրենիքի և անկախ ու ինքնուրույն պետականության շուրջ։ Ելույթը ջերմորեն և գոհունակությամբ ընդունվեց հավաքվածների կողմից, որոնց թվում շատ երիտասարդներ կային։







