«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ազգային ուղերձը, որ մինչև ապրիլ քաղաքական ու քաղաքացիական ուժերի հետ համատեղ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ «միայն միասնությամբ կա հայոց փրկությունը», քաղաքական ուժերի համար ոչ միայն ընդունելի, այլ արդեն իսկ կիրառելի տարբերակ է, մինչդեռ քաղաքացիական նախաձեռնությունները պատրաստ են լայն կոնսոլիդացիայի միայն իրենց բարձրացված խնդիրների շրջանակներում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ՀՅԴ-ն էլ բաց է և աշխատում է բոլորի հետ, մինչդեռ նա կոնկրետ ժամկետ դնելը սխալ համարեց։ «Էդ մեր վրա «սրո՞կ» էր դնում, հա՞»,- լսելով կոնկրետ ժամկետի մասին՝ ծիծաղով արձագանքեց ՀՅԴ անդամը և ավելացրեց, թե իրենք անում են այն, ինչ անում են։ «Մենք համագործակցում ենք, բաց ենք ու բոլորի հետ էլ աշխատում ենք։ Բայց այդպես ժամկետ դնելով, չգիտեմ ինչերով չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է։ Աշխատանք է՝ անում ենք»,- նշեց նա։
ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց, որ արդեն իսկ համագործակցություն կա ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ. «Հիմա էլ խորհրդարանում 4 ուժերի հետ որոշում ունենք, տեսնենք ուր կհասնի»։
Դիտարկմանը, թե խորհրդարանից դուրս համագործակցությունը հնարավոր է համարում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Տարբեր հարցերի շուրջ համագործակցում ենք և փորձում ենք խորացնել, թե որտեղ կհասնենք, ժամանակը ցույց կտա, բայց ժամկետ դնելը կարծում եմ ճիշտ չէ»։
tert.am







