Հանդիպում՝ ՀՅԴ եւ ՄԲ Լեյբորիստական պատգամավորների միջեւ

stefan1ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպում ունեցավ Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի կազմից՝ Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության անդամներ Սթիվեն Փաունդի և Մայք Գեյփսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, Արցախի հիմնահարցի կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաեւ Ադրբեջանի հակահայ քաղաքականության վերաբերող հարցեր։

Աղվան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բրիտանացի պատգամավորներին՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հետ հարաբերությունների սերտացման գործում իրենց ջանքերի համար։

ՀՅԴ Անգլիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ 2007թ. օգոստոսին, Սթիվեն Փաունդը առաջին անգամ այցելել է ՀՀ եւ Արցախ։ Հանդիպումներ է ունեցել ԼՂՀ-ի Ազգային Ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտոնատար այլ անձանց հետ: Այնուհետեւ նա բազմաթիվ անգամներ եղել է Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում։ 2014թ. Փետրվարի 11-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում նա բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման հարցը: Նախկինում, նա երեք անգամ նույն խորհրդարանում բարձրացրել է Մեծն Բրիտանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։

Մայք Գեյփսը առաջին անգամ է լինում Հայաստանում։

Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

ԵՐԵՎԱՆ 20 փետրվար 2014

ՀՅԴ Մամլո Դիվան

Տպել Տպել