Չի բացառվում որ համաձայնության չգան

արմենԽորհրդարանական ընդդիմության տևական ժամանակ է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում համաձայնության չգալը շատ հարցեր է առաջ քաշում, որոնցից մեկը` հնարավոր է, որ ԱԺ չորս խմբակցությունները այդպես էլ համաձայնության չգան և գործընթացը կյանքի չկոչվի: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չբացառեց այդ տարբերակը` նշելով, որ ամեն ինչ էլ հնարավոր է, առավել ևս, որ ուժերը նաև տարաձայնություններ ունեն:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ի սկզբանե մենք մի սկզբունքով ենք առաջնորդվել. եթե չենք կարողանում հեռանկարային ինչ-որ ավելի մեծ օրակարգով համագործակցության գալ, դա չպետք է խանգարի կոնկրետ քայլերով համաձայնեցված գնալ առաջ: Եվ սա ավելի աշխատող տարբերակ է: ՀՅԴ-ն այդ սկզբունքին հավատարիմ է, որովհետև ավելի դժվար է լինելու մեծ օրակարգերը համաձայնեցնել, քան կոնկրետ հարցերի շուրջ գալ համաձայնության: Եվ այս ստեղծված որակը պահել մեզ համար կարևոր հարց է` իսկապես քայլ –քայլ առաջ գնալը պետք է պահպանենք որպես սկզբունք և դա չպետք է դիտվի որպես համագործակցության խաթարում և այլն: Տարաձայնությունները իսկապես շատ են և դրա մասին միշտ ասել ենք, որովհետև այնպես չէ, որ եթե կա համաձայնություն, ապա մնացած բոլոր հարցերի շուրջ էլ ենք համաձայն. այդպես չի: Բայց այդ տարաձայնությունները չսրելն է, որ մեր հիմնական մարտավարական խնդիրն է և չպետք է խանգարի քայլ-քայլ առաջ գնալուն»,- ընդգծեց Ա.Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով` այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հայաստանում անգամ ամենապարզունակ հարցը լուծելու համար հարկավոր է իշխանություն փոխել, քանի որ այդ հարցի լուծումը անընդհատ ձախողում ու մտցնում են փակուղի, ինչն էլ ավելի ու ավելի է համոզում հասարակությանը, որ քանի այս իշխանությունները չեն հեռացել, երկրում ոչ մի հարց չի լուծվի: Որպես օրինակ նա բերեց նաև ՀՅԴ-ի կողմից առաջարկվող «Նաիրիտի» հարցով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի հիմքում ընկած մտահոգությունները, որոնց թվում նաև տեսնում են կառավարության, իշխանության հետ կապված անհանգստացնող միտումներ.

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, ապա դրանում Ա.Ռուստամյանը բարկություն է տեսել, որն, ըստ իր գնահատականի, նշանակում է, որ «մեր վիճակը լավ չի» և որ «մեր նախագահն արդեն այդ բարկության մեջ է»:

«Այն գնահատականները, որոնք հնչեցին… ինձ թվում է հանրապետության նախագահին թյուրիմացության մեջ են գցում իր շրջապատում գործող մասնագետները: Որովհետև նախագահը պարտավոր չի խորությամբ բոլոր ոլորտների նյուանսները պատկերացնել, գնահատել որպես մասնագետ` ոչ մի նախագահ այդ մեծ դիապազոնը չունի և չի էլ կարող ունենալ: Ուրեմն` ինքը շատ է հավատում իր խորհրդատուներին, իսկ նրանց մենք այստեղ տեսնում ենք` ԱԺ-ում: Դե թող գան մեր հետ խոսեն, նրանք գալիս են այստեղ ձախողվում են, հոդաբաշխ պատասխաններ էլ չեն տալիս»,- ասաց նա:

Ի դեպ, Ա.Ռուստամյանը նշեց նաև, որ ԵԿՄ-ի համագումարը շատ քիչ էր ԵԿՄ-ի համագումար հիշեցնում.« Հասարակական կազմակերպություն էր ավելի շատ հիշեցնում` հարց ու պատասխան, բայց ոչ համագումար»:

panorama.am

Տպել Տպել