ՀՅԴ-ն առկա մարտահրավերներին նայում է բաց աչքերով եւ պատրաստակամ՝ մասնակիցը լինելու դրանց լուծմանը

DavitՀՅԴ 123-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցող միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ այս օրերին աշխարհասփյուռ հայությունը տոնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 123-ամյակը, տոնում են, որպեսզի վերաիմաստավորեն մեր անցյալը՝ ներկայի և ապագայի խնդիրների լուծմանը պատրաստակամության երդում տալով: <<Նույն պատրաստակամությամբ է ՀՅԴ Արցախի կառույցն այսօր տոնում է Դաշնակցության 123-ամյակը: Այս տոնը բոլորինս է: Ուրեմն թույլ տվեք շնորհավորելու բոլորիդ տոնի կապակցությամբ>>,- ասաց նա:

ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը նաև շնորհավորեց Արցախի Վերածննդի տոնի կապակցությամբ և ավելացրեց. <<Փետրվարյան շնորհավորանքներս թերի կլիներ, եթե բոլորիդ չշնորհավորեի նաև 1921 թվականի փետրվարյան համաժողովրդական ապստամբության կապակցությամբ: Մեր ժողովրդի մեջ դեռևս պարզ ու թափանցիկ չեն լուսաբանված 1921 թ. փետրվարյան ապստամբության էությունն ու նրա դասերը, բայց և այնպես, այն իր համաժողովրդական պոռթկումով նույն նպատակն էր հետապնդում՝ ինչ 1988-ը: Մեր ժողովրդի բովանդակ շահերը ոտնահարող որևէ երևույթ անընդունելի համարելով, լինի ցեղասպան թուրքի, բոլշևիկ ռուսի կամ համայնավոր ազերու կողմից, այդ պոռթկումն ազատ ու արդար ապրելու դրսևորման հետևանքն էր՝ ի պաշտպանություն սեփական իրավունքների ու շահերի>>:

Նա նաև նշեց. <<Չլիներ 1890 թ. Քրիստաֆոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն հիմնելու սուրբ նախաձեռնությունը, չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չլիներ 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը չէր լինի 1967 թվականը չէր լինի նաև 1988-ը, 1991-ը: Ուրեմն հպարտանանք, որ սերունդն ենք 100-ամյա ազատատենչ ոգին կրող մեր պապերի ու հայրերի>>:

Դավիթ Իշխանյանը նաև ընդգծեց, որ Դաշնակցության որևէ ամյակի տոնակատարությունը փառաբանության կամ գովաբանության հավաք չէ, այլ հաշվետվություն արվածի ու չարվածի համար, անդրադարձ առկա հիմնախնդիրներին ու մարտահրավերներին:

<<Հպարտությամբ ուզում եմ շեշտել, որ այս օրերին լրանում է նաև ՀՅԴ կառույցի՝ Արցախում վերահաստատման 25-ամյակը: Վերահաստատման, որովհետև քչերը գիտեն, որ 1905-1921 թվականներին ՀՅԴ Արցախի կառույցը, իր շուրջը համախմբելով հազարավոր արցախցի հերոսների, փրկեց արցախցիներին ցեղասպանությունից ու տեղահանությունից: Ավելին, 1918-ի հուլիսին, Ղարաբաղի առաջին համագումարում վերահաստատվեց, որ Ղարաբաղը մասն է կազմում Հայաստանի Հանրապետության: Այդ ոգին փոխանցվեց մեր սերնդին, և շատերը Դաշնակցությանը անդամագրվելու ճանապարհով փորձեցին իրականություն դարձնել տասնամյակների երազանքը` Արցախը Մայր հայրենիքին վերամիավորելու սուրբ գործը>>- նշեց Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը խոսեց նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության առաջիկա անելիքների և առկա մարտահրավերների մասին: <<ՀՅԴ-ն առկա մարտահրավերներին նայում է բաց աչքերով և պատրաստակամ՝ մասնակիցը լինելու դրանց լուծմանը: Ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ պատասխանատու լինի իր ստանձնած պարտականությունների համար` լինի դա ընդդիմություն, թե իշխանություն: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, լինելով ընկերավարական /սոցիալիստական/ կուսակցություն, պատրաստակամ է՝ լինելու սոցիալական արդարության երաշխավորը: Դաշնակցությունը, լինելով ազգային կուսակցություն, իր ազգային արժեհամակարգով ունի լուրջ առաքելություն թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական ասպարեզում: 123-ամյա Դաշնակցության կենսագրությունը վկայում է, որ նա միշտ եղել է պայքարի թատերաբեմում: Դաշնակցության համառ պայքարը երբեք դադար չի ունեցել: Քանի դեռ հայ ժողովուրդն ունի արդար դատ, ազատ ապրելու իրավունք և ցանկություն, Դաշնակցությունը ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամ պայքարի բոլոր թատերաբեմերում լինելու առաջամարտիկ: Լինենք իշխանություն, թե ընդդիմություն, Դաշնակցությունն ունի իր առաքելությունը և նպատակը` Միացյալ, Ազատ և Անկախ Հայաստանի կերտումը: Արցախը այդ նպատակի մի մասնիկն է>>:

Տպել Տպել