Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն առարկայական ծրագրեր ունի

-genocidՀարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որը գրասենյակներ ունի Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի մի քանի քաղաքներում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է իր առաքելությունը քաղաքական, կրթական, մշակութային ուղղություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, իրենք առավել կենտրոնացած են քաղաքական ասպարեզում ձեռնարկվող քայլերի վրա: «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ դատի գրասենյակների ծրագրերն ուղղված են տարբեր ուղղություններով խնդրի մասին իրազեկմանն ու մի շարք միջոցառումների կազմակերպմանը: Մենք Արգենտինայում աշխատում ենք այն ուղղությամբ, որ 2015 թվականին այս երկրի նախագահը պաշտոնական այց կատարի Հայաստան»,-ասաց Հակոբ Տաբայանը` շեշտելով, որ ծրագրեր կան նաև Բրազիլիայում և Ուրուգվայում, որոնց կատարման համար ժամանակ է հարկավոր:

Այժմ փորձում են կյանքի կոչել մի նախագիծ, որը թույլ կտա սերտացնել հայ և արգենտինացի ժողովուրդներին, որոնք իրենց պատմության ընթացքում ունեցել են ողբերգական իրադարձություններ: «Ցանկանում ենք հայկական և արգենտինական ֆիլմեր պատրաստել, որոնք կպատմեն Հայոց ցեղասպանության և 1970-1980 թթ. Արգենտինայի զինվորական ղեկավարության կողմից սպանված 30 հազար բնակչության մասին: Կարելի է օգտագործել այս պատմական դեպքերն ու ցույց տալ, թե ինչպես թուրք օտոմանները սպանեցին հայերին»,-ներկայացրեց Հակոբ Տաբակյանը` նշելով, որ դրանք կլինեն ինչպես փաստավավերագրական, այնպես էլ գեղարվեստական ժանրի ֆիլմեր, որոնք կարող են ցուցադրվել շաբաթը մեկ անգամ:

Հաջորդ ծրագիրը, որի մասին տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը, Արգենտինայի երկու նախագահների հուշարձանների տեղադրումն է: «Ցանկություն ունենք, որպեսզի Արգենտինայում և Հայաստանում կանգնեցվեն Արգենտինայի երկու նախագահների` Ռաուլ Ալֆոնսինի և Նեսթոր Քիրչների արձանները, ովքեր բարձրայնեցին Հայոց ցեղասպանության մասին: 2007 թվականին Նեսթոր Քիրչների նախագահության օրոք էր, որ Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչեց օրենքի ուժով»,-հավելեց Հակոբ Տաբակյանը` նշելով, որ այդ քայլով և կբարձրանեն մարդկանց իրազեկվածությունը, և կխորացնեն երկու երկրների միջև բարեկամական կապերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է այդ երկրում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված թանգարան կառուցել: Տեղի հայ համայնքն ուղիներ է փնտրում ծրագիրն իրագործելու համար:

armenpress.am

Տպել Տպել