ԱԺ-ն փետրվարի 25-ին կքննարկի «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախագիծը

ֆրակցիաԱզգային ժողովը «Նաիրիտ»-ի հարցով խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը կքննարկի փետրվարի 25-ի նիստի ընթացքում:

Այս մասին Ազգային ժողովի փետրվարի 24-ին մեկնարկած քառօրյայի ժամանակ տեղեկացրեց խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել ՀՅԴ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագծին, որով առաջարկվում էր խորհրդարանում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «ՀՅԴ խմբակցությունը, սակայն, հարցը համարել է արտահերթ և ներկայացրել է քննարկման: Հարցն առանց քվեարկության ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգում և կքննարկվի երեքշաբթի օրվա նիստի երկրորդ հատվածում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աբրահամյանը:

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը փետրվարի 19-ին քնննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց նախագծին և մերժեց այն ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու առաջարկը:

ՀՅԴ-ի պնդմամբ` հանձնաժողովը պետք է նպատակ հետապնդի ուսումնասիրել՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը, ՀՀ կառավարության եւ գնորդի ստանձնած պարտավորություններն (ըստ կատարման ժամանակացույցի) ու դրանց փաստացի կատարման վիճակը, մասնավորեցումից մինչեւ այժմ ընկերության բաժնետերերի փոփոխության, կախյալ կամ դուստր ընկերությունների ձեւավորման գործընթացը եւ նպատակներ, «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության շուրջ դրա բաժնետերերի, ինչպես նաեւ կախյալ կամ դուստր ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունները եւ դրանց օգտագործման ուղղությունները:

armenpress.am

Տպել Տպել