Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Փերինչեքի գործով հանդիպել է Արգենտինայի և Ուրուգվայի դեսպանների հետ

LOGO-CNA-SudaՀարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպումներ են ունեցել Արգենտինայում և Ուրուգվայում Շվեյցարիայի դեսպանների հետ և իրենց մտահոգությունները հայտնել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ դատավճռի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականին, հայկական կողմը շվեյցարացի ներկայացուցիչներին է հանձնել Շվեյցարիայի կառավարությանն ուղղված նամակներ` զգուշացնելով այն «վնասակար հետևանքների մասին, որ ՄԻԵԴ վճիռը կարող է ունենալ` ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարի, այլև մարդու միջազգային իրավունքին վերաբերող կարգավորումների և սկզբունքների վրա»:

«Այդ իսկ պատճառով Ձեր միջոցով և ամենայն հարգանքով խնդրում ենք Շվեյցարական պետությանը բողոքարկել ՄԻԵԴ որոշումը»,- նշվում է նամակում:

Համապատասխանաբար փետրվարի 13-ին և 14-ին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդիպել է Ուրուգվայում և Արգենտինայում Շվեյցարիայի դեսպաններ Դիդիեր Ֆիրթերի և Յոհաննես Մաթիասի հետ:

Դեսպան Ֆիրթերը ծանոթ է եղել հայերին հուզող հարցերին ու արդարացի պահանջին և խոստացել նամակը փոխանցել իր կառավարությանը: Իսկ փետրվարի 20-ի Կորդոբայի Հայ դատի գրասենյակը հանդիպել է Կորդոբայում Շվեյցարիայի պատվո հյուպատոս Ռիկարդո Ռիսլերի հետ:

armenpress.am

Տպել Տպել