Հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում, լավ գործերին չի խանգարում

արմենԱԺ նիստում, երբ քննարկվում էր Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որին բացասական եզրակացություն էր տվել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ քաղաքական մեծամասնությունն առաջարկվում է համատեղ աշխատել, այդ ընթացքում հարցեր ուսումնասիրել, իսկ հետո չի ուզում:

«Մենք ասում ենք` լավ բան ենք անում, չե՞ք հավատում, եկեք աշխատենք ու աշխատանքով ցույց տանք: Ո՞րն է տրամաբանությունը, որ մերժում եք: Եթե որևէ մեկին թվում է, թե «Նաիրիտ»-ի հարցը կարևորություն չունի, մենք կարող ենք բազմաթիվ փաստեր ներկայացնել, թե որքան կարևոր է այն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ Վարդան Այվազյանը մերժում է հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որովհետև Դաշնակցությունը չի դիմել իրավապահ մարմիններին, եթե ունեն ուսումնասիրություններ, բայց հանձնաժողովը ստեղծվում է հենց այդ ուսումնասիրությունները համատեղ անելու նպատակով: «Սայլերը դնենք եզներից առա՞ջ, դրա համար ե՞ք մերժում: Հանձնաժողովը կոչված է` հարցերը միասին ուսումնասիրելու համար: Ինչի՞ եք թաքնվում: Վատ բան հաստատ չենք ուզում անել, ինչ էլ անենք, օգուտ է լինելու այդ աշխատանքից:

Հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում, լավ գործերին չի խանգարում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել