ՀՅԴ խմբակցությունը կողմ է Մարտի 1-ի գործով հանձնաժողովի ստեղծմանը

ԱրծվիկԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ՀԱԿ-ի նախաձեռնությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տարակուսանք հայտնեց հնչող ելույթների կապակցությամբ, որոնք շատ հակասական էին:

Պատգամավորի խոսքով՝ մեկ կարևորում են ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, եթե դա վերաբերում է գազի խնդիրների ուսումնասիրմանը, բայց անիմաստ են համարում մնացած հարցերով հանձնաժողով ստեղծելը:

«Մի հատ կողմնորոշվեք` եթե կարևոր է հանձնաժողով ստեղծելը, ուրեմն` ստեղծենք: Մարտի 1-ի հարցով նախորդ հանձնաժողովը գործել է մեկ տարի երեք ամիս ու տվել է եզակի դրական արդյունք, բայց հիմա հնչում են տեսակետներ, որոնք, վստահ եմ, ծանոթ չեն հանձնաժողովի եզրակացություններին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ պատգամավորների ելույթներում խոսվում է ամեն ինչի մասին, բացի հանձնաժողովի ստեղծման հիմնական խնդրից: Ըստ պատգամավորի` չպետք է շեղվել հանձնաժողովի ստեղծման բուն էությունից: Նա նշեց, որ Դաշնակցությունը ոչ միայն մասնակցել է նախորդ հանձնաժողովի աշխատանքներին, այլ նաև հայտնել է հատուկ կարծիք:

Արծվիկ Մինասյանը Դաշնակցության անունից հայտարարեց, որ Դաշնակցություն խմբակցությունը կողմ է հանձնաժողովի ստեղծմանը, և քանի դեռ սպանության հանգամանքները բացահայտված չեն, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ փոփոխություններ մտցնել նախագծում: «Ի՞նչն ենք քննարկում: Դեպքերը բացահայտվե՞լ են, թե՞ հրաժարվում ենք դրանցից: Եթե չեք հրաժարվում, ուրեմն պետք է աշխատել հետևողականորեն: Բաց հարցերը պետք է շարունակել ու առաջ գնալ: Հա’մ ասում եք ՝ ուզում եք բացահայտվի, հա’մ էլ տեղափոխում եք այլ հարթություն այդ հարցերը: Խոսում եք չբացահայտված սպանություններից, հետո հերքում եք` ասելով, որ հանձնաժողով պետք չի ստեղծել: Չի կարելի էդքան դաժան լինել, սպանվածների հարազատներ սպասում են այդ բացահայտումներին: Կա’մ նրանց ասեք, որ հույս չունենան, և այդ ամենը չի բացահայտվելու, կա’մ էլ առաջ գնացեք բացահայտման գործում»:

Մինասյանը կարծիք հայտնեց, որ եթե կա անհրաժեշտություն լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծում, պետք է անել, բայց խնդիրը պետք է պահպանել կենտրոնում, հակառակ դեպքում` ստացվում է, որ բոլորի կողմից ԱԺ ամբիոնը օգտագործվում է ամեն ինչի համար, բացի բուն խնդրից: «Ձեր խոսքի արժեքը չեք հարգում, էս ժողովրդին ու պետությանը հարգեք: Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը` հետևողական եղեք, եկեք զբաղվենք այդ գործի բացահայտմամբ, հակառակ դեպքում` ես կարող եմ մտածել, որ հերթական անգամ շոուի համար թեմա եք ընտրել: Հավատացեք` այս շոուն ցավ է պատճառում ոչ միայն հարազատներին, այլ ցանկացած քաղաքացու»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով խոսել է գլխավոր դատախազի հետ, ով հավաստիացրել է, որ գործը գտնվում է իր վերահսկողության ներքո և հույս է հայտնել, որ ապագայում դրական տեղաշարժեր կլինեն:

Տպել Տպել