Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնն ընդունեց բանաձեւ ընդդեմ մարդու իրավունքների Եւրոպայի դատարանի դատավճռի

unnamed (1) Թուականիս փետրուարի 28, մարտի 1, 2-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագէնում տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան Համաշխարհային համագումարը (IUSY World Congress)։ Համագումարին մասնակցում էին աւելի քան 150 պատգամաւորներ։ unnamed (2)
Նշենք, որ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնն Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից միութիւն է (Socialist International)։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական և ուսանողական միութիւնների` 100 երկրներից։ Համագումարը` կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մէկ անգամ, քննում շրջանաւարտ նախագահութեան նիւթաբարոյական գործունէութիւնը, ճշտում ապագայ երկու տարուայ գործունէութեան ուղեգիծը և ընտրում նոր նախագահութիւն։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը համագումարին մասանակցեց երեք հոգանոց պատուիրակութեամբ` Արփինէ Մարտիրոսեան` Շուեդիա, Սարինէ Աբրահամեան` Նիդերլանդներ և Կարապետ Շադոյեան` Աւստրիա։

Եռօրեայ նիստերի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին շրջանաւարտ նախագահութեան գործունէութեան զեկոյցը։ Ապա տարբեր յանձնաժողովներում քննարկուեց և մշակուեց կազմակերպութեան յառաջիկայ երկու տարիների գործունէութեան ուղեգիծը։

Լիագումար նիստում ներկայացուեցին մի քանի կազմակերպութիւնների կողմից ներկայացուած բանաձևեր։ Մասնաւորապէս Հ.Յ.Դ. Երիտասարդականը ներկայացրեց «Բանաձև` ընդդէմ Մարդու Իրաւունքների Եւրոպայի Դատարանի դատավճռի` “Փերինչենքն ընդդէմ Շուեցարիայի” գործում»։ Համագումարը միաձայնութեամբ ընդունեց բանաձևը։

Բանաձևում մասնաւորապէս նշուած է.-

«Դատապարտել Մարդու Իրաւունքների Եւրոպայի Դատարանի վճիռը, որը ուրացման, ատելութեան և ծայրայեղ արմատականութեան նոր դռներ է բացում,

«Դատապարտել Մ.Ի.Ե.Դ.-ի կրկնակի չափանիշները մարդկութեան դէմ գործած ոճիրները քննելու և դատապարտելու հարցում,

«Կոչ է անում Շուեցարիայի կառավարութեանը բողոքարկել Մ.Ի.Ե.Դ. դատավճիռը»
և «Կոչ է անում Թուրքիային դադարել ժխտել իր պատմական անցեալը, որով վերջինս ատելութիւն, անհանդուրժողականութիւն և տգիտութիւն է սերմանում»։

Համագումարի վերջում ընտրուեց նոր նախագահութիւն։ Կազմակերպութեան Նախագահ ընտրուեց Չիլիայից` Ֆելիպէ Խելդրէզ Սերտան, իսկ Ընդհանուր քարտուղար` Շուեդիայից ծագումով քուրդ` Էուին Ինչիրը։ Նշենք, որ Հ.Յ.Դ. Երիտասարդականը նախապէս իր պաշտպանութիւնն էր յայտնել երկու թեկնածուներին։

Ստորև ներկայացնում ենք բանաձևն ամբողջութեամբ։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
Երևան

04.Մարտ.2014 թ.

ԲԱՆԱՁԵՒ ԸՆԴԴԷՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ «ՓԵՐԻՆՉԵՆՔՆ ԸՆԴԴԷՄ ՇՈՒԵՑԱՐԻԱՅԻ» ԳՈՐԾՈՒՄ
Արդարութիւնը նախապայման է բոլոր առողջ, ժողովրդավար և ընկերվար հասարակութիւնների համար։ Արդարութիւնն այն հիմնասիւնն է, որն անհրաժեշտ է աւելի լաւ աշխարհ կառուցելու համար և, բոլորիս պարտականութիւնն է ամուր պահել այս գաղափարը։
Արդարութեան և ճշմարտութեան ուրացումը քայքայիչ ուժ է։ Ցեղասպանութեան, զանգուածային սպանութիւնների և մարդկութեան դէմ գործած յանցագործութծիւնների մերժումն ինքնին յանցանք է, որը, փաստացիօրէն, քաջալերում է յանցագործների անպատժելիութիւնը։
Անպատժելիութիւնը ճանապարհ է հարթում աւելի շատ յանցագործութիւնների, աւելի շատ բռնութեան և առաւել շատ ժխտման համար։
2013 թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ, Մարդու Իրաւունքների Եւրոպայի Դատարանը (Մ.Ի.Ե.Դ.) բաւարարեց թուրք քաղաքական գործիչ Փերինչեքի հայցն ընդդէմ Շուեցարիայի դաշնային դատարանի վճռի, որով դատարանը մեղաւոր էր ճանաչել Փերինչեքին Հայոց Ցեղասպանութիւնը «միջազգային սուտ» անուանելու համար։
Ցեղասպանութեան ժխտումը, ըստ Շուեցարիայի դաշնային օրէնքի, քրէօրէն պատժելի է։
Նման որոշումը ճանապարհ է բացում նոր հակահայկական հռետորութեան և Եւրոպայում թուրքական ծայրայեղական շարժումներ ծաւալելու համար։
Ժողովրդավար հասարակութիւնները չպէտք է ազդուեն օտարերկրեայ բռնապետական և ազգայնական պետութիւնների արտաքին քաղաքականութեան հետևանքով, մանաւորապէս, երբ այս երկրները մարդու իրաւունքների և ժողովրդավարութեան հարցերում հսկայական լուրջ խնդիրներ ունեն։
Խօսքի ազատութիւնը և ատելութեան քարոզչութիւնը իրարամերժ հասկացութիւններ են և չեն կարող փոխկապակցուել։
Եւրոպայի Մարդու Իրաւունքների Դատարանի այս որոշումը հակասական է իր բնոյթով և, հարց է առաջանում, թէ արդեօք դատարանը տարբերակում է խօսքի ազատութիւնը և մարդկութեան դէմ գործած յանցագործութեան ուրացման մեխանիզմներրը։
Այսու, ուզում ենք ձեր ուշադրութիւնը հրաւիրել հետևեալին.-
Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնը (IUSY) բազմիցս յստակ դիրքորոշում է ցոյց տուել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման հարցում, ուստի, Հ.Յ.Դ. Երիտասարդականը կոչ է անում Ը.Ե.Մ.Մ.-ին և բոլոր քոյր կազմակերպութիւններին.-
• Դատապարտել Մարդու Իրաւունքների Եւրոպայի Դատարանի վճիռը, որը ուրացման, ատելութեան և ծայրայեղ արմատականութեան նոր դռներ է բացում,
• Դատապարտել Մ.Ի.Ե.Դ.-ի կրկնակի չափանիշները մարդկութեան դէմ գործած ոճիրները քննելու և դատապարտելու հարցում,
• Կոչ է անում Շուեցարիայի կառավարութեանը բողոքարկել Մ.Ի.Ե.Դ. դատավճիռը,
• Կոչ է անում Թուրքիային դադարել ժխտել իր պատմական անցեալը, որով վերջինս ատելութիւն, անհանդուրժողականութիւն և տգիտութիւն է սերմանում։

Տպել Տպել