«Անկեղծ» վարչապետի բնակարանում ի՞նչ կայ

ԹՈՒՐՔԻԱ

tuqiaԴեկտ. 17-ին էր, երբ միջազգային լրատւամիջոցները մեծ աղմուկով լուրեր սփռեցին մի դէպքից, որը վերաբերում էր Թուրքիայում կաշառակերութեանը եւ փողալւացմանը:

Թուրքիայի ոստիկանութիւնը կարողացել էր յայտնաբերել կաշառակերների հսկայ ցանց, որի մէջ էին գլխաւորաբար երկրի իշխանաւորների երեխաները: Ձերբակալւեցին 52 հոգի՝ կառավարութեան դահլիճի երեք նախարարների տղաները (տնտեսութեան նախարար, ներքին գործերի նախարար եւ բնապահպանութեան նախարար): Իւրաքանչիւրի բնակարանում ոստիկանութիւնը գտաւ մէկ միլիոն դոլարից աւելի գումար, ձերբակալւեց պետական «Հալք բանկ»-ի տնօրէնը, որի բնակարանում յայտնաբերւել էր 4.5 միլիոն դոլար, ձերբակալւեցին թուրք յայտնի մի քանի բիզնեսմէններ եւ պետական պաշտօնեաներ…140312b01a

Նոյն օրը, այսինքն՝ դեկտ. 17-ին, վարչապետ Էրդողանը տեղեկանալով այդ լուրից՝ զանգահարում է տղային. ահա հօր եւ որդու հեռախօսազրոյցը, որն արձանագրւել է առ. ժամը 8.02-ին.
Էրդողան – Տո՞ւնն ես, տղաս:
Բիլալ (Էրդողանի որդին – Այո, պապ:
Է.- Այս առաւօտ մի գործողութիւն է տեղի ունեցել, ձերբակալւել են… տղաները նրանց բնակարանները խուզարկւել են. հարցը վերաբերում է կաշառակերութեանը:
Բ.- Այո՞, ուրե՞մն:
Է.- Արա, այն ինչ հիմա ասում եմ՝ տնից դուրս կը տանես ինչ որ ունես. եղա՞ւ:
Բ.- Ես ինչ ունեմ որ պապ. ամէն ինչ քո չհրկիզւող պահարանում:
Է.- Ես էլ հէնց դրանց մասին եմ խօսում, հիմա քրոջդ էլ կուղարկեմ, որ գայ քեզ օգնի:
Բ.- Ի՞նչ պիտի անեմ դրանց հետ, որտե՞ղ ուղարկեմ:
Է.- Պիտի ուղարկես որոշ տեղեր. որոշւած տեղեր…
Նոյն օրը հայր եւ որդի ունենում են չորս հեռախօսազրոյց, որի ընթացքում խօսում են ինչ-որ գումարներ Էրդողանին պատկանող հինգ բնակարաններից ինչ-որ տեղեր եւ անձանց ձեռքը փոխանցելու եւ այդ բոլորը իրականացնում են յաջողութեամբ, ու այդ զրոյցներում խօսւում է մի քանի տարբեր գումարների մասին, մէկը 30 միլիոն եւրօ, մէկը 25 միլիոն դոլար, 750 հազար դոլար եւ 300000 թրք. լիրայի տնից դուրս փոխադրելու մասին:
* * *
Անցեալ շաբաթ մի այլ հեռախօսազրոյց յայտնաբերւեց, որտեղ հայր (վարչապետ Էրդողան) եւ տղայ (Բիլալ) խօսում են մի այլ գումարի մասին: Գումարը 10 միլիոն դոլարի հարցն է, որ մի թուրք բիզնեսմէն՝ Սըթքը Աւան անունով, խոստացել է տալ Էրդողանին, ի դիմաց այն բանի որ իբրթէ Էրդողանը նրան յանձնի 11.5 միլիարդ դոլարանոց մի նախագիծ՝ նաւթի խողովակաշար հիմնելու համար:
Այս հեռախօսազրոյցում Էրդողանը իր տղային ասում է, որ այդ 10.000.000 դոլարը չվերցնես պրն. Աւանից, քանի որ բաւարար չէ…
Բիլալ – Պապ, երէկ, Սըթքըն եկաւ, ասաց, որ էդ 10-ը կարող է փոխանցել մեզ, որտեղ որ մենք ուզենք…
Էրդողան – Ոչ, ոչ, չվերցնես այդ գումարը:
Բիլալ – Շատ լաւ, չեմ վերցնի, բայց ես չգիտեմ, թէ ինչ պիտի անեմ հիմա:
Էրդողան – Նա մեզ աւելին է խոստացել, եթէ կը բերի իր խոստացած գումարը, թող բերի, այլապէս՝ պէտք չէ. ուրիշները կարող են այդ գումարը մեզ եւս տալ. ինչ է մտածել այդ մարդը. մտահոգ մի եղիր:
Բիլալ – Եղաւ, պապ:
* * *
Էրդողանը որպէս Թուրքիայի վարչապետ՝ երեք շրջան է, որ ղեկավարում է երկիրը՝ 2002-ից մինչ հիմա: Առաջին շրջանում իր ընտրութեան քարոզարշաւներում ժողովրդի մօտ ունեցած իր ճառերի ընթացքում խոստացել էր, որ պայքարելու է երկրում գոյութիւն ունեցող կաշառակերութեան դէմ, վերացնելու աղքատութիւնը՝ երկրում եւ աւելի ազատութիւններ շնորհելու հասարակութեանը եւ նման «անկեղծ» խոստումներ… այժմ անցնում է 11 տարի այդ օրւանից…
* * *
Գերմանիայում աշխատում է «Թրանսփարընսի ինթըրնաշնըլ» կազմակերպութիւնը (www. transparency international.org), որը ուսումնասիրում է աշխարհի տարբեր երկրներում գոյութիւն ունեցող կաշառակերութեան չափը: Ըստ այդ կազմակերպութեան տւեալների՝ Թուրքիան 2002-ին (դեռ Էրդողանը վարչապետ չէր) աշխարհի 102 երկրների մէջ գրաւում էր 64-րդ տեղը՝ կաշառակերութեան տեսակէտից, իսկ 2013-ին 177 երկրների մէջ Թուրքիան գրաւում էր 53-րդ տեղը:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել