Հոլանդիայի հայկական համայնքը ՄԻԵԴ-ից Փերինչեքի գործով արդար վճիռ է ակնկալում

logoՀՅԴ Հայ դատի Հոլանդիայի հանձնախումբը լավատես է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կվերանայվի Հայոց Ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի վերաբերյալ որոշումն ու արդար դատավճիռ կկայացվի: «Այժմ պետք է սպասենք Գերագույն պալատի որոշմանը, այսինքն`դեռ մի արգելք այստեղ կա, պետք է Գերագույն պալատը հարցն անցկացնի, այնուհետև այն վերանայվի ու վճիռ կայացվի: Ես լավատես եմ, բայց շատ մեծ հույս չպետք է կապել այս որոշման հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ղեկավար Մասիս Աբրահամյանը:

Նրա խոսքով` հարցը բարոյականության դաշտում է, քանզի յուրաքանչյուր մարդ գիտի, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է ու այն ժխտելն` անբարոյականություն: «Կարծում եմ, որ եթե գործը վերանայման ենթարկվի, մենք հավանական ենք համարում, որ ազնիվ մարդկանց մոտ այդ զանգը կհնչի, որ բարոյականության հարցը այդպես թեթև չես կարող դատական ինչ-որ գործընթացի ենթարկել և ընդամենը ասելով, որ մարդու խոսքի ազատությունը սահամանփակում է, նման վճիռ կայացնել»,-շեշտեց Մասիս Աբրահամյանը:

Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը կարծում է, որ եթե նույնիսկ եվրոպական դատարանը վերջ ի վերջո ի վնաս հայերի որոշում կայացնի, չպետք է հուսալքվել, քանի որ անելիքները շատ են: «Այս վիճաբանությունը, թե, արդյոք, մարդու խոսքի ազատության իրավունքն է կարևոր, թե ցանկացած ցեղասպանության ճանաչումը, ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում քննարկվում է, և պետք է տեսնենք, թե որն ավելի ծանր կշիռ կունենա»,-եզրափակեց Մասիս Աբրահամյանը:

Անի Նազարյան

armenpress.am

Տպել Տպել