Վերջնական ելքը չպետք է թողնել այնտեղ, որ հասարակության համբերությունը հատի

Արծվիկ Մինասյանը՝ «կուտակայինի» դեմ ընդվզման մասին

ԱրծվիկԱզգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չի կարծում, բայց նաև` չի բացառում, որ ապրիլին ԱԺ նիստերի սակավությունը պայմանավորած է նրանով, որ իշխող մեծամասնությունը փորձում է «նոսրացնել» առաջիկա ամիսը՝ թույլ չտալով խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել՝ մարտի 28-ից հետո ակնկալվող` «կուտակայինի» հետ կապված ընդվզումներին ընդառաջ։

Նա հարց է հնչեցնում՝ ո՞վ է իրավունք տվել ներկա Կառավարությանը և ԱԺ-ին՝ ապագա բոլոր կառավարությունների ու խորհրդարանների փոխարեն անվերադարձ որոշումներ ընդունել. այդ բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։

-Պարո´ն Մինասյան, Ազգային ժողովը մարտ ամսին աշխատեց հատուկ ռեժիմով, երկու նիստ՝ մեկ ամսվա ընթացքում, որպեսզի ապրիլ ամսվա վերջին միայն մեկ նիստ լինի, միայն ապրիլի 28-ից է նիստ գումարվելու։ Մամուլը գրեց, որ նիստերի տեղափոխությունը պայմանավորած է նրանով, որ իշխող մեծամասնությունը փորձում է «նոսրացնել» առաջիկա ամիսը` թույլ չտալով մարտի 28-ից հետո ակնկալվող` կուտակայինի հետ կապված ընդվզումներին ընդառաջ օգտագործել խորհրդարանական հարթակն ու ամբիոնը։ Դուք նո՞ւյնպես նման համոզմունք ունեք, որ այդ պատճառով են նիստերը տեղափոխվել։

-Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված, բայց չեմ էլ բացառում. բոլոր դեպքերում մեր գործողությունները չեն կասեցվելու՝ անկախ նրանից` հերթական նիստեր կլինե՞ն, թե՞ չէ։ Ազգային ժողովի ամբիոնն օգտագործելու տարբեր ձևեր կան, այդ թվում` արտահերթ նիստեր հրավիրելու, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

-ԱԺ հարթակն օգտագործելն առավելությո՞ւն է տալիս։

-Միանշանակ, պետք է օգտագործել, և այս դեպքում առավելություն կտա։

-Պարո´ն Մինասյան, Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մարտի 22-ին «Դ!եմ եմ»-ի նախատեսված հանրահավաքին իշխանություններին Մայդան է ցանկանում։ Դուք նման զարգացումներ տեսնո՞ւմ եք։

-Ես կարծում եմ, որ պարոն Բագրատյանը չասաց, որ Մայդան է ցանկանում, ասաց՝ Մայդա՞ն եք ուզում։ Եթե նման կեցվածք է ցուցաբերում իշխանությունը՝ անտեսելով ու արհամարհելով, չեն բացառվում նաև նման զարգացումներ։ Ի դեպ, ասեմ, որ բոլորը Մայդանը բացասական ընկալումներով են փորձում ներկայացնել, բայց ասեմ, որ նպատակը դա չէ, նպատակն այն է, որ հասարակությունը դուրս կգա փողոց և չի հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ իր պահանջը չի կատարվել, ոչ թե միայն բռնությունների դրսևորումներ լինեն։ Ամեն ինչ շատ պարզ է՝ Մայդանը մինչ բռնությունները Ուկրաինայում համարվում էր խաղաղ ցույց ու խաղաղ ընդվզում, և իշխանություններին ուղղված պարոն Բագրատյանի խոսքը դրա մասին էր, որ վերջնական ելքը չպետք է թողնել այնտեղ, որ հասարակության համբերությունը հատի։

-Տեսակետներ են հնչում, որ պարտադիր կուտակային վճարը կարող է հարկի կարգավիճակ ստանալ։ Հնարավո՞ր է նման բան։

-Ինձ թվում է դա մանիպուլյացիա է, որ փորձ է արվում ներկայացնել՝ շատ պարզ պատճառով. առաջին, որ այս համակարգին այլընտրանք բազմաթիվ տարբերակներ կան, և ցանկացած նման տարբերակի մասին հայտարարությունը կարող է շարժման մեջ որոշակի պառակտումներ առաջացնել, որովհետև կան մարդիկ, որոնք կընդունեն այդ տարբերակները, կան մարդիկ, որոնք չեն ընդունի, բայց մեր խնդիրը հիմա չենթարկվելն է այդ մանիպուլյացիաններին։ Թե ի՞նչ է մտածում Կառավարությունը, կամ ի՞նչ է անելու, դա այս պահի խնդիրը չէ։ Այս պահի գլխավոր խնդիրն այն է, որ պարտադիր բաղադրիչը, որը գնահատվում է որպես բացասական՝ դուրս մղվի, կամ վերացնելու միջոցով, կամ անժամկետ հետաձգելու միջոցով, որից հետո կարող ենք քննարկել ցանկացած տարբերակ, բայց տարբերակների քննարկումը, որը մեր հաշվարկներով 10-15 սցենարներ է ենթադրում, ոչ միան մասնագիտական հանրային քննարկման արդյունքում պետք է լինեն, այլ նաև՝ ամենակարևորն է, վերջնական ընդունումը պետք է պայմանավորվի հանրաքվեի մեխանիզմը գործադրելու միջոցով։ Առանց հանրաքվեի հնարավոր չէ ապագա սերունդների, ապագա կառավարությունների ու ԱԺ-ների իրավունքների սահմանափակման մասին նման կարգի որոշում ընդունել։ Պարզ է չէ, ո՞վ է իրավունք տվել ներկա Կառավարությանը և ԱԺ-ին ապագա բոլոր կառավարությունների ու ԱԺ-ների փոխարեն անվերադարձ որոշումներ ընդունել։ Դրա բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով, ընդ որում՝ ժողովուրդը սահմանադրական այդ իրավունքը իրականացնելուց զատ, ինքը կարող է հանրաքվեով իրականացված այդ օրենքը փոփոխության ենթարկել։

-Պարոն Մինասյան դո՞ւք էլ եք կարծում, որ համակարգով նախատեսվում է ընդամենը 6-8 տարի թոշակ բաժանել, իսկ պարտադիր կարգով գումարներ կուտակել 45 տարի և դա արդարացված չէ։

-Գիտեք այս համակարգի թերություններն այնքան շատ են, որ ինչ քննադատություն էլ ասես, հնչելու է։ Խնդիրը միայն այն չէ, որ 6 տարի, կամ 8 տարի կամ 10 տարի կտրվածքով է, խնդիրն այն է, որ այսօր տնտեսական աննպատակահարմարությունը՝ թե անձերի, անհատի մակարդակով է, թե պետության։ Անձի մակարդակով, պարզ օրինակ, երբ դուք պարտադրում եք քաղաքացուն կատարել խնայողություն, կուտակում և պարտադրում եք, որ նա կատարի ներդրում էականորեն ավելի ցածր տոկոսադրուքով, քան, օրինակ, ավանդների տոկոսադրույքն է, դրանով դուք պատճառում եք վնաս քաղաքացուն, անհատին։ Մյուս կողմից, երբ որ դուք պարտադրում եք քաղաքացուն կատարել խնայողություն կամ չկատարել այդ ծախսումները, որոնք, օրինակ, նախատեսված են 12-14% հիփոթեքային վարկերի վճարման կամ ավելի բարձր բիզնես կամ այլ սպառողական վարկերի դեպքում՝ ստացվում է, որ քաղաքացուն ստիպում եք, որ ինքը վնաս կրի։ Ստացվում է, որ ինքը այդ գումարը պետք է հանի, որպեսզի գնա առևտրային միջնորդներին՝ բանկերին վճարի ավելի թանկ տոկոսով, նույն գումարի չափով գոնե, սա էլ է ստացվում աննորմալություն։ Եվ հետո, մյուս կողմից պետությունն էլ է վնաս կրում՝ մեր նախնական հաշվարկներով, պարտադիր կուտակային այս համակարգը տեսական աճը նվազեցնելու է նվազագույնը 1,5-ից 2%–ով։ Այսինքն, եթե մենք պատկերացնենք, որ 3.5 տնտեսական աճ է կանխատեսվում, համակարգի պատճառով նվազելու է՝ դառնալով 1,5 կամ 2 մաքսիմում։

-Որովհետև գումարները երկրից դո՞ւրս են գալիս։

-Այո , որովհետև անգամ արտարժութային 60%-ի սահմանափակման պայմաններում, գումարները հոսելու են դուրս և այդ գումարները չեն ծառայելու ազգային տնտեսության զարգացմանը։ Այլ կերպ ասած՝ Կառավարությունը սրանով նպաստելու է, որ տնտեսությունը նույնպես էականորեն չաճի կամ էլ առաջընթաց չունենա, արդյունքում վնասելով այն խնդիրների լուծմանը, որ ինքն ի սկզբանե հայտարարում էր՝ աշխատողների թիվն է պակաս, վճարողների թիվն է պակաս, և աշխատավարձը չի բավարարում, որ դրանց կատարվող պարտադրիր հարկման համակարգը ապահովի արժանապատիվ թոշակների վճարում։

-Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ հիմնական բացն այն է, որ գումարները դուրս են գալու այլ երկրներում գրանցված ֆոնդեր։ Եվ հետո, եթե Կառավարությունը հանկարծ քննարկի ու որոշում ընդունի, որ դուրս չեն գա այդ գումարները և կծառայեցվեն ազգային շահին, դա կարո՞ղ է որոշակիորեն փոխել համակարգի նկատմամբ տրամադրվածությունը։

-Ոչ, հիմնական բացերը շատ են։ Սա բացերից մեկն է։ Բազմաթիվ բացեր կան, սկսած նրանից, որ քաղաքացու վրա ընկնող բեռնվածությունն անհամաչափ է և նպատակային չէ, ավարտված նրանով, որ այդ գումարներն ի վերջո չեն ծառայելու թե ներկա, թե ապագա սերունդների բարեկեցության բարձրացմանը, պետության հզորացմանը։ Մի կառավարություն, որն ասում է՝ ժողովո՛ւրդ, պետության վրա հույս մի դրեք ու դրա համար կուտակումներ արեք, այդ կառավարությունն իրավունք չունի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու, սա է խնդիրը։ Երբ որ Կառավարությունն ասում է՝ դուք ձեր գլխի ճարը տեսեք, որպեսզի 40 տարի հետո լավ թոշակ ստանաք, ստացվում է, որ այդ կառավարությունն ասում է՝ պետության հետ հույսեր մի կապեք, պետությունը չունի այդ հնարավորությունը, որպեսզի ձեզ թոշակ տա, այսինքն՝ կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության կարողունակությունը, ապագան։ Ես զարմացած եմ, որ իշխանության շատ ներկայացուցիչներ այս մոտեցումն ընդունում են որպես ճշմարիտ մոտեցում. նշանակում է՝ իրենք էլ անելիք չունեն։

tert.am

Տպել Տպել