ՀՀ գլխավոր հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված ասուլիսին

hrayrՍանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունները և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիսին բացման խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունները և համագործակցության ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշել է նաև, որ Հայաստանի դպրոցներում և բուհերում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերենի ուսուցմանը:

Այնուհետև ելույթ են ունեցել Սանկտ Պետերբուրգում Հունաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Շվեցիարիայի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսները, ովքեր, մասնավորապես, իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ գլխավոր հյուպատոսին` մասնակցության և օժանդակության համար, ինչպես նաև ներկայացրել են իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության սույն թվականին անցկացվելիք ծրագրերը, որոնք ընդգրկում էր կինոփառատոն, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերենի մրցույթներ և վիկտորինաներ, գիտական կոնֆերանսներ, թատերական բեմադրություններ, հանդիպումներ գրողների և կինոռեժիսորների հետ: Հանդիպման վերջում մասնակիցները պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

armenpress.am

Տպել Տպել