ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ

logo-AMN«Ալ Նուսրա» եւ «Ալ Իսլամի»ե խմբավորումների՝ Քեսապի վրա իրականացված գրոհը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Մարտերի ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով օդ բարձրացած սիրիական ռազմական ինքնաթիռներից մեկը խփվել է թուրքական օդուժի կողմից։ Այդ երկրի հետ սահմանակից Քեսաբի վրա հարձակումը սկսվել էր դեռեւս մարտի 21-ին։ Իրավիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո անակնկալ կերպով տրվել էր շտապ տարհանման հրաման։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ամիսներ շարունակ զգուշացրել ենք միջազգային հանրությանը ծայրահեղական զինյալների կողմից Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությանն ուղղված սպառնալիքի մասին: Հայաբնակ քաղաքում եւ Քեսաբի գյուղերում այս հարձակումները բռնության վերջին օրինակներն են, որոնք ակտիվորեն խրախուսվում են հարեւան Թուրքիայի կողմից: Մենք կոչ ենք անում Սիրիայի հակամարտության վրա որեւէ ազդեցություն ունեցող պետություններին գործադրել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դադարեցվեն Քեսաբի խաղաղ բնակչության վրա հարձակումները, եւ նրանք կարողանան ապահով վերադառնալ իրենց տներ: Վերջին հարյուր տարվա ընթացքում սա արդեն երրորդ անգամ է, որ հայերը ստիպված են լինում լքել Քեսաբը եւ երրորդ անգամ է, որ ագրեսորը կամ ագրեսորի կողքին կանգնածը Թուրքիան է»:

Քեսաբը Թուրքիային սահմանակից հայաբնակ ամենամեծ բնակավայրն է, եւ միշտ էլ եղել է Թուրքիայի թիրախում, դեռեւս մինչեւ սիրիական հակամարտության սկիզբը։ Նշված իրադարձություններում Թուրքիայի մեղսակցության մասին հայտարարություն է արել նաեւ ՄԱԿ-ում Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչը։

Տպել Տպել