Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի

արծվիկԱԺ նիստում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է օրենքի ընդունումը, թեև այն ուշ է ներկայացվել կառավարության կողմից: Կաևորում է օրենքը, որովհետև մինչ օրս չենք ունեցել պետական գույքի կառավարման մասին հիմնարար օրենք: Սակայն, ըստ պատգամավորի, օրենքի նախագիծը թերի է, դրանում կան հակասություններ: Խոսքը վերաբերում է բացառություններին: «Եթե սա պետական կառավարման մասին է, ինչո՞ւ ենք բացառություններ սահմանում հողամասերի, ընդերքի, ջրերի և անտառների մասով: Ո՞րն է տրամաբանությունը: Պետությունը չունի իր ակտիվների ու գույքի ամբողջական ցանկ, որ տեսնի, թե իր հարստությունը ինչքան է, ինչպես է կառավարվելու ու որքան է գնահատվում: Այս օրենքի մեջ բացառությունները պետք է հանվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ հաշվառման հիմքը գնահատումն է, այնինչ` ոչ ոք այսօր չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի: «Կառավարման սկզբունքների ամրագրման մեջ է մյուս խնդիրը: Այնպես չէ, որ պետությունը մասնավորին է տալիս իր գույքը որևէ գումարի դիմաց:

Այդ առումով, միջազգային փորձն ունի լավ տարբերակ` պետական լիազորությամբ օժտված մարմինը մասնավորին կարճ ժամանակով ու մրցութային կարգով կառավարման է տալիս պետական գույքը, հետո հետևում է, թե ինչ արդյունավետությամբ է մասնավորը կառավարում, որից հետո նոր կնքում է նրա հետ երկարաժամկետ պայմանագիր: Բայց այս օրենքում ես չտեսա նման սկզբունքներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ օրենքով նաև հստակ չեն կանոնակարգվում պետական գույքի օտարման խնդիրները, ուստի պետք է վերանայել օրենքի նախագիծը:

Տպել Տպել